ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-852-17.09.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու, օտարերկրյա պետություններից, քաղաքացիների դիմումի համաձայն, նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու, ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու, քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման ու հաստատման, ինչպես նաեւ փաստաթղթեր եւ (կամ) տեղեկատվություն պահանջելու եւ դրանց հիման վրա տեղեկանքներ ձեւակերպելու համար պետական տուրք չգանձել: Համաձայն օրենքի նախագծի ընդունման հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ինչպես նաեւ՝ այն հանգամանքով, որ պետական մարմինների նշված ծառայությունները կամ գործողությունները չեն առաջացնում համապատասխան ծախսեր: Օրենքի նախագիծը նպատակ ունի մեղմացնելու հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների տեսքով բնակչության ուսերին ընկած ծանր բեռը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1. Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված՝ բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով չեն հիմնավորվում օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունները, քանի որ.

1) օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար գանձվող պետական տուրքը, որի չափը հիմնականում չի գերազանցում երկու հազար դրամը.

2) օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար գանձվող պետական տուրքը, որոնք իրենց բնույթով այնպիսին են, որ քաղաքացիները դրանցից օգտվում են հազվադեպ, հետեւաբար, դրանց համար սահմանված հազար կամ երկու հազար դրամի չափով պետական տուրքը, կարծում ենք, այդ քաղաքացիների համար էական ֆինանսական բեռ համարվել չի կարող.

3) օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար գանձվող պետական տուրքը, որոնց մասով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ սահմանված են արտոնություններ: Մասնավորապես, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի, պետական տուրքի գծով արտոնություն է սահմանված միայնակ կենսաթոշակառուների, առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամների եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տրվող՝ վերջիններիս հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանքների մասով: Միաժամանակ, ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար բացառություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի համար:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված այն դիտարկմանը, որ պետական մարմինների կողմից նշված ծառայությունների մատուցումը կամ գործողությունների իրականացումը չեն առաջացնում համապատասխան ծախսեր, հիմնավորման կարիք ունի:

2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետում կատարվող լրացմամբ բացառություն է սահմանվում զուտ տեղեկատվական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի`  տեղեկանքների տրամադրման համար: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով պետական տուրքի գանձումներ նախատեսված են իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի՝ տեղեկանքների տրամադրման համար, որոնց թվին են դասվում նաեւ օրենքի նախագծի կարգավորման առարկա հանդիսացող բոլոր տեղեկանքները, որոնք տնօրինող անձի համար հիմք են հանդիսանում այլ քաղաքացիաիրավական գործառույթների իրականացման համար եւ չեն կարող գնահատվել՝ որպես զուտ տեղեկատվական բնույթ ունեցող փաստաթղթեր։

3. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի՝ համայնքների բյուջեների եկամուտ է համարվում քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու եւ վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող, ինպես նաեւ նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր եւ դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու եւ դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը:

Միաժամանակ, համաձայն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Արդյունքում ստացվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն նվազելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները, այլ նաեւ ավելանալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծի ընդունումը բավարար հիմնավորված չէ, եւ դրա ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ  Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


   ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Պետական տուրքի մասին»> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3.   Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է չգանձել զուտ տեղեկատվական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի` տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար սահմանված պետական տուրքը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է վերացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին, ընտանեկան կարգավիճակի,  քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու, ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների, քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար սահմանված պետական տուրքը, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 


Եզրակացություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում ՀՀ տարածքում ուղարկելու, օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու, ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու, քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման, ինչպես նաեւ փաստաթղթեր եւ (կամ) տեղեկատվություն պահանջելու եւ դրանց հիման վրա տեղեկանքներ ձեւակերպելու համար պետական տուրք չի գանձվում:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ծառայություններից որոշների մասով պետական տուրքը վճարվում է տեղական բյուջեներ՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման: