ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-643-20.10.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով տեղափոխելու կարգը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները կարող են ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով տեղափոխել ոչ թե մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով, այլ մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ՝ երեսուն օրը չգերազանցող ժամկետով:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» պայմանագրի ստորագրմամբ պայմանավորված, ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը ԵԱՏՄ-ի մաքսային օրենսդրությանը մոտարկելու համար: Այդ աշխատանքների շրջանակներում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետությունում կիրառության մեջ դնել ԵԱՏՄ-ի միասնական մաքսային օրենսգիրքը: Միաժամանակ, այն մաքսային հարաբերությունները, որոնք, ԵԱՏՄ-ի միասնական մաքսային օրենսգրքի համաձայն, կարող են կարգավորվել անդամ երկրների ազգային օրենսդրությունների շրջանակներում, նախատեսվում է կարգավորել ներկայումս մշակվող «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով:

Բացի դրանից, պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը միանալու է ԵԱՏՄ-ի շրջանակներում կնքված մի շարք միջազգային համաձայնագրերի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման հետ կապված հարցերը կարգավորող համաձայնագրին, որով նախատեսված են այլ կարգավորումներ: Այս առումով՝ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կարող է ինքնանպատակ լինել:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի խնդրո առարկա կարգավորումը ներդրվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-25-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ից), եւ կատարված օրենսդրական փոփոխության նպատակը եղել է հատկապես այլ պետություններում գրանցված ավտոմեքենաներն առանց մաքսազերծման՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հետ կապված չարաշահումների հնարավորությունների սահմանափակումը: Մինչդեռ օրենքի նախագծի ընդունումը նկատելիորեն կընդլայնի այսպիսի չարաշահումներ կատարելու հնարավորությունները:

Օրենքի նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված նկատառումները նույնպես համոզիչ չեն, քանի որ մոտակա սփյուռքում բնակվող՝ ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող մեր հայրենակիցների հիմնական մասը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի կիրառությամբ չի համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձ:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայումս նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) երկարաձգվում են ՀՀ-ում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների ՀՀ մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով տեղափոխման ժամկետները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսայինռեժիմով տեղափոխելու կարգը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները կարող են ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով տեղափոխել ոչ թե մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով, այլեւ մեկ տարվա ընթացքում միայն 4 անգամ՝ երեսուն օրը չգերազանցող ժամկետով:

Միաժամանակ, ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ ՀՀ մաքսային օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար յուրաքանչյուր մուտքի համար պետական բյուջե է վճարվում ճանապարհային վճար տասնհինգօրյա դրույքաչափերով՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների ավելացման:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: