ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-964-16.03.2016-ՄԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես, դատական ներկայացուցչության անվճար հիմունքներով իրականացումը թույլատրել չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական եւ իրավաբանական անձի համար:

Հարկ է նշել, որ նախագծով նախատեսվող իրավակարգավորումը մի քայլ հետ է պետության կողմից մարդու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար արդեն իսկ սահմանված արդյունավետ միջոցների եւ պայմանների համեմատ: Այսպես՝

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի։

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից հետեւում է, որ փաստաբանական գործունեությամբ զբադվելու համար որպես պարտադիր պայմաններ սահմանված են՝ իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում ունենալը եւ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար համապատասխան արտոնագիր ստանալը:

Նշված հոդվածների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ անձը պարտադրված չէ իրավաբանական օգնություն ստանալու համար դիմելու միայն փաստաբանի օգնությանը, այլ նաեւ օրենքով նախատեսված նշված դեպքերում կարող է օգտվել նաեւ այլ անձի ծառայություններից, ինչով ապահովվում է դատական ներկայացուցչության ձեւով իրավաբանական օգնություն ստանալու ազատությունը, միաժամանակ սահմանափակելով դատական ներկայացուցչություն իրականացնող անձի կողմից այդ գործունեությունը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով իրականացնելու հնարավորությունը։ Իսկ այն դեպքում, երբ դատական ներկայացուցչությունն իրականացվում է պարբերաբար, վճարովի հիմունքներով կամ ոչ մերձավոր ազգականի կողմից, պետությունը սահմանափակում է իրավաբանական օգնության այդպիսի տեսակով զբաղվելու անձի ազատությունը՝ թույլատրելով միայն փաստաբաններին զբաղվելու այդ գործունեությամբ։

Բացի դրանից, պարբերաբար կամ վճարովի հիմունքներով դատական ներկայացուցչության իրականացման պարագայում, ի տարբերություն ոչ պարբերաբար կամ անվճար հիմունքներով իրականացվող դեպքերի, անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն համախմբելու այդպիսի գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց, կանոնակարգելու եւ համակարգելու վերջիններիս գործունեությունը, կանխելու, խափանելու եւ պատժելու վերջիններիս կողմից թույլ տրվող չարաշահումներն ու կամայականությունները՝ իրավաբանական օգնության որակի, օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման եւ դատական պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով։

Հարկ է նաեւ նշել, որ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների համար: Մինչդեռ, նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում կստացվի մի իրավիճակ, երբ դատական ներկայացուցչությունը կթույլատրվի նաեւ փաստաբան չհանդիսացող այն անձանց, որոնք թույլ տալով փաստաբանի համար կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումներ (օրինակ՝ ի վնաս իր վստահորդի տեղեկություններ փոխանցել հակառակորդ կողմին), չեն ենթարկվի կարգապահական պատասխանատվության՝ շարունակելով իրենց անվերահսկելի իրավապաշտպան գործունեությունը։

Նախագծով առաջարկվող փոփոխության կատարման արդյունքում, մասնավորապես, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իրեն նոտարական վավերացմամբ տրված լիազորագրի հիման վրա դատական ներկայացուցչության անվճար հիմունքներով իրականացման դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ իրավապաշտպան գործունեությամբ իրավունք կունենան զբաղվել ոչ միայն գիտակ եւ փորձ ունեցող իրավաբանները, այլ նույնիսկ չափահաս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող իրավաբանի մասնագիտություն չունեցող անձինք, ինչը լի է չարաշահումների, մարդու իրավունքների խախտումների, արդարադատությանը խոչընդոտելու բազմաթիվ վտանգներով։ Այդպիսի վիճակն անթույլատրելի է առնվազն անձի որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման տեսանկյունից։

Հետեւաբար, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի գործող տարբերակի համաձայն դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն միայն փաստաբանին իրավազորելը բխում է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծելու, դատարան դիմելու իրավունքի երաշխավորման եւ պետության կողմից այդ իրավունքի իրացման համար արդյունավետ միջոցներ եւ պայմաններ ստեղծելու պետության պոզիտիվ պարտականությունից:

Այլ կերպ ասած, պետությունը, նախատեսելով քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչության իրականացման ձեւով իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը միայն փաստաբանի միջոցով եւ սահմանափակելով այլ անձանց (ոչ փաստաբանների) կողմից դատական ներկայացուցչության իրականացման հնարավորությունը, նպատակադրված է ապահովելու եւ երաշխավորելու անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշման 14-րդ կետում հստակ ընդգծել է. «…ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է, նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն: Պետության նշված պարտավորությունը ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն կամ այն բխում է դատավարության շահերից, յուրաքանչյուր կարիքավոր պետք է իրավունք ունենա ստանալու իրավաբանական որակյալ օգնություն: Դա բխում է արդարադատության իրականացման բնագավառում իրավաբանական ծառայության մատուցման եվրոպական փորձից, ինչպես նաեւ իրավաբանների եւ իրավաբանական ծառայության մատչելիության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված սկզբունքներից»:

 Այսինքն, Սահմանադրության 20-րդ հոդվածով (2015 թ. փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մաս), համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նշված որոշման, ամրագրվել է պետության պոզիտիվ պարտականությունը գործուն ընթացակարգեր, երաշխիքներ եւ մեխանիզմներ սահմանելու անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումն ապահովելու համար եւ որ այդ օգնությունը պետք է լինի որակյալ:

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը։ Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով։

Նշված դրույթներից հետեւում է, որ անձի իրավաբանական օգնություն ստանալու օբյեկտիվ պահանջն անհրաժեշտություն է առաջացնում ոչ միայն նշված իրավունքն ամրագրելու, այլ նաեւ դրա իրականացման երաշխիքները սահմանելու համար, եւ, քանի որ պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, ապա երաշխավորվող իրավաբանական օգնությունը պետք է լինի որակյալ, այսինքն, տրամադրվի բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից եւ ապահովի անձի իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ պաշտպանությունը կամ խախտված իրավունքների վերականգնումը համապատասխան ոլորտում։ Իրավաբանական օգնության որակյալ լինելն ընդգծում է պետության կողմից երաշխավորվող իրավունքի նշանակությունը։

Անձին որակյալ իրավաբանական օգնություն ցույց տալը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների իրականացումն ու դրանց իրական պաշտպանությունն ամբողջ ծավալով հնարավոր է միայն այն դեպքում, երբ արվում է օրենքների հստակ իմացությամբ եւ դրանց պահանջներին համապատասխան։ Հետեւաբար, այս իրավունքը չի կարող իրականացվել ամեն մի անձի կողմից։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքները եւ այլ իրավական ակտերը կարդալու ունակություն, այլեւ դրանք ճիշտ հասկանալու ու մեկնաբանելու հմտություն, ինչը կարող է իրականացվել համապատասխան որակավորում ստացած եւ փորձ ունեցող մասնագետի կողմից։ Որպես այդպիսին Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս այդ նպատակով հատուկ ստեղծված կառույցի ներկայացուցիչները՝ փաստաբանները։ Դա է պատճառը, որ անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, պետությունը Սահմանադրության ուժով կապում է փաստաբանական գործունեության հետ։ Իհարկե, դա չի նշանակում, որ փաստաբաններից բացի այլ անձինք չեն կարող իրավաբանական օգնություն ցույց տալ։ Սակայն, քանի որ պետությունը երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը եւ պատասխանատու է դրա պատշաճ որակի համար, ապա պարտավոր է ապահովել որակյալ, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեցող իրավաբանների պատրաստման պայմանները, ինչպես նաեւ սահմանել փաստաբաններին ներկայացվող մասնագիտական եւ բարոյական պահանջներն ու չափանիշները։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2000 թվականի հոկտեմբերի 25-ին հաստատել է փաստաբանի մասնագիտության ազատության մասին հանձնարարականը: Այդ փաստաթղթով, ի նկատի ունենալով Եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատված իրավաբանների դերին վերաբերող սկզբունքները եւ ընդգծելով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում փաստաբանների եւ նրանց միավորումների հիմնարար դերը, նպատակ ունենալով ապահովել փաստաբանական մասնագիտական գործունեության ազատությունն օրինականության ամրապնդման նկատառումներով՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարություններին առաջարկվում է, կախված իրավիճակից եւ հանգամանքներից, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այն սկզբունքների իրականացման ուղղությամբ, որոնք նախատեսված են այդ հանձնարարականով:

Ընդ որում, ԵԽ-ի նշված հանձնարարականը, ի թիվս այլ սկզբունքների, անդամ պետություններից պահանջում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցներն անձի՝ անկախ փաստաբանների կողմից արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման ուղղությամբ (սկզբունք 4):

2012 թվականի մայիսին «Եվրոպական Միության Արեւելյան Գործընկերություն - Արեւելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումներում համագործակցություն» ծրագրի շրջանակներում «Մասնագիտացված դատական համակարգեր» աշխատանքային խմբի կողմից կազմվել է զեկույց (այսուհետ` զեկույց) փաստաբանի  մասնագիտության վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի հեղինակների կողմից կատարված հետազոտությունների՝ բազմաթիվ զարգացած եվրոպական երկրներ որդեգրել են այն մոտեցումը, որ թե՛ դատական ներկայացուցչության, թե՛ իրավաբանական խորհրդատվության ձեւով իրավաբանական օգնություն տրամադրելու իրավունքը բացառապես փաստաբանների մենաշնորհն է (Ավստրիա, Կիպրոս, Չեխիա, Գերմանիա, Հունգարիա):

Կան նաեւ որոշ եվրոպական երկրներ, որոնցում փաստաբանները մենաշնորհային դիրք են զբաղեցնում միայն դատարանում՝ դատական ներկայացուցչության ձեւով իրավաբանական օգնություն տրամադրելով: Այդ երկրներում իրավաբանական խորհրդատվության ձեւով իրավաբանական ծառայություններ, փաստաբաններից բացի, կարող են մատուցել նաեւ փաստաբան չհանդիսացող անձինք, ինչպես Հայաստանի Հանրապետությունում է (Բելգիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա):

Ըստ զեկույցի՝ նման տարբերակման հիմքում դրված է իրավաբանական օգնության որակի խնդիրը: Այն պետք է լինի իրական եւ արդյունավետ:

Այսպիսով, դատական ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում միայն փաստաբանի մենաշնորհային գործունեություն նախատեսելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխանում է նաեւ զարգացած երկրներում ընդունված իրավակարգավորումներին եւ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային չափանիշներին ու սկզբունքներին:

Բացի դրանից, նախագծի ընդունման դեպքում մեծ է վտանգը, որ որոշ «ոչ բարեխիղճ» անձանց կողմից անվճար դատական ներկայացուցչություն իրականացնելու պատրվակով, իրականում գումարներ կկորզվեն իրենց վստահորդներից, եւ ըստ այդմ, թաքնված ձեռնարկատիրական գործունեությունը կքողարկվի անվճար իրավաբանական օգնության քողի ներքո՝ խուսափելով նաեւ հնարավոր հարկային պարտավորություններից:

Ավելին, փաստաբանի կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելը, ի համեմատ ոչ փաստաբանի, բացի որակից, ունի նաեւ այլ դրական կողմեր՝

1) փաստաբանը կաշկանդված է փաստաբանական գաղտնիքով.

2) փաստաբանը պարտավոր է պահպանել Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, իսկ այն խախտելու դեպքում Պալատը նրան կարգապահական պատասխանատվության կենթարկի.

3) փաստաբանը կարող է միակողմանի դադարեցնել մատուցվող ծառայությունը միայն որոշակի դեպքերում.

4) դատարանն իրավասու չէ փաստաբանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա տուգանքի կամ նիստերի դահլիճից հեռացման տեսքով.

5) փաստաբանական գործունեության խոչընդոտելն առաջացնում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն եւ այլն:

Նշվածի հիման վրա՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքացիներ Հմայակ Խալաֆյանը, Անահիտ Վարդանյանը, Վարդան Խալաֆյանը, Անի Խալաֆյանն անհատական դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթի եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ին ՍԴՈ – 1262 որոշման համաձայն՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի համաձայն նախատեսվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելու այլընտրանքային մեխանիզմները եւ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքերն ու պայմանները: Մասնավորապես, նշված օրենքում նշված անձանց խորհրդատվությունը կազմակերպվում է հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում, իսկ դատական ներկայացուցչությունը կազմակերպվում է հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`      
  ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է անվճար հիմունքներով դատական ներկայացուցչություն իրականացնելու իրավունք վերապահել ցանկացած չափահաս ՀՀ քաղաքացու, եթե վերջինս ունի պաշտպանյալի անունից նոտարական վավերացմամբ լիազորագիր:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է չափահաս ՀՀ քաղաքացուն` իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար  անվճար հիմունքներով դատական ներկայացուցչություն իրականացնելու հնարավորություն ընձեռել:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատական ներկայացուցչությունը անվճար հիմունքներով կարող է իրականացնել նաեւ չափահաս ՀՀ քաղաքացին իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ դատական ներկայացուցչության կազմակերպումը, որպես վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:

ՀՀ օրենքի վերոնշված նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: