ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
 պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի եւ Նաիրա Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-714-05.02.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծում առկա են հստակեցման եւ լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ:

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է կառավարչին լրացուցիչ պարտավորեցնել կատարել հետեւյալ երկու պահանջը, այն է` ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերն ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելը եւ դրա մասին պարտատերերին պատշաճ ծանուցելը՝ հիմք ընդունելով պարտապանի կողմից կառավարչին ներկայացված պարտատերերի ցուցակը:

Նշված կարգավորման առնչությամբ առաջ է գալիս հետեւյալ հարցադրումը. ինչպիսի՞ ծանուցումն է օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն համարվում «պատշաճ ծանուցում»:

Հարկ է նշել, որ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելը ոչ միայն ծանուցման եղանակ է, այլեւ, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից ելնելով, կարող է հասկացվել որպես պատշաճ ծանուցում: Այսպես, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձին ծանուցելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաեւ ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունքով) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:

Մինչդեռ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք այլ հոդվածներով` 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 74-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 87-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը:

Այս առումով, եթե օրենքի նախագծի հեղինակները «պատշաճ ծանուցում» ասելով նկատի ունեն համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում հրապարակված հայտարարությունը,  ինչպես նախատեսված է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ, ապա պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու վերաբերյալ արդեն իսկ նշված է այս հոդվածում:

Հարկ է նշել, որ, «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաեւ կայքում:

Եթե օրենքի նախագծի հեղինակները, «պատշաճ ծանուցում» ասելով, նկատի են ունեցել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարության հրապարակումը, ապա, ելնելով «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածից, տեղեկատվությունը մամուլում հրապարակելն արդեն իսկ ենթադրում է դրա տեղադրում նաեւ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Ուստի, քանի որ օրենքի նախագծի 1-ին հոդվածով արդեն իսկ նախատեսված է համապատասխան տեղեկությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջ, ապա մնում է ենթադրել, որ  օրենքի նախագծի հեղինակները «պատշաճ ծանուցում» ասելով նկատի են ունեցել ոչ թե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը, այլ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «դ» կետի 2-րդ պարբերությունում շարադրված հետեւյալ դրույթը՝

«Պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ հանձնվում է ստացականով։»:

Որպեսզի հստակեցվի նշված հոդվածի համատեքստում «պատշաճ ծանուցում» արտահայտությունը, առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածի «դ» կետում ուղղակիորեն նշել, որ «պատշաճ ծանուցում» ասելով պետք է հասկանալ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «դ» կետի 2-րդ պարբերությունը, հակառակ դեպքում` օրենքի նախագծի 1-ին հոդվածի «դ» կետից անհրաժեշտ է ընդհանրապես հանել «պատշաճ ծանուցում» արտահայտությունը:

Բացի դրանից, օրենքի նախագծի համաձայն պարտատերերին պատշաճ ծանուցումն իրականացվում է պարտապանի կողմից կառավարչին ներկայացված պարտատերերի ցուցակի հիման վրա: Բաց է մնում այն հարցը, թե բացակայող պարտապանի դեպքում ինչպես պետք է որոշել պարտատերերի ցանկը:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է հստացնել՝

1) թե ինչպիսի՞ պայմանների առկայության դեպքում է օրենքով սահմանված ժամկետում չներկայացված՝ ավարտված սնանկության գործի շրջանակներում պարտապանի ներկայացրած պահանջը համարվում հարգելի.

2) պարտատիրոջ կողմից պահանջ չներկայացնելը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չբավարարվելու դեպքում համապատասխան դատական ակտը ենթակա՞ է բողոքարկման, թե՞ ոչ.

3) այն իրավիճակը, որը կարող է ստեղծվել դատարանի կողմից պարտատիրոջ` իր պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում: Արդյո՞ք, տվյալ պարագայում ֆինանսապես առողջացած պարտապանը կրկին չի հայտնվի սնանկության եզրին, արդյո՞ք, նման կարգավորման պայմաններում պարտապանը կնախընտրի դիմել ֆինանսական առողջացման, եւ, արդյո՞ք, դրանով չի իմաստազրկվի պարտապանի ֆինանսական առողջացման ինստիտուտը, որի նպատակը պարտապանին` որպես լիարժեք սուբյեկտ, քաղաքացիաիրավական բնականոն շրջանառություն վերադարձնելն է:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի եւ այն ընդունելի կհամարվի ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Հարկ է նշել նաեւ, որ Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության 3-րդ գործառնության (ԶՔԳ-3) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել սնանկության գործընթացի շրջանակներում պարտապանի եւ պարտատիրոջ իրավունքների եւ պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին պարտապանի կողմից կառավարչին ներկայացված պարտատերերի ցուցակի հիման վրա պարտատերերին պատշաճ ծանուցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ   լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն
««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: