ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-753-09.04.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Հանրապետության ժողովրդագրական արդի իրավիճակում կարեւորվում է ընտանիքներին, մասնավորապես, բազմազավակ, ցուցաբերվող աջակցության հետագա ընդլայնումը, նոր կառուցակարգերի մշակումն ու ներդրումը: Այդ կապակցությամբ միանշանակ ողջունելի են բազմազավակ ընտանիքների կարիքների հետագա բարելավմանը միտված նոր նախաձեռնությունները:

Կարեւորելով խնդրո առարկա նախագիծը, այնուհանդերձ, պետք է առանձնացնել հետեւյալ նկատառումները՝

1. Նախագծի 1-ին հոդվածում նշվում է, որ օրենքը կարգավորում է բազմազավակ ընտանիքների արտոնությունների հետ կապված հարաբերությունները եւ այդ արտոնություններից բազմազավակ ընտանիքների օգտվելու կարգը, այնինչ նման կարգավորում եւ կարգ նախագծում առկա չեն:

2. Հստակեցման կարիք ունի նախագծի 3-րդ հոդվածում ներկայացված «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, շեշտադրման կարիք ունի որոշակի թվով, տվյալ դեպքում` չորս, երեխայի` ամուսնական մեկ զույգի կամ միայնակ ծնողի կողմից խնամվելու հանգամանքը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամների եկամտային հարկը նվազեցնել 50 տոկոսով: Համաձայն 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հայաստանի Հանրապետությունում առկա 763584 տնային տնտեսություններից 4 եւ ավելի 0-17 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմում է 13658, որոնցից 3462-ը բնակվում են բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում (2355-ը` բարձր լեռնային, իսկ 1107-ը` սահմանամերձ): Ստացվում է, որ, նախ, արտոնություններ են տրվում բազմազավակ ընտանիքներին, որոնցից առանձնացվում է արտոնյալների նոր խումբ: Կարծում ենք, որ բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքներին արտոնություններ տալու խնդիրը պետք է դիտարկել նմանատիպ համայնքների ամբողջ բնակչության աջակցման համատեքստում: Հարկ է նշել, որ, որպես առաջին քայլ, 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կիրարկումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ, ըստ որի Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի սահմանամերձ 32 համայնքների բնակչությունն ստացել է գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոս զեղչի իրավունք: Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով հաստատված սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրով, որն առաջնահերթ կարգով իրականացվում է բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում, առաջնահերթությունը տրվում է հող օգտագործող այն ընտանիքներին, որոնք ունեն երկու եւ ավելի անչափահաս երեխա:

Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ առաջնահերթ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչների` մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրած ավանդները:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 10-րդ մասերով բազմազավակ ընտանիքների համար նախատեսվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, եկամտային հարկի եւ գույքահարկի 50 տոկոս նվազեցում: Այս կապակցությամբ նշված արտոնությունների նախատեսումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Եկամտային հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին, քանի որ վերջիններս նման արտոնությունների սահմանում չեն նախատեսում: Ավելին՝ բազմազավակ ընտանիքի առաջին ավտոմեքենայի գույքահարկը 50 տոկոս նվազեցումով հարկելու առաջարկության ընդունման արդյունքում անհրաժեշտ է լինելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել տեղական բյուջեների եկամուտների կորուստները:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացված առաջարկության հետ կապված՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի օգոստոսի 3-ի «Թանգարանի մշտական ցուցադրության այցելության եւ բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի գների եւ արտոնությունների մասին» N 458-Ա հրամանի, բնակչության սոցիալական տարբեր խմբերին, այդ թվում` բազմազավակ ընտանիքներին, մշակութային հաստատություններ (ցուցահանդեսներ, թանգարաններ) անվճար այցելության հնարավորությունը ներկայումս ընձեռված է:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի հետ կապված՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի համաձայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:

7. Հետագա քննարկումների կարիք ունի 4-րդ հոդվածի 7-րդ մասով առաջարկվող արտոնությունը: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» ընտրանքային հետազոտության համաձայն ավելի քան 7000 բազմազավակ ընտանիքների զգալի մասն ապրում է խիտ բնակեցված եւ գերբնակեցված կացարաններում, եւ վերջիններիս նորմին բավարարող բնակմակերես տրամադրելու համար անհրաժեշտ է շուրջ 14,6 միլիարդ դրամ: Եվ դա այն դեպքում, երբ բազմազավակ մեկ ընտանիքին ընկնող միջին ամսական եկամուտը, համաձայն ուսումնասիրության, կազմել է 117.145 դրամ: Նշվածից հետեւում է, որ նախքան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների 0.1 տոկոսը բազմազավակ ընտանիքների կողմից ձեռք բերվող առաջին բնակարանի համար հիփոթեքային վարկի մարման համար նախատեսելը, նախ անհրաժեշտ է ունենալ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր:

Նախագծում հիմնական շեշտադրումը կատարված է նյութական բաղադրիչի վրա, այնինչ, ոչ պակաս կարեւոր են նաեւ բազմազավակ ընտանիքների բարոյահոգեբանական աջակցության եւ կրթական խնդիրները: Այս առումով հարկ է նշել, որ 2014 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 27-րդ հոդվածով սահմանվեց Ծնողական փառքի մեդալը, որով կպարգեւատրվեն 6 եւ ավելի զավակ դաստիարակած եւ դաստիարակող այն ընտանիքները, որոնք զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար ապահովել են անհրաժեշտ պայմաններ եւ որոնք օրինակ են ծառայում զավակների դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման գործում։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 356-Ա որոշմամբ 2014 թվականի ապրիլից 2015 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը հայտարարվեց Ընտանիքի տարի, որի շրջանակներում տեղի ունեցան ընտանիքների եւ ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման բազմաթիվ միջոցառումներ: Հաշվի առնելով ժողովրդագրական գործընթացներում բարոյահոգեբանական բաղադրիչի դերն ու նշանակությունը` ապագայում եւս դրանք կկրեն շարունակական բնույթ:

Կարեւորելով նախագծի բարի նպատակադրումները` միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ պատրաստ է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են բազմազավակ ընտանիքների սոցիալական եւ բարոյահոգեբանական աջակցության հետագա ընդլայնմանը միտված կոնկրետ առաջարկություններ, որոնց քննարկմանը կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը:

8. Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն, փոքր ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնելու աջակցության նախապատվությունը տրվում է արտադրության եւ ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային եւ արտահանման ներուժ ունեցող՝ գործող եւ սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, որը կարգավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին 2015 թվականի ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 217-Ն որոշման 4-րդ՝ «Ծրագրի իրականացման սկզբունքները» գլխի 2-րդ կետով նախատեսված ծրագրով:

9. Նախագծում առկա են լրամշակման, խմբագրման եւ հստակեցման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝

1) նախագծի 3-րդ հոդվածով սահմանվել են «բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ» հասկացությունները եւ հետեւապես նախագծի մնացած դրույթներում չորս եւ ավելի երեխաներ ունեցող ծնողներին վերաբերող դրույթներ սահմանելիս անհրաժեշտ է նշել «բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ»՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում.

2) նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանվում է, որ բազմազավակ ընտանիքներին փոքր բիզնես սկսելու համար վարկ վերցնելիս տրվում է առաջնահերթություն: Նշված ձեւակերպումն անորոշ է եւ պարզ չէ, թե նշված առաջնահերթությունն ինչին է առնչվում եւ վերջինս ինչ արտոնություն է նախատեսում բազմազավակ ընտանիքների համար: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել նշված դրույթները:

Ընդհանուր առմամբ նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 10-րդ մասերով նախատեսվող արտոնությունները կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների (ֆինանսական գնահատականը բացակայում է), որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, մինչդեռ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է 2016 թվականի հունվարի 1-ից:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկումների եւ լրամշակման կարիք ունի:

Ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն չորսամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն որոշակի դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա` բնակչությանը մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիության բարձրացման մասով:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն նպաստավոր պայմաններ բազմազավակ ընտանիքների համար, ինչպես նաեւ կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվում են բազմազավակ ընտանիքների արտոնությունների հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` ի թիվս այլ արտոնությունների առաջարկվում է բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամների եկամտային հարկը նվազեցնել 50 տոկոսով, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել անվճար օգտվելու ՀՀ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձեւից եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. Նախագծի 4-րդ հոդվածի

ա. 1-ին եւ 2-րդ մասերով առաջարկվում է սահմանել, որ՝

- ՀՀ բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամների կողմից ստացվող եկամուտներից հաշվարկվող եկամտային հարկը նվազեցվում է 50 տոկոսով,

- բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) հարկվում են 50 տոկոս նվազեցումով.

բ. 5-րդ մասով նախատեսվում է 4 եւ ավելի երեխաներ ունեցող ծնողներին տալ ՀՀ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց) անվճար օգտվելու իրավունք: ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1353-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 27-րդ կետի համաձայն` քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար` առանց նախապես տոմս տալու ծառայություններ (մերձքաղաքային եւ ներքաղաքային տրանսպորտ, ճոպանուղի) մատուցող կազմակերպությունները նշված կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով կատարված հաշվարկների հիման վրա կազմում են իրենց կողմից ներքին (լոկալ) ակտով սահմանված ձեւի հաշվարկ, որը հիմք է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 521-րդ հոդվածի համաձայն ՀՀ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից նվազեցումներ կատարելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 10-րդ մասերով նախատեսվող արտոնությունները, այն է` պետական թանգարանների, մշակութային տների, ցուցահանդեսների, թատրոնների մուտքի համար սահմանված վճարներից ազատում, վարձով բնակվելու դեպքում բնակվարձի ամսական գումարի 30 տոկոսի վճարում ՀՀ պետական բյուջեից, պետբյուջեի եկամուտների 0.1 տոկոսի հատկացում հիփոթեքային վարկից օգտվող բազմազավակ ընտանիքներին` ձեռքբերած առաջին բնակարանի վարկի ամսական տոկոսները վճարելու համար, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքների համար գնված առաջին մեքենայից գանձվող գույքահարկի նվազեցում 50 տոկոսով (վերջինս կհանգեցնի գույքահարկի գծով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների պետբյուջեից փոխհատուցման անհրաժեշտության) կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:


Եզրակացություն

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: