ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռոբերտ Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Բոթոյանի եւ Վահրամ Մկրտչյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-793-21.05.2015-ՏՏ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում հարկային արտոնություններ նախատեսող ցանկացած բնույթի նախագծերի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձը ցույց է տալիս, որ նման արտոնությունների կիրառումը բնակչության շրջանում ձեւավորում է արտոնությունից շարունակաբար օգտվելու սպասումներ, ինչը հանգեցնում է բնակչության հարկային կարգապահության մակարդակի նվազեցմանը եւ տվյալ դեպքում գույքահարկի գծով ապառքների կուտակմանը:

Այդուհանդերձ, ներկայացված նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ օրենքի կիրառման ժամկետների առումով նախագիծը հստակեցման կարիք ունի:

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին՝ անհրաժեշտ է նախագծում նշել այն հաշվետու տարիները (օրինակ՝ 2013 թվական, 2014 թվական), որոնց համար հաշվարկված պարտավորություններին կվերաբերի օրենքը: Միաժամանակ, նախագծի 1-ին հոդվածի համաձայն, օրենքը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի վճարման պարտավորություն ունեցողների վրա: Այս առումով եւս միանշանակ չէ, թե խոսքը միայն այդ տարիների համար հաշվարկված եւ չվճարված ապառքների ու տույժերի մասին է, թե նաեւ նախորդ տարիներից մինչեւ այդ տարիները ներառյալ կուտակված ապառքների եւ տույժերի:

2. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց՝ 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար շինությունների գույքահարկի գումարները մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը սահմանված ժամկետում չվճարելու համար 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից, եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկը եւ դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 0,1 մլն դրամը: Կարծում ենք, որ հստակեցման առումով նախագծով առաջարկվող ժամկետները խմբագրման կարիք ունեն: Մասնավորապես՝

1) օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկը եւ դրանց մասով հաշվարկված տույժերը ներառում են նաեւ մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքներն ու տույժերը, իսկ ըստ նախագծի՝ խոսքը վերաբերում է 2011-2014 թվականների ապառքներին.

2) օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար 2011-2014 թվականներին չվճարված գույքահարկի մասով հաշվարկված տույժերի 0.1 մլն դրամի սահմանաչափի հետ միասին արտոնության կիրառման համար առաջարկվում է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը վճարած լինելու հանգամանքը: Այս դեպքում նորից խնդիր է առաջանում 2011-2014 թվականներին վերաբերող այն ապառքների մասով, որոնք վճարվել են 2015 թվականի ընթացքում՝ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը (այդ թվում՝ ապահովելով արտոնության կիրառման սահմանաչափը?: Հարկ ենք համարում նշել, որ 2012 թվականի մարտի 21-ի «Գույքահարկի եւ հողի հարկի առաջացած ապառքների մասին» ՀՕ-93-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2012 թվականի ապրիլի 28-ին եւ արտոնության կիրառման համար վճարման ժամկետ է սահմանվել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է վերացնել 2011թ. հունվարի 1-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) շինությունների համար գույքահարկը սահմանված ժամկետում չվճարած ֆիզիկական անձանց համապատասխան տույժերի վճարման պարտավորության պահանջը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ազատել 2011թ. հունվարի 1-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար գույքահարկը  սահմանված ժամկետում չվճարած ֆիզիկական անձանց համապատասխան տույժերի վճարման պարտավորությունից, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձանց ազատել 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքի վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) շինությունների համար հաշվարկված եւ չվճարված տույժերից:

Ելնելով վերոնշյալից հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ համայնքների բյուջեների` գույքահարկի գծով եկամուտների նվազեցման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման` պայմանավորված Նախագծով տրամադրվող արտոնություններով նախատեսված գումարները «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  փոխհատուցմամբ:

Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: