ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-719-11.02.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ: 1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասում լրացում կատարելու միջոցով խնամակալություն սահմանել նաեւ առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է խնամակալություն սահմանելու 2 հիմք` դատարանով քաղաքացուն անգործունակ ճանաչելը եւ տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալություն սահմանելը: Ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում են, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմք է այնպիսի հոգեկան հիվանդության առկայությունը, որի հետեւանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Միաժամանակ պետք է նշել, որ ոչ բոլոր հոգեկան խանգարումներն են անգործունակ ճանաչելու հիմք, այլ՝ նրանք, որոնք խոչընդոտում են քաղաքացուն մասնակցել քաղաքացիական շրջանառությանը, այդ իսկ պատճառով խանգարումը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ տեւական, կայուն: Հոգեկան խանգարման հետեւանքով անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ խնամակալության սահմանումն ավելի շատ նպատակ է հետապնդում այդ անձին «պաշտպանելու» իր իսկ գործողությունների անբարենպաստ հետեւանքներից, ինչպիսին կարող է լինել, օրինակ, գործարքների կնքումը: Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ քաղաքացու նկատմամբ սահմանվում է խնամակալություն՝ այն դեպքում, երբ առկա չեն քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված խնամակալություն սահմանելու հիմքերը: Նման պարագայում առաջանում է տվյալ անձի իրավական կարգավիճակի անհստակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքով միայն քաղաքացուն անգործունակ ճանաչելու եւ նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու ընթացակարգը: Պարզ չէ, թե քաղաքացու նկատմամբ կոմայի մեջ գտնվելու հիմքով խնամակալություն սահմանելիս, արդյոք, նա ճանաչվում է անգործունա՞կ, թե՞ քաղաքացուն տրվում է այլ իրավական կարգավիճակ: Որպես օրենքի նախագծով առաջարկվող լրացման հիմնավորում` ներկայացվում են այն դեպքերը, երբ կոմայի մեջ գտնվող անձն ունի վարկային պարտավորություններ կամ որեւէ ընկերության խոշոր բաժնետեր է: Օրենքի նախագծի տրամաբանությունից ելնելով` պետք է խնամակալություն սահմանվի նաեւ անհայտ բացակայող քաղաքացու նկատմամբ, քանի որ քաղաքացու կողմից իր իրավունքների իրականացման եւ պարտականությունների կատարման անհնարինություն է առաջանում նաեւ քաղաքացու անհայտ բացակայելու պարագայում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածը, սակայն, սահմանում է, որ դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Հետեւաբար, ստացվում է գրեթե նույն իրավիճակը, քանի որ անհայտ բացակայող քաղաքացին եւս կարող է ունենալ վարկային պարտավորություններ, հանդիսանալ որեւէ ընկերության խոշոր բաժնետեր եւ այլն: Քաղաքացին անհայտ բացակայող է ճանաչվում միայն դատարանի վճռով, իսկ գույքի նկատմամբ խնամակալությունը նշանակվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա։ Կարծում ենք՝ մեկ տարի ժամկետ սահմանելը պատահական չէ, քանի որ այն նպատակ է հետապնդում պաշտպանելու անհայտ բացակայող քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որոշ դատավարական երաշխիքներ է նախատեսում այն անձանց համար, որոնց վերաբերյալ անգործունակ ճանաչելու գործ է հարուցվել: Օրենսգիրքը սահմանում է իրենց վերաբերյալ գործի քննությանը նրանց մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ դատարանի վճիռը դատական կարգով բողոքարկելու հնարավորություն, ինչը չենք կարող ասել կոմայի կամ լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող մարդու վերաբերյալ, ում մասնակցությունն իր շահերի վերաբերյալ գործի քննությանը տվյալ պարագայում բացառվում է: Հարկ է նկատի ունենալ այն, որ գոյություն ունեն «կոմա» ախտաբանական վիճակի տարբեր տարատեսակներ` պայմանավորված կոմայի հանգեցրած հիվանդությամբ կամ պատճառով: Օրենքի նախագծով կարգավորված չեն այն հարցերը, թե ինչ ընթացակարգով պետք է նշված վիճակում գտնվող անձանց նկատմամբ սահմանվի խնամակալություն, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սույն օրենքի նախագծով՝ նշված վիճակում գտնվող քաղաքացիների նկատմամբ խնամակալություն սահմանելու կարգ չի նախատեսում: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մի շարք երկրների քաղաքացիական օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ խնամակալության սահմանման հիմք է հոգեկան խանգարման հետեւանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անկարողությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր` 2009 թվականի 1642-րդ հանձնարարականում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ է անում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության պահպանման եւ նրանց կողմից որոշումներ ընդունելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը: Գործունակության սահմանափակման անթույլատրելիության միտում է նկատվում մի շարք երկրներում: Մասնավորապես, Չեխիայի Հանրապետության նոր քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 2012 թվականի փետրվարի 3-ին, սահմանում է, որ անձին այլեւս հնարավոր չէ զրկել գործունակությունից. սահմանվում է, այսպես կոչված, աջակցողի միջոցով որոշում ընդունելու մեխանիզմը` որպես խնամակալության համակարգին փոխարինող: Հաշվի առնելով շարադրվածը` գտնում ենք, որ նշված լրացումները կատարելու անհրաժեշտություն չկա: 2. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 970-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում եւ սահմանել, որ համալիր թույլտվության պայմանագրի (ֆրանչայզինգի) գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Չառարկելով առաջարկությանը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ գրանցման պահանջը պետք է լինի կողմերից մեկի պահանջով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 970-րդ հոդվածով նախատեսված համալիր թույլտվության պայմանագրի գրանցման իմպերատիվ պահանջի վերանայման հարցը: 3. Օրենքի նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարիի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել համալիր թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման կարգի սահմանումը, ինչպես նաեւ ամրագրվում են առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ խնամակալություն սահմանելու հիմքերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես` առաջարկվում է սահմանել, որ անձի կողմից երկու ամսից ավելի կոմայի կամ լեթարգիական քնի մեջ գտնվելու դեպքում նրա նկատմամբ նշանակվում է խնամակալություն: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: Նախագծով առաջարկվում է` - ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 4-րդ հոդվածը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, - կարգավորել կոմայի, լեթարգիական քնի եւ վեգետատիվ վիճակի մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ խնամակալության սահմանման եւ դրա դադարման հետ կապված հարաբերությունները, - տարընթերցումներից խուսափելու նպատակով` օրենսգրքի 305-րդ հոդվածում «անվավեր» բառը փոխարինել «վիճահարույց» բառով, - համալիր թույլտվության պայմանագրի գրանցման կարգի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ Նախագծի ընդունումն ինչպես ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, այնպես էլ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |