ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-641-16.10.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով նախատեսվում է երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, ընդ որում չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ: Բացի դրանից, երեխայի խնամքի նպաստի իրավունքն առաջարկվում է պահպանել մինչեւ նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, իսկ զույգ եւ ավելի ծնված երեխաներինը՝ մինչեւ նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը (ներկայումս երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողի վրա 2 տարի ժամկետով):

Նախագծի ընդունումը բերում է ինչպես շահառուների թվի ավելացման, այնպես էլ նպաստի ժամկետի երկարացման եւ հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 15,679.44 մլն դրամ:

Այսպես, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն` նպաստառու ընտանիքների (երեխաների) թիվը նախատեսված է 11.200, իսկ մեկ երեխայի խնամքի նպաստի չափը` ամսական 18,0 հազ. դրամ: Ուստի 2015 թվականին այս նպատակի համար նախատեսվել է 11.200 երեխա x 18,000 դրամ x 12 ամիս=2,419.2 մլն դրամ (առանց վճարման ծառայության):

Ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած վիճակագրական տվյալների` 2013 թվականի եւ 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է համապատասխանաբար 41.790 եւ 19.401 (2014 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը կանխատեսվում է շուրջ 42.000): 2015 թվականի ընթացքում մինչեւ երկու տարեկան երեխաների թիվը կանխատեսվում է շուրջ 83.790 (41.790+42.000=83.790):

Այդ դեպքում 2015 թվականին մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կունենա նախատեսվածից 72.590-ով ավելի երեխա (83.790-11.200=72.590): 2015 թվականից` նպաստի չափը 18.0 հազ. դրամի չափով պահպանելու պարագայում, մեկ տարվա համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցները կկազմեն` 15,679.44 մլն դրամ [(83.790 երեխա x 18,000 դրամ x 12 = 18,098.64 մլն դրամ) - 2,419.2 մլն դրամ=15,679.44 մլն դրամ]:

Իրականում կպահանջվի ավելին, քանի որ նախագծով նախատեսվող զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում նպաստը մինչեւ 2 տարեկան 6 ամսականը վճարելու համար պահանջվող գումարը հաշվարկված չէ, համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով:

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածներում եւ 7-րդ գլխի վերնագրում, քանի որ տվյալ տեսակի նպաստն արդեն չի կարող կոչվել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ:

Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված «իսկ չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ» դրույթն անընդունելի է, քանի որ երեխայի խնամքի նպաստը տրվում է երեխայի խնամքի, այլ ոչ թե հղիության համար:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, ծննդյան միանվագ եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացումն ապահովելու եւ բնակչությանն առավել նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով մշակել եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (Կ-622 եւ Կ-6221-5 ), համաձայն որի հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի եւ սահմանվել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ նշված Հայաստանի Հանրապետության
կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, ընդ որում չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ: Բացի այդ, երեխայի խնամքի նպաստի իրավունքը առաջարկվում է պահպանել մինչեւ նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, իսկ զույք եւ ավելի ծնված երեխաներինը, մինչեւ նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը (ներկայումս երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողի վրա 2 տարի ժամկետով):

Նախագծի ընդունումը բերում է ինչպես շահառուների թվի ավելացման, այնպես էլ նպաստ տալու ժամկետի երկարացման եւ հանգեցնում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերոգրյալ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով:

Բացի այդ, Նախագծի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: