ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-731-04.03.2015-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Նախագծով նախատեսվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո վարկատու հանդիսացող կազմակերպություններին (առեւտրային բանկեր, վարկային կազմակերպություններ եւ այլ վարկատու կազմակերպություններ) պարտավորեցնել իրենց կողմից տրված բոլոր արտարժութային վարկերը, ինչպես նաեւ արտարժութային փոխառությունները վարկառուի պահանջից ելնելով վերածել դրամայինի՝ վարկառուի դիմելուց հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում, որի վերահաշվարկի համար հիմք կընդունվի վարկային (փոխառության) պայմանագրի կնքման ամսաթվով առկա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքը:

Հայտնում ենք, որ նախագծով առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, որի ծավալի վերաբերյալ կանխատեսում անել հնարավոր չէ: Նշված միջոցառումը պետական միջամտությամբ իրականացնելու համար, առկա արտարժութային վարկերը մարելու նպատակով, արտարժութային ահռելի ռեսուրսների ձեռքբերման անհրաժեշտություն կառաջանա: Իսկ արտարժույթի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը կարող է հանգեցնել տնտեսության եւ ամբողջ ֆինանսական համակարգի կաթվածահարման: Նշված զարգացումները տեղի կունենան նույնիսկ արտարժութային վարկերի 10%-ի` նշված մեխանիզմով փոխարկման դեպքում:

Բացի դրանից, ներկայումս արտարժութային վարկերի մեծ տեսակարար կշիռ ունենալու պատճառը պայմանավորված է բանկային համակարգի ավանդների կառուցվածքով, որի շուրջ 64%-ը 2015 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել են արտարժութային ավանդները: Եթե բանկերն իրենք կրեն արտարժութային ավանդների վերաձեւակերպման ռիսկը, ապա նրանց մոտ կառաջանա հսկայական արժութային ճեղքվածք, եւ արժութային փոխարժեքի նույնիսկ չնչին տատանումը կարող է հանգեցնել բանկային համակարգի կապիտալի մեծ կորուստների` բանկերում առաջ բերելով վճարունակության խնդիրներ եւ դարձյալ խաթարելով ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը:

Նշենք նաեւ, որ նախագծով չի լուծվել արդյունավետ այլընտրանքային տարբերակներ առաջարկելու խնդիրը: Դրա մասին են վկայում նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում պետք է ընդունի համապատասխան օրենսդրական ակտեր օրենքով նախատեսված քաղաքացիների պարտավորությունների վերակառուցման արդյունքում առաջացած պայմաններում, վարկային եւ բանկային կազմակերպություններին աջակցության գործողությունների ծրագիրը:

Հաշվի առնելով նշվածը՝ նպատակահարմար չենք համարում նախագծով առաջարկվող քաղաքականության իրականացումը:

Միաժամանակ, նախագիծը, պարտավորությունների վերակառուցման հնարավորություն նախատեսելով միայն պարտավորությունները չկատարած անձանց համար, անհավասար դրություն է ստեղծում ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցությունը կրած անձանց միջեւ՝ ոտնահարելով օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

Ավելին, նախագիծն անմիջականորեն շոշափում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների գույքային իրավունքները: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման՝  սեփականության իրավունքի միջամտությունը համատեղելի է գույքից անարգել օգտվելու սկզբունքի հետ, միայն, եթե ապահովված է «արդարացի հավասարակշռություն» հայցվող իրավունքների պաշտպանության միջեւ: Նախագծի ընդունումը կբխի վարկառուների շահերից, սակայն դրանով իսկ զգալի վնաս կպատճառի բանկերի եւ վարկային կազմակերպությունների շահերին: Նշվածից հետեւում է, որ կիրառվող միջոցառումը չի կարող բխել հասարակական համընդհանուր շահից, հետեւաբար, կրել կամ հետապնդել իրավաչափ նպատակ:

Նախագծով ներկայացված մի շարք դրույթների վերաբերյալ հայտնում ենք՝

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները չեն բխում նախագծի կարգավորման առարկայից: Մասնավորապես, նշվում է, որ տարադրամով չկատարված պարտավորություններ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիմումի հիման վրա բանկային, վարկային կամ այլ կազմակերպությունները պարտավոր են իրականացնել պարտավորությունների վերակառուցում: Դրույթի նման ձեւակերպումից բխում է, որ բանկերը ցանկացած դեպքում, երբ  դիմում է ներկայացվում, պարտավոր են իրականացնել տարադրամով պարտավորությունների վերակառուցում: Մինչդեռ, տարադրամով պարտավորությունների վերակառուցումը, ըստ նախագծի, նպատակ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նվազեցնելու ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցությունը:

2. Նախագծի վերնագիրը սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին», որից բխում է, որ տվյալ օրենքի նախագիծը պետք է կարգավորի միայն արտարժութային վարկերի վերաձեւակերպմանն առնչվող հարաբերությունները, մինչդեռ նախագծով կարգավորվում են նաեւ արտարժույթով տրված փոխառությունների վերաձեւակերպման հետ կապված հարաբերությունները: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք հստակեցնել կամ նախագծի վերնագիրը կամ կարգավորման առարկան:

3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, իսկ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք նախագիծը խմբագրել:

4. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները: Նախագծում ոչ հետեւողական կերպով կիրառվում են «վերաձեւակերպում», «վերակառուցում» եւ «վերակառուցվածքայնացում», «փոխառություն» եւ «փոխառնություն» հասկացությունները, ինչը հանգեցնում է տարընթերցումների: Հարկ է կիրառել նաեւ «տարադրամով վարկ» կամ «արտարժութային վարկ» հասկացություններից միայն մեկը՝ նախապատվությունը տալով վերջինին:

Նախագծում ոչ հետեւողական կերպով են կիրառվում նաեւ «պարտականություն» եւ «պարտավորություն» հասկացությունները: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունիսի 14-ի N ՍԴՈ-975 որոշման համաձայն «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «պարտավորություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է իրավունքի ուժով կամ իր ազատ կամաարտահայտմամբ եւ սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ:»:

Հիմք ընդունելով օրենքի 36-րդ հոդվածը` առաջարկում ենք նաեւ նախագծում կիրառվող «տվյալ օրենք» եւ «ներկա օրենք» բառերը փոխարինել «սույն օրենք» բառերով:

5. Նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն «Սույն օրենքը ուղղված է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցմանը, որոնք տարադրամով վարկերի եւ փոխառությունների գծով ունեն կնքված կազմակերպությունների հետ չկատարված պարտավորություններ:»:

Առաջարկում ենք նշված դրույթը խմբագրել, քանի որ վերջինս տարընթերցումների տեղիք է տալիս: Մասնավորապես, անհասկանալի է «կնքված կազմակերպություններ» հասկացությունը: Նախագծից պարզ չէ նաեւ, թե ինչ է իրենից ենթադրում «ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցումը», ինչպես նաեւ ինչ չափանիշներով է որոշվելու, թե ինչ չափի նվազեցումների վրա է տարածվելու օրենքը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն «Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցումն իրականացվում է վարկային եւ փոխառնական պայմանագրերով նախատեսված պայմանագրի օգտագործման համար որոշված վճարումների եւ վարկային պարտավորություններ մնացորդը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով վերահաշվարկման եւ ամրագրման միջոցով, ինչի վերաբերյալ վարկատուի եւ վարկառուի միջեւ արձանագրվում է հավելյալ համաձայնագիր:»:

Առաջարկում ենք պարզաբանել «պայմանագրի օգտագործում» արտահայտությունը: Անհասկանալի է նաեւ «արձանագրվում է հավելյալ համաձայնագիր» արտահայտությունը: Նախագծի 3-րդ հոդվածի չորրորդ պարբերության համաձայն «Վարկի օգտագործման համար վճարի չափը որոշվում է կողմերի միջեւ վարկավորման (փոխառնական) պայմանագրին հավելյալ համաձայնագրով:»: Այդ կապակցությամբ անհասկանալի է, թե «վարկավորման պայմանագրին հավելյալ համաձայնագիրը» այն համաձայնագիրն է, որին հղում է կատարվում նույն հոդվածի առաջին պարբերությունում, թե ոչ: Տարընթերցման տեղիք է տալիս նաեւ «վարկի օգտագործման համար վճարի չափ» հասկացությունը:

7. Առաջարկում ենք խմբագրել նախագծի 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը` սահմանելով, թե ինչի նկատմամբ է հաշվարկվելու 12.2-րդ տոկոսը:

8. Առաջարկում ենք պարզաբանել նախագծի 3-րդ հոդվածի ութերորդ պարբերությունը:

9. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:»: Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ նախագծի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը, ըստ էության, հանդիսանում է նախագծի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերության կրկնություն, իսկ 1-ին հոդվածի առաջին պարբերությունը հակասում է 2-րդ հոդվածի առաջին պարբերությանը: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում պարտավորությունների վերակառուցման հնարավորություն նախատեսում է միայն հիփոթեքային ապահովմամբ պարտավորությունների համար: Մինչդեռ, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցումը, վերաբերում է բոլոր տեսակի վարկերին եւ փոխառություններին առնչվող չկատարված պարտավորություններին:

10. Առաջարկում ենք պարզաբանել, թե որն է նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ պարբերություններում նախատեսվող սահմանափակումների հիմնավորումը: Բացի դրանից, նշված դրույթները ներկայիս խմբագրությամբ տարընթերցումների տեղիք են տալիս:

11. Առաջարկում ենք խմբագրել նախագծի 8-րդ հոդվածը, քանի որ վերջինս չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի պահանջներին, որի 2-րդ մասի համաձայն «Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչեւ այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում:»: Հոդվածի 3-րդ մասի համաձայն «Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել մեծ թվով ակտերում կամ դադարեցնել մեծ թվով ակտերի գործողությունը, ապա դրանց ցանկերը ձեւակերպվում են առանձին, նույն տեսակի իրավական ակտի տեսքով: Նման ցանկերի նախագծերը պատրաստում են հիմնական ակտի նախագիծը մշակողները եւ ներկայացնում են դրա հետ միասին: Փոփոխությունների կամ լրացումների ցանկերը կազմվում են գործողությունը դադարեցնող ցանկերից առանձին` ժամանակագրական կարգով:»:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`       ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«ՀՀ քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«ՀՀ քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում են վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցման կարգը, արտարժութային վարկային պայմանագրերով նախատեսված պարտքերի մարման պայմանները, ինչպես նաեւ վարկային գրավի նկատմամբ վարկատուի կողմից դիմելու կարգը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են ծառայությունների մատուցման շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Նախագծով առաջարկվում է պարտավորեցնել վարկատու բանկային, վարկային եւ այլ կազմակերպություններին՝ տարադրամով հիփոթեքային ապահովմամբ վարկային եւ փոխառնական չկատարված պայմանագրային պարտավորություններ ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնել պարտավորությունների վերակառուցում՝ պայմանագրի օգտագործման համար որոշված վճարումների եւ վարկային պարտավորությունների մնացորդը ՀՀ ազգային արժույթով վերահաշվարկելու եւ ամրագրելու միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ ֆինանսական ոլորտի տնտեսվարող սուբյեկտների ծախսերի վրա Նախագծի վերջնական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել միայն վիճակագրական տվյալների եւ քանակական  ցուցանիշների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության առկայության պարագայում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն բանկերը, վարկային եւ այլ կազմակերպությունները, որոնք վարկատու են հանդիսանում վարկային եւ փոխառնական պայմանագրերով, ՀՀ այն քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք ունեն տարադրամով հիփոթեքային ապահովմամբ վարկային եւ փոխառնական չկատարված պայմանագրային պարտավորություններ, պարտավոր են իրականացնել պարտավորությունների վերակառուցում՝ տրամադրված տարադրամային վարկերը վերակառուցելով դրամական վարկերի: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ վերակառուցումից եւ վերահաշվարկից հետո վարկի օգտագործման համար նախատեսված վճարի չափը չի կարող ավելին լինել քան 12.2 տոկոս:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության, որը, սակայն, հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել վարկառուների վարքագիծը, ինչպես նաեւ ՀՀ դրամի արժեզրկման կոնկրետ չափը:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: