ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Բաբայանի, Միքայել Մանուկյանի եւ Հայկ Բաբուխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-792-19.05.2015-ՄԻ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասով առաջարկվում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հազարապատիկը՝ նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում տվյալ գույքը չվաճառելու պայմանով»:

Առաջարկվող լրացման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ այն իրավական որոշակիության տեսանկյունից հստակեցման կարիք ունի: Այսպես, ներկայացված խմբագրությամբ ստացվում է, որ «նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում տվյալ գույքը չվաճառելու» պայմանն ուղղակիորեն կապվածության մեջ է անշարժ գույքի արժեքից, մինչդեռ տվյալ դեպքում՝ նշված պայմանի նպատակն անշարժ գույքի օտարման սահմանափակումն է:

Առաջարկում ենք «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հազարապատիկը:

Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում».

2) 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «դեպքում» բառը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով` 
 ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են փոփոխություններ` պայմանավորված օրենքի որոշ դրույթներ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցմամբ, մասնավորապես` կուսակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հարցով սահմանադրական դատարան ՀՀ Նախագահից բացի կարող են դիմել նաեւ ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ կառավարությունը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:            Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքի առավելագույն չափը, ինչպես նաեւ ամրագրվում են դրույթներ Ազգային ժողովի եւ կառավարության` կուսակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հարցով սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: