ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-730-26.02.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է կենսաթոշակառուի մահվան կապակցությամբ տրվող թաղման`

1)    նպաստը վճարել դիմում ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում.

2)    նպաստի չափը սահմանել առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ կենսաթոշակների եւ թաղման նպաստի վճարման գործընթացը վերջին տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այս ուղղությամբ իրականացված քայլերի շնորհիվ էապես բարելավվել է գործընթացի արդյունավետությունը:

Հարկ է նկատի ունենալ այն, որ թաղման նպաստը վճարվում է հետեւյալ փուլերով՝

1)   վճարման ցուցակի ձեւավորում (ում վճարել, որքան վճարել).

2)   գումարի վճարման գործընթացի կազմակերպում (վճարման ցուցակի եւ համապատասխան դրամական միջոցների փոխանցում վճարող կազմակերպությանը).

3)   վճարման արդյունքների ամփոփում՝ հաջորդ վճարման ցուցակը ձեւավորելու համար:

Թաղման նպաստի յուրաքանչյուր դեպքում (կամ դեպքերում) վճարման գործընթացը կազմակերպվում է նշված փուլերին համապատասխան: Փուլերից յուրաքանչյուրը ենթադրում է որոշակի պարտադիր գործողությունների կատարում, որոնք պահանջում են ժամանակ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության բանկերից մեկի հետ իրականացվում է թաղման նպաստի գումարը դիմումատուի անվամբ բացված ավանդային հաշվին մուտքագրելու միջոցով անկանխիկ եղանակով վճարելու փորձնական ծրագիր: Մասնավորապես, գումարն ստանալու համար շահառուն մեկ անգամ այցելում է տարածքային բաժին, մեկ անգամ՝ բանկ:

Փորձնական ծրագրի նպատակն է՝

1)   կրճատել նշված փուլերից (պարտադիր գործողություններից) յուրաքանչյուրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետները.

2)   մշակել եւ ներդնել ընթացակարգեր՝ հնարավոր սեղմ ժամկետում թաղման նպաստի գումարը դիմումատուի փաստացի տնօրինությանը հանձնելու նպատակով:

Փորձնական ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո կհստակեցվեն թաղման նպաստ վճարելու ժամկետները:

Միաժամանակ գտնում ենք, որ խնդրո առարկա ժամկետներն օրենքով սահմանելը նպատակահարմար չէ:

Թաղման նպաստի չափի կապակցությամբ հայտնում ենք, որ, ելնելով իրավական որոշակիության սկզբունքից, անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի՞ («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-205-Ն օրենքով 2015 թվականի հուլիսի 1-ից՝ 55000 դրամ), թե՞ նվազագույն ամսական անվանական աշխատավարձի մասին է (2015 թվականի հուլիսի 1-ից՝ 72750 դրամ):

Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ թաղման նպաստի միջոցով, ըստ էության, փոխհատուցվում են հուղարկավորություն կատարողի ծախսերը, որոնք բովանդակային առումով ուղղակիորեն չեն առնչվում նվազագույն աշխատավարձի չափին:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ 2013 թվականին թաղման նպաստի փաստացի ծախսը կազմել է շուրջ 4.7 մլրդ դրամ (շուրջ 23500 շահառու), իսկ 2014 թվականին՝ 4.8 մլրդ դրամ (շուրջ 24000 շահառու):

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների ՄԺԾԾ-ի՝ 2015 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը նախատեսվում էր սահմանել 55000 դրամ, իսկ 2016 թվականի հուլիսի 1-ից` 60000 դրամ:

Արդյունքում՝ 2015 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն շուրջ 900.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական փաստացի աշխատավարձից՝ 55000 դրամ) կամ շուրջ 1,965.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական անվանական աշխատավարձից` 72750 դրամ):

Ըստ այդմ՝ 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները եւս կկազմեն շուրջ 900.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական փաստացի աշխատավարձից՝ 55000 դրամ) կամ շուրջ 1,965.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական անվանական աշխատավարձից` 72750 դրամ):

2016 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները համապատասխանաբար կկազմեն շուրջ 1,200.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական փաստացի աշխատավարձից՝ 60000 դրամ) կամ շուրջ 2,362 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական անվանական աշխատավարձից` 79365 դրամ):

Այսպիսով, 2015 թվականի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն 900 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական փաստացի աշխատավարձից) կամ 1,965.0 մլն դրամ (եթե նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական անվանական աշխատավարձից), իսկ 2016 թվականի համար՝ համապատասխանաբար 2,100.0 մլն դրամ կամ 4,326.9 մլն դրամ:

Սակայն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով եւ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների ՄԺԾԾ-ով այդպիսի միջոցներ նախատեսված չեն:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի եւ թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության եւ նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
 ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձանց տրվելիք թաղման նպաստը վճարել դիմումը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, իսկ թաղման նպաստի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ոչ պակաս չափով (ներկայումս թաղման նպաստի չափը կազմում է 200.0 հազ. դրամ):

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ Նախագծով հստակեցված չէ կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձանց տրվելիք թաղման նպաստի չափը որոշելու համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ուստի Նախագծի ընդունումը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով հաշվարկելու դեպքում կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը միայն 2015 թվականի համար տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 1.6 մլրդ դրամ:

Միաժամանակ, Նախագծի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
      
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի բացասական  ազդեցություն (հնարավոր է՝ առանձին ծրագրեր մնան առանց ֆինանսավորման),

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է կրճատել թաղման նպաստի տրամադրման ժամկետները, ինչպես նաեւ թաղման նպաստի նվազագույն չափը կսահմանվի հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելուն, մասնավորապես` թաղման նպաստի տրամադրման ժամկետների կրճատմանն ու նպաստի նվազագույն չափի բարձրացմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման դեպքում

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: