ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-933-12.01.2016-ԳԿ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը պարտավոր են ցուցադրել պետական լեզվով՝ հայերենով: Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական լեզվի` հայերենի, պահպանմամբ եւ զարգացմամբ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համաչափ լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը: Տվյալ սահմանադրական նորմերի վերլուծությունից բխում է, որ պետությունը, պարտավորվելով ապահովել անձի նշված իրավունքի իրացումը, չպետք է որեւէ կերպ, այդ թվում՝ նաեւ որեւէ ցանկալի նպատակի հասնելու համար տեղեկատվության աղբյուրի գործունեության հնարավոր դադարման նախատեսման ոչ համարժեք միջոց նախատեսելով սահմանափակի անձի` տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը: Նման դիրքորոշումը բխում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատուն նախադեպային իրավունքից: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր «Աուտորիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի» գործում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Կարծիք արտահայտելու ազատություն) վերաբերում է ոչ միայն տեղեկությունների բովանդակությանը, այլեւ դրանց փոխանցման եւ կամ ստացման միջոցներին, քանի որ այդ միջոցների վրա դրված ցանկացած սահմանափակում անպայման հանգեցնում է  միջամտության՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքին (Autronic AG v Swizerland, A. 178, 1990, 12 EHRR 485):

Օրենքի նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների վրա կդրվի լրացուցիչ ֆինանսական բեռ, քանի որ թարգմանությունը կարող է իրականացվել կամ սեփական միջոցների կամ տվյալ կինոֆիլմն արդեն իսկ թարգմանած հեռուստաալիքից գնելու միջոցով: Տվյալ հանգամանքն արդյունքում կարող է հանգեցնել փոքր բյուջեով հեռուստաընկերությունների գործունեության դադարման: Իսկ նմանատիպ պայմաններում կխախտվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նշված հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքը, քանի որ հեռուստաընկերությունների գործունեության դադարման պայմաններում սահմանափակվում է տվյալ հեռուստաընկերության` տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու իրավունքը, որն էլ հանգեցնում է անձի` ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատության շրջանակի սահմանափակմանը: Այսինքն՝ հեռուստաընկերությունների համար օրենքով նման սահմանափակման միջոցի ընտրությունը համարժեք համարվել չի կարող սահմանափակվող իրավունքի եւ ազատության նշանակությանը: Այլ կերպ ասած՝ օրենքի նախագիծը մի կողմից նպատակ ունենալով ապահովել հայերենի պահպանումն ու զարգացումը, մյուս կողմից վտանգում է անձի` ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը: Այդ առումով օրենքի նախագծի հիմնավորման մեջ պետք է վերլուծվեր գործող հեռուստաընկերությունների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելու պայմաններում դրանց գործունեության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է բացահայտել ազդեցության գնահատականը, մինչդեռ նշված տեղեկատվությունը բացակայում է: Բացի դրանից, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

 1) 5-րդ հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը.

2) 8-րդ հոդվածի համաձայն՝ հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ամսական ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս լինել:

Նշված դրույթներից հետեւում է, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումն օրենքով տրված է: Այն է՝ եթերով հեռարձակվող կինոֆիլմերը, հանդիսանալով հեռարձակվող հեռուստահաղորդումներ, օրենքի ուժով պետք է հեռարձակվեն գրական հայերենով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների եթերում արտասահմանյան ֆիլմերը քիչ տոկոս են կազմում, իսկ հեռարձակվող արտասահմանյան ֆիլմերը շատ դեպքերում ցուցադրվում են հայերեն թարգմանությամբ: Ավելին՝ Հայաստանի հանրային հեոուստաընկերությունը հեռարձակումն իրականացնում է բացառապես հայերենով՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքով պարտավոր է օրվա եթերաժամի առնվագն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին (օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մաս, 1-ին կետ):

Օրենքի նախագծի ընդունման դեպքում կխախտվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքում  լրացումներ  կատարելու  մասին»   Հայաստանի   Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար սահմանվում է հեռարձակվող կինոֆիլմերը հայերեն լեզվով ցուցադրելու պարտադիր պահանջ, ինչպես նաեւ պատասխանատվություն` վերոնշյալ պահանջը խախտելու համար: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը տնտեսվարողների համար կառաջացնի լրացուցիչ ֆինասական ծախսեր` կապված ֆիլմերի հայերեն թարգմանության հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է  սահմանել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող կինոֆիլմերը հայերեն լեզվով ցուցադրելու պարտադիր պահանջ, ինչպես նաեւ պատասխանատվություն` վերոնշյալ պահանջը խախտելու համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող կինոֆիլմերը պետք է ցուցադրվեն բացառապես պետական հայերեն լեզվով:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող կինոֆիլմերը ոչ հայերեն լեզվով ցուցադրելու դեպքում նշանակվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն:

Միաժամանակ, Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: