ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
               ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
                   պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-631-09.10.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական ծառայության տրամադրումն իսկապես դրա կարիքն ունեցողին, համարժեքությանը` կարիքին համարժեք սոցիալական ծառայության տրամադրումը, սոցիալական խնամառության բացառմանը` անձի ակտիվության դրuեւորման եւ ինքնoգնության ունակությունների զարգացումը` uոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար: Մինչդեռ օրենքի նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում` դրամական օգնություն, ընդ որում, այն չափով, որ բազմազավակ ընտանիքների չափահաս անդամների մեջ հնարավոր է առաջացնի կախվածություն տվյալ օգնությունից եւ նվազեցնի աշխատելու ցանկությունը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարելու «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին», «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

Օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: Միայն առողջապահության ոլորտի լրացուցիչ ծախսերը կկազմեն շուրջ 415,0 մլն դրամ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, գնահատելով բարձրացված խնդրի կարեւորությունը, հարկ է համարում նշել, որ բազմազավակ ընտանիքներին տրվելիք արտոնությունների առաջնահերթությունն ունի լուրջ ուսումնասիրության կարիք, եւ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բազմազավակ  ընտանիքների հիմնական կարիքների գնահատման, սոցիալական խնդիրների վերհանման հետազոտություն, որի արդյունքում կներկայացվեն բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների առաջնահերթ լուծման վերաբերյալ գործնական առաջարկություններ` համապատասխան ֆինանսական գնահատականներով:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ողջունելով օրենքի նախագծի հեղինակների նպատակադրումները, օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության հետ համագործակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակներում բազմազավակ ընտանիքների սոցիալական եւ բարոյահոգեբանական աջակցության հետագա ընդլայնմանը միտված կոնկրետ առաջարկությունների համատեղ  մշակման աշխատանքներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը, որոնց համար կպահանջվի շուրջ 6 ամիս՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բազմազավակ ընտանիքների ու բազմազավակ մայրերի համար սահմանված սոցիալական աջակցության տրամադրումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) 5-րդ հոդվածի 3-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի նմուշը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) 6-րդ հոդվածի 6-րդ մաս՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

4) 7-րդ հոդվածի 5-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, բնակարաններ տրամադրելու, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու եւ դրանք սուբսիդավորելու կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն բնակչությանը մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիության բարձրացման մասով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման քաղաքականության հիմնադրույթները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է բազմազավակ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, լրացուցիչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ ծնելիության մակարդակի աճին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ բազմազավակ ընտանիքները չեն հաշվառվում ընտանեկան նպաստի համակարգում, իսկ 6-րդ հոդվածի մյուս մասերում, 7-րդ եւ 8-րդ հոդվածներում թվարկվում են բազմազավակ ընտանիքներին տրվող սոցիալական աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման տեսակները (օրինակ` յուրաքանչյուր երեխայի համար մինչեւ 18 տարին լրանալը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն, բազմազավակ ընտանիքներին առանձին հանրային ծառայությունների դիմաց վարձերը վճարելու համար ամենամյա օգնություն եւ այլն), որոնք 2016 թվականից բերում են ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխության (առաջին դեպքում` ծախսերի նվազեցմանը, իսկ մյուս դեպքերում` ավելացմանը), որի կոնկրետ չափը հայտնել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Բացի այդ, վերոգրյալ նպատակներով համապատասխան միջոցներ նախատեսված չեն ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե օգնության վերոնշյալ գումարները տրամադրվելու են որպես ՀՀ օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված դրամական օգնության կամ օժանդակության գումարներ, ապա Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված դրամական օգնության կամ օժանդակության գումարները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ (եկամտային հարկով չեն հարկվում):