ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  ԱրամՄանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի,Լյուդմիլա Սարգսյանի եւ Լեւոն Զուրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-708-30.01.2015-ԳԿ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման կարգերի հաստատման, ինչպես նաեւ հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:

Հարցի հետ կապված ուսումնասիրել ենք հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման կարգերը հաստատելու, հուշարձանների պետական ցուցակների հաստատման, ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ միջազգային առաջավոր փորձը՝ Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ուկրաինա: Այս պետություններում նշված գործառույթների իրականացումը վերապահված է հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարությանը կամ պետական կառավարման տարածքային մարմիններին:

Բացի դրանից՝

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի դրույթները բովանդակային առումով չեն համապատասխանում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի դրույթներին: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածը վերաբերում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններին: Առաջարկվող փոփոխությունը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը եւ  հակասում է  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին:

Օրենքի նախագծի նույն մասում նշված «սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձան» հասկացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ, ուստի, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդված 1-ին մասի պահանջները, այն հստակեցման կարիք ունի.

2) 2-րդ մասի հետ կապված հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարգերը կարող է սահմանել միայն իր լիազորությունների տիրույթում՝ օրենքով:

2. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի դրույթներով սահմանվում է, որ հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում լիազորված մարմինն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը:

Մինչդեռ նշված գիտամեթոդական կարգը ներկայացնելու կարգ օրենքով սահմանված չէ: Բացի դրանից՝ օրենքի նախագիծը, նախատեսելով գիտամեթոդական կարգը օրենքով սահմանված կարգով ներկայացնելը, չի նախատեսում որեւէ դրույթ, որով կարգավորված կլինեն գիտամեթոդական կարգը ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծում նշված չէ նաեւ, թե լիազոր մարմինը ում է ներկայացնում գիտամեթոդական կարգը:

3. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի դրույթների, ինչպես նաեւ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջեւ առկա է ներքին հակասություն:

Այսպես՝ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից բխում է, որ պետական պահպանության վերցված հուշարձանների հաշվառման կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ նախագծի 4-րդ հոդվածի դրույթներով սահմանվում են, որ հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Օրենքի նախագծում մասամբ պահպանված չեն «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում եւ գերակա խնդիրներում ներառված է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի օրենքը շարադրվում է նոր խմբագրությամբ: Այն նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգելու բնագավառի իրավական դաշտը, սահմանելու պատմամշակութային անշարժ ժառանգությանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման բնագավառի սուբյեկտների լիազորությունները եւ պարտականությունները, հնագիտական հետազոտությունների իրականացման գործընթացը, հուշարձանին վնաս պատճառելու դեպքում հնարավոր փոխհատուցման սկզբունքները  եւ այլն: Օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ:

Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառին վերաբերող միջազգային կոնվենցիաների պահանջներին եւ չափանիշներին, մասնավորապես, «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ մոտակա ժամանակներում նախատեսվում է կազմակերպել հանրային լսումներ, եւ օրենքի նախագիծը քննարկել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու կողմերի մասնակցությամբ:

Օրենքի նախագիծը ենթադրում է մշակութային քաղաքականության մեջ իշխանության տարբեր ինստիտուտների ընդգրկման եւ հանրային մասնակցության հստակ մեխանիզմներ, որոնք հստակ լուծումներ են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից բարձրացված մտահոգություններին:

Այդ կապակցությամբ օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքի նախագծի  շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  մասին եզրակացությունները:
 

 Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


Եզրակացություն
 
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն: 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` փոփոխվում են հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառի սուբյեկտները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովը ճանաչել հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառի սուբյեկտ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: