ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սահակյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-969-25.03.2016-ԳԲ-010/0) վերաբերյալ: Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման` «առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու լուծումներ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների պաշտպանությանը վերաբերող՝ չկարգավորված օրենսդրության տիրույթում: Ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների առկայությունը, ինչպես նաեւ թե՛ ընտանի կենդանիների պահմանը վերաբերող հարցերի, թե՛ թափառող կենդանիների հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունը պահանջում են մի շարք օրենսդրական նորմերի սահմանում, որոնցով դրանք էապես կկարգավորվեն»: Օրենքի նախագծի հեղինակի ներկայացրած հիմնավորման ձեւակերպումներից բխում է, որ կենդանիների պաշտպանությունը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող ոլորտը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն կարգավորված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝ 1. Գործող օրենսդրական կարգավորումները հիմնականում կանոնակարգում են օրենքի նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները: Այսպես՝ 1) «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «դ» կետի համաձայն կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումը: Տվյալ իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 92-րդ հոդվածով: Բացի դրանից, անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 27-րդ գլուխը վերաբերում է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին: Մասնավորապես, նշված գլխի 286-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված անասնաբուժական կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետեւանքներ, 293-րդ հոդվածով` ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելու, 294-րդ հոդվածով` ապօրինի որսի համար: Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագիծը հակասում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, դրանոմ սահմանված հասկացություններին, քանի որ նշված օրենքով վայրի կենդանիների պահպանության, պաշտպանության եւ օգտագործման այլ պահանջներ ու այլ մոտեցումներ են սահմանված. 2) կենդանիների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ անասնաբուժության ոլորտն ընդգրկում է անասնաբուժական պահանջների կիրառում` ուղղված` 1) կենդանիների առողջության պաշտպանությանը եւ կենդանիների բարեկեցությանը, 2) կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխմանը եւ վերացմանը, անասնահամաճարակային կայուն իրավիճակի եւ ապահովության պահպանմանը, 3) կենդանիների, կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությանը, վերամշակմանը, պահմանը, փոխադրմանը, առեւտրին եւ (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը, 4) բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, առեւտրին եւ (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը, 5) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը եւ պահեստավորմանը, 6) անասնաբուժական գործունեությանը, անասնաբուժական կրթությանը եւ գիտությանը, լաբորատոր գործունեությանը, անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, 7) անասնաբուժության ոլորտում գործունեության իրականացման արդյունքում վնասակար ազդեցություններից շրջակա միջավայրի պաշտպանությանը: Ընդ որում, նշված օրենքի պահանջների խախտումների համար եւս նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն. 3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով գյուղատնտեսության բնագավառում համայնքի ղեկավարի կողմից իրականացվող պարտադիր լիազորությունների շարքում նշվում են, համաքաղաքային կանոններին համապատասխան, քաղաքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն տալը եւ դրանց ամենամյա հաշվառում կատարելը: Նույն օրենքի 44.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով համայնքի ղեկավարի կողմից անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող պետության պատվիրակված լիազորությունների շարքում նշվում է նաեւ անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի եւ հումքի մեկուսացման, վնասազերծման եւ ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման եւ այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի եւ մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին, ինչպես նաեւ գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին աջակցելը: Շարադրվածից հետեւում է, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին վերաբերող հասարակական հարաբերությունները հիմնականում Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական մակարդակով կարգավորված են: 2. Օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել թե վայրի, թե գյուղատնտեսական եւ թե տնային կենդանիների պահպանության, պաշտպանության եւ օգտագործման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերում են տարբեր՝ բնապահպանության եւ գյուղատնտեսության ոլորտների հարաբերություններին: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ: Բացի դրանից՝ օրենքի նախագծում բացակայում են գյուղատնտեսական կենդանիների պահպանության, պաշտպանության եւ օգտագործման վերաբերյալ դրույթները, ինչի արդյունքում ներկայացված խմբագրությամբ ստացվում է, որ գյուղատնտեսական կենդանիները չեն կարող իրենց նշանակությամբ օգտագործվել: 3. Օրենքի նախագծում հստակ տարանջատված չեն տարբեր կենդանիների նկատմաբ լիազոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունների վերաբերյալ հոդվածը: Օրենքի նախագծով կարգավորված չեն նաեւ մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ 1) օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում են կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում իրավական կարգավորման սկզբունքները, համաձայն որոնց սույն օրենքի չպահպանման համար պատասխանատվություն է նախատեսվում քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում գործող պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար, մինչդեռ պարզ չէ, թե որ ակտերով նախատեսված եւ ինչպիսի պատասխանատվության մասին է խոսքը, քանի որ օրենքի նախագծում պատասխանատվությանը վերաբերող դրույթներ նախատեսված չեն: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 11-րդ հոդվածին, որի 1-ին մասի համաձայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կոչերն ու քարոզչությունն արգելվում են, մինչդեռ պարզ չէ, թե ինչպիսի իրավական հետեւանքներ կարող են առաջանալ այն անձանց համար, որոնք նշված արգելքը խախտում են: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն. 2) կարգավորված չէ նաեւ օրենքի նախագծով նախատեսված ոլորտի հարաբերությունների մասնակիցների լիազորությունների շրջանակը, մասնավորապես, օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ստեղծել հանրային խորհուրդ, փորձագիտական խումբ, պետական (համայնքային) ոչ առեւտրային կազմակերպություններ, մինչդեռ սահմանված չէ նշված մարմինների լիազորությունների շրջանակը, նրանց կողմից իրականացվող գործառույթները եւ այլն. 3) օրենքի նախագծում նախատեսված չեն նշված ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության կարգին վերաբերող դրույթներ: Այսպես՝ օրենքի նախագծի 19-րդ հոդվածում սահմանված է միայն, որ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն ստանալու տեղեկություններ, կազմելու վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ, մինչդեռ սահմանված չէ հսկողության լիազորություններով օժտված պետական մարմինը, բացի դրանից, հստակ տարանջատված չեն պետական հսկողության եւ վերահսկողության գործառույթները, մասնավորապես, 6-րդ գլխի վերնագրում խոսքը վերաբերում է սույն օրենքի պահանջները կատարելու նկատմամբ վերահսկողությանը, մինչդեռ հոդվածի բովանդակությունը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իրականացվող հսկողությանը: Նշված օրենքի նախագծով պետք է հստակ սահմանվեն պետական մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով: Մինչդեռ օրենքի նախագծի 17-րդ եւ 18-րդ հոդվածներում նախատեսված է, որ պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Այդ առումով նշված հոդվածներով նախատեսված լիազորությունները ոչ միայն սպառիչ չեն, այլեւ հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին: 4. Օրենքի նախագծում առկա են հստակեցման, պարզաբանման, խմբագրման կարիք ունեցող մի շարք հասկացություններ, ձեւակերպումներ եւ անճշտություններ, մասնավորապես՝ 1) 2-րդ հոդվածով ներկայացված հասկացությունների մեծ մասի բովանդակությունը պարզաբանված չէ. 2) «սինանտրոպ» (1-ին հոդված), «կենդանիներ» եւ «հատուկ նշանակության կենդանիներ» (2-րդ հոդված), «կենդանիներին դաժանաբար մահացնել» (6-րդ հոդված), 7-րդ հոդվածով սահմանված հնազանդեցման եւ վարժեցման «դաժան մեթոդներ»-ը, կամ որոնք են մշակութային-հանդիսադիր միջոցառումներում (7-րդ հոդված) օգտագործվող կամ ծառայողական համարվող (8-րդ հոդված) կենդանիները կամ թափառող կենդանիները (15-րդ հոդված). 3) 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ «պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ» դրույթը հիմնավոր չէ, քանի որ նախ՝ վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով, երկրորդ՝ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվում են գույքային եւ դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդված) եւ ոչ վերահսկողությանն առնչվող վարչական իրավահարաբերությունները. 4) օրենքի նախագծի 7-րդ գլխով սահմանված անցումային դրույթները չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անցումային դրույթների պահանջներին: Նույն գլխի 20-րդ հոդվածում նշվում են օրենքի մշակման նպատակները, ինչն անհրաժեշտ է նախատեսել ոչ թե օրենքի նախագծում, այլ՝ օրենքի նախագծի հիմնավորման մեջ: Միաժամանակ հայտնում ենք, որ, կարեւորելով ներկայացված օրենքի նախագիծը եւ ոլորտում առկա օրենսդրական բացերն ուսումնասիրելու եւ վերացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվելու է համապատասխան օրենքի նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում է մասնակցել նշված աշխատանքային խմբի աշխատանքներին եւ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա վերաբերելի դրույթները քննարկել աշխատանքային խմբի կողմից մշակվող օրենքի նախագծի շրջանակներում՝ նախագիծը համատեղ ներկայացնելու նպատակով: Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված խմբագրությամբ օրենքի նախագծի ընդունումը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի 6-ամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ՝ չկարգավորված հարցերը կարգավորելու եւ լիազոր մարմիններ ճանաչելու նպատակով: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետությունում կենդանիների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ընտանի կենդանիների պահպանման եւ թափառող կենդանիների հետ կապված, ինչպես նաեւ կսահմանվեն նշված ոլորտում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականություններն ու իրավահարաբերությունները: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են ազատության եւ անազատության մեջ բնակվող վայրի, գյուղատնտեսական եւ այլ մթերատու, սինանտրոպ, մշակութային-հանդիսադիր միջոցառումներին, գիտահետազոտական, բժշկական, փորձարարական նպատակներով օգտագործվող կենդանիների պաշտպանությանը վերաբերող մի շարք դրույթներ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն կհակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, եթե հաշվի չառնվեն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առարկություններն ու առաջարկությունները: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտություն չկա: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Եզրակացություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ կետով նշվում է, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում գործունեության կարգավորման համար կարող է ստեղծվել հանրային խորհուրդ, փորձագիտական խումբ, պետական (համայնքային) ոչ առեւտրային կազմակերպություն, շահույթ չհետապնդող այլ կազմակերպություն, ինչպես նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերով նշվում է, որ կենդանիների համար ստեղծվում են կացարաններ, որոնք կարող են լինել պետության, համայնքային եւ մասնավոր սեփականության: Բացի այդ Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նշվում է, որ տուգանքների եւ տույժերի նախատեսումը մեղավոր անձանց չի ազատում վնասի փոխհատուցման պարտականությունից քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Նախագծի ընդունումը կբերի ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների ծախսերի ավելացման, որոնց ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: Նախագծի ընդունումը կարող է բերել նաեւ համայնքների բյուջեների եկամուտների ավելացման, որոնց ազդեցության կոնկրետ չափը եւս հնարավոր չէ հաշվարկել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: |