ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-754-09.04.2015-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից եւ ավարտել սեպտեմբերի 30-ին:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը.

1. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվելու եւ ավարտվելու ժամկետները փոխելու հիմնավորման նպատակահարմարության տեսանկյունից`

1) օրենքի նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում միջազգային փորձին եւ դրա պատճառներին:

Հարկ ենք համարում նշել, որ աշխարհի երկրների մեծ մասում բյուջետային տարին եւ օրացուցային տարին համընկնում են: Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված են մի շարք երկրներ, որտեղ դրանք չեն համընկնում, մասնավորապես, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրների մի մասում, հարավ-արեւելյան երկրներում: Այդ երկրներում բյուջետային եւ օրացուցային տարիների միջեւ տարբերությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես, ԱՄՆ-ում բյուջետային տարվա փոփոխությունը, որը տեղի է ունեցել 1974 թվականին, պայմանավորված է եղել առաջիկա բյուջետային տարվա համար բյուջետային շրջանակի հաստատման կապակցությամբ կոնգրեսի որոշ գործողությունների ավարտման վերջնաժամկետների փոփոխման հետ, իսկ, օրինակ, Անգլիայում եւ Ճապոնիայում տարբերությունները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ այդ երկրներում հարկային օրենսդրությունը հիմնված է նրանց ազգային օրացույցների վրա, որոնք տարբերվում են ներկայումս աշխարհում կիրառվող Գրիգորյան օրացույցից: Ընդ որում, նշված եւ մի շարք երկրներում եւս, որտեղ տարբերվում են բյուջետային եւ օրացուցային տարիները, հարկ վճարողների տարբեր խմբերի համար սահմանվում են հարկային տարիների տարբեր ժամկետներ՝ պայմանավորված ֆիրմաների գործունեության ոլորտների առանձնահատկություններով: Մինչդեռ ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրներում բյուջետային եւ օրացուցային տարիները համընկնում են (ավելին, Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ԵԱՏՄ-ի տարածքում բյուջետային տարվա գործող ժամկետներից տարբերվող այլ ժամկետների սահմանումը կհակասի ԵԱՏՄ-ի անդամ պետությունների օրենսդրությունների մոտարկման ուղղությամբ իրականացվող գործընթացին):

Բյուջետային տարիների փոփոխությունների պատճառները տարբեր երկրներում տարբեր են, որոնք պայմանավորված են տվյալ երկրների բյուջետային ու հարկային օրենսդրությունների եւ տնտեսությունների առանձնահատկություններով, օրենսդիր մարմինների նստաշրջանների գումարման ժամկետներով: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ միջազգային փորձում առկա են դեպքեր, երբ երկրները (օրինակ, Իռլանդիան, Քաթարը, Իտալիան) նախկինում փոփոխված բյուջետային տարիները նորից համապատասխանեցրել են օրացուցային տարիներին, քանի որ մասնավոր հատվածը, այդ թվում՝ ձեռնարկություններն ու անհատները հիմնականում իրենց գործունեությունը պլանավորում են՝ հիմնվելով օրացուցային տարվա վրա: Ուստի, հարկ է հաշվի առնել այն, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես մասնավոր հատվածը, այդ թվում՝ ձեռնարկություններն ու անհատները հիմնականում իրենց գործունեությունը պլանավորում են՝ հիմնվելով օրացուցային տարվա վրա, եւ բյուջետային տարվա ժամկետների փոփոխությունն անհարկի անհարմարություններ կառաջացնի վերջիններիս գործնական աշխատանքներում.

2) օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրացուցային տարվա առաջին եռամսյակում, երբ տնտեսական ակտիվություն չկա, չեն ստացվում անհրաժեշտ եկամուտներ, որով պայմանավորված՝ բյուջետային ծրագրերի ամբողջական ֆինանսավորում չի իրականացվում, ինչն էլ իջեցնում է տնտեսության աճի պոտենցիալը:

Հարկ ենք համարում նշել, որ, անկախ նրանից, թե տարվա առաջին եռամսյակում համապատասխան հարկային եկամուտներ հավաքագրվել են, թե ոչ, այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար բյուջետային ծախսերի անհրաժեշտ չափով ֆինանսավորում հնարավոր է իրականացնել նաեւ այլ միջոցների (օրինակ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի, պետական արժեթղթերի տեղաբաշխումից ստացվող մուտքերի եւ այլն) հաշվին:

Հարկ է նշել նաեւ, որ տարվա ընթացքում եռամսյակների միջեւ պատմականորեն հարկերի ու ծախսերի եռամսյակային կշիռները տարվա մեջ հարաբերականորեն ավելի համաչափ են, քան ՀՆԱ-ի կշիռները, սակայն տարիների ընթացքում ցուցանիշների մասով եռամսյակների միջեւ զգալի հարթեցում է նկատվում: Մասնավորապես, 1996 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված ծախսերի կշիռն ընդհանուր ծախսերի մեջ 15.7 տոկոսից 2014 թվականին հասել է 18.7 տոկոսի, իսկ չորրորդ եռամսյակինը՝ 37.4-ից նվազել է 33.4 տոկոսի: Մյուս կողմից, 1996 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի կշիռը 12.5 տոկոսից 2014 թվականի առաջին եռամսյակում հասել է 16.6 տոկոսի, իսկ չորրորդ եռամսյակինը՝ 34.2 տոկոսից նվազել է մինչեւ 32 տոկոս: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ բյուջետային ծախսերն ունեն որոշակի սեզոնային բնույթ (օրինակ, հունվար ամսին շինարարություն քիչ է իրականացվում կամ կրթության ոլորտում ուսուցիչների արձակուրդայինները հիմնականում վճարվում են հուլիս ամսին), ինչը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ հարթեցնելու դրանք: Ուստի, բարձրացված հարցն իրականում ծախսերի եւ վերջիններիս ֆինանսավորման աղբյուրների եռամսյակային պլանավորման խնդիր է, որն արդեն իսկ տարիների ընթացքում ըստ եռամսյակների 2-3 տոկոսային կետի սահմաններում հարթեցվել է.

3) օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բյուջետային տարվա ժամկետների փոփոխությունը թույլ է տալիս հասնել մակրոտնտեսական էֆեկտի, մասնավորապես, որոշ գիտնականների գնահատմամբ, այն տարեկան 0.5 - 1.0 տոկոսով ավելացնում է տնտեսական աճը:

Հարկ ենք համարում նշել, որ տնտեսագիտական ակադեմիական գրականության մեջ, ինչպես նաեւ էմպիրիկ հետազոտություններում հիմնականում անդրադարձ չի կատարվում տնտեսության վրա բյուջետային տարվա ժամկետների փոփոխության ազդեցություններին:

Գտնում ենք, որ բյուջետային տարվա ժամկետների փոփոխությունը հարկաբյուջետային ազդակի իմաստով պոտենցիալ ՀՆԱ-ի աճ չի առաջացնում, այլ այն կարող է ՀՆԱ-ն տեղափոխել մի եռամսյակից մյուսը: Այսինքն՝ որեւէ մակրոտնտեսական արդյունքի մասին խոսել՝ թեԲ միջազգային փորձից ելնելով, թեԲ Հայաստանի Հանրապետության ցուցանիշների դիտարկման իմաստով, հնարավոր չէ.

4) հարկ է նշել, որ բյուջետային տարվա ժամկետների փոփոխությունը կվերաբերի ոչ միայն պետական կառավարման, այլ նաեւ տեղական ինքնակառավարման համակարգին (հակառակ դեպքում դա կհակասի բյուջետային համակարգի միասնականության սկզբունքին), ինչն, անշուշտ, բարդություններ կստեղծի տեղական ինքնակառավարման մարմինների գործնական աշխատանքում:

2. Օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը թերի է, քանի որ՝

1) բյուջետային տարվա ժամկետների առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի նաեւ դրանից բխող՝ գործող օրենքի մի շարք այլ հոդվածներում փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը, որոնք, սակայն, օրենքի նախագծում չեն ներառված: Արդյունքում չի ապահովվի բյուջետային գործընթացի համապարփակ կարգավորումը.

2) բյուջետային տարվա ժամկետների առաջարկվող փոփոխության համար անխուսափելիորեն կպահանջվի անցումային ժամանակաշրջան, որի վերաբերյալ կարգավորումներն օրենքի նախագծում չեն ներկայացված: Առանց դրա օրենքի  նախագիծն ուժի մեջ մտնելու ժամկետի (2018 թվականի հոկտեմբերի 1-ը) իրատեսության գնահատումը հնարավոր չէ.

3) բյուջետային տարվա ժամկետների առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի դրանից բխող համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտության նաեւ բյուջետային գործընթացին առնչվող` կոնկրետ օրացուցային ժամկետներ սահմանող՝ ներկայումս գործող մի շարք այլ, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, որոնք օրենքի նախագծի հետ մեկ միասնական փաթեթով ներկայացված չեն:

3. Օրենքի նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանված չեն: Այսպես, օրենքի նախագծի՝

1) վերնագիրը եւ 1-ին հոդվածը «բյուջետային համակարգի մասին» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

2) անհրաժեշտ է 1-ին հոդվածում «կետում» բառը փոխարինել «մասում» բառով.

3) 1-ին հոդվածը «սեպտեմբերի 30-ին» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «բառերով» բառով.

4) անհրաժեշտ է 1-ին հոդվածում «հոկտեմբերի 1-ից եւ ավարտվում նույն տարվա սեպտեմբերի 30-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ից եւ ավարտվում տվյալ օրացուցային տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 30-ին» բառերով:

Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսել հունվարի 1-ից եւ ավարտել նույն տարվա սեպտեմբերի 30-ին:

Նախագծով կարգավորվող շրջանակներն չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է բյուջետային գործընթացի հստակեցմանը, մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սահմանել հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: