ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-892-06.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-892-06.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կարող են ձեւավորվել նաեւ առնվազն 5 պատգամավորից բաղկացած խմբակցություններ: Այս տրամաբանության շրջանակում օրենքի նախագծով առաջարկվում է փոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը` սահմանելով գործող 10 պատգամավորի փոխարեն առնվազն 5 պատգամավորի մասնակցությամբ պատգամավորական խմբեր ձեւավորելու հնարավորություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, եւ կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր: Տվյալ նորմի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցությունների ստեղծման պահանջը կրում է իմպերատիվ բնույթ, իսկ խմբերի ստեղծման պահանջը` դիսպոզիտիվ: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ հետեւյալ սկզբունքներին համապատասխան՝

1) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

2) կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաեւ այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

Տվյալ նորմի վերլուծությունից բխում է, որ պատգամավորական խմբակցությունն ստեղծվում է միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ այդ դաշինքը կազմած կուսակցությունների համամասնական ընտրակարգով ընտրված եւ նրանց առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից: Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջիկա նիստում: Տվյալ նորմի վերլուծությունից բխում է, որ պատգամավորական խումբը կարող է ստեղծվել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր կուսակցությունների կամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրված առնվազն 10 պատգամավորից: Նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ, ի տարբերություն պատգամավորական խմբակցությունների, պատգամավորական խմբերի ստեղծման հնարավորությունը պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրական համակարգի դեպքում կուսակցությունների համար որպես անցողիկ շեմ նախատեսված 5 տոկոսով, քանի որ պատգամավորական խումբը, ի տարբերություն պատգամավորական խմբակցության, կարող է ստեղծվել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր կուսակցությունների կամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրված առնվազն 10 պատգամավորից: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պատգամավորական խմբակցությունը քաղաքական առումով խնդիր ունի հաղթահարելու որոշակի նվազագույն շեմ եւ հայտնվելու խորհրդարանում, մինչդեռ պատգամավորական խումբը ձեւավորում են արդեն իսկ ընտրված պատգամավորները, ուստի, անհրաժեշտ է սահմանել ավելի բարձր չափանիշներ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է, եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
  «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է պատգամավորական խմբեր ձեւավորելու կարգը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է փոփոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը, մասնավորապես` hնարավորություն ընձեռել պատգամավորներին ձեւավորել նաեւ 5 պատգամավորներից բաղկացած խմբեր, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: