ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
          պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը` Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, համարում է, որ այն ընդհանուր առմամբ ապահովում է հենք՝ պետության եւ հասարակության ներդաշնակ ու շարունակական զարգացման համար եւ գտնում է, որ`

Ա. այն ամրապնդում է ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնասյուները, ընդլայնում է քաղաքացիների ազատությունը եւ իրավական անվտանգությունը, ամրագրում է մի շարք նոր հիմնական իրավունքներ, հստակեցնում է իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների հիմքերը.

Բ. խորհրդարանական կառավարման ձեւի նախատեսման եւ Ազգային ժողովի, Հանրապետության Նախագահի, կառավարության ու դատական համակարգի սահմանադրաիրավական իրավասությունների եւ լիազորությունների նոր կարգավորման եւ վերաբաշխման շնորհիվ հիմք է ստեղծվում հավասարակշռված եւ արդյունավետ կառավարման համակարգ հաստատելու համար.

Գ. համապատասխան կարգավորումների շնորհիվ գործադրելի մեխանիզմներ է ստեղծում իշխանությունների տարբեր ճյուղերի բաժանման եւ հավասարակշռման համար: Այսպես` մի կողմից ամրագրվում է, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը   կառավարությունն է, որը ձեւավորվում է Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու է նրան, մյուս կողմից՝ այնպիսի երաշխիքներ է ամրագրում, որոնք ապահովում են  Ազգային ժողովի եւ կառավարության գործառույթները եւ իրավասության ոլորտների տարանջատումը միմյանցից.

Դ. Սահմանադրության փոփոխության արդյունքում էապես ամրապնդվում եւ ընդլայնվում են դատական իշխանության անկախությունը, ինքնուրույնությունը ինչպես նաեւ դիրքն իշխանական համակարգում.

Ե. ըստ նախագծի Ազգային ժողովն ու կառավարությունն այն մարմիններն են, որոնք դինամիկ կիրակացնեն երկրի քաղաքական գործընթացների ղեկավարումը: Պետական այն ինստիտուտները, որոնք կոչված են առարկայական առումով սահմանված նեղ մասնագիտական խնդիրներ լուծելու (Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ եւ այլն), օժտված կլինեն ինքնավար եւ կուսակցական քաղաքականության տեսանկյունից չեզոք կարգավիճակով.

Զ. նախագիծը հետեւողականորեն զարգացնում եւ ամրապնդում է Ազգային ժողովում խորհրդարանական փոքրամասնության դիրքը, որը հնարավորություն է ստանում ազդել սահմանադրական օրենքների ընդունման, մի շարք առանցքային դերակատարում ունեցող պաշտոնատար անձանց ընտրության, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության իրականացման հարցերում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը կառավարությունը տալիս է դրական եզրակացություն Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողով ներկայացրած  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
 

Հարգանքով՝               ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ