ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սահակյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1006-11.05.2016-ՊԱ-010/0) վերաբերյալ: Օրենքի նախագծի համաձայն՝ այն դեպքում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, եւ, եթե տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի սեփականությունն է, ապա օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է իրավաբանական անձը: Օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ «ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության՝ այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Գործող կարգի համաձայն՝ խախտում չկատարած անձը պետք է դրա մասին տեղեկացնի վարույթ իրականացնող մարմնին՝ միաժամանակ տեղեկություններ տրամադրելով, թե որ՝ այլ ֆիզիկական անձն է կատարել տվյալ խախտումը: Մինչդեռ իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում, առողջական պատճառներով լինել ժամանակավորապես անգործունակ, պատշաճ չծանուցվել եւ այլն: Նման հանգամանքներն իրենց հերթին խոսում են սույն փոփոխության նպատակահարմարության մասին: Եվ, վերջապես, գոյություն ունեն այնպիսի իրավաբանական անձինք, որոնց կառավարումն իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից, օրինակ՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ այլն: Այս պարագայում գործող կարգի համաձայն պատասխանատվության ենթարկելն ու տուգանք նշանակելն անհնար է:»: Այդ առումով գտնում ենք, որ իրավաբանական անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում իրավաբանական անձը նախատեսված չէ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության 5.6-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագիծը, որը շրջանառվել ու քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ եւ ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Օրենքի նախագծի դրույթների համաձայն՝ վարչական պատասխանատվության սուբյեկտ են նաեւ իրավաբանական անձինք: Այդ առումով իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումները կարող են քննարկվել կամ նոր մշակվող օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում, կամ գործող օրենսգրքում համակարգային ամբողջական փոփոխություններ կատարելով: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման դեպքում վարչական պատասխանատվության ենթարկել տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձին: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկել տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրվելու դեպքում վարչական պատասխանատվության կրումը տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կողմից` իրավաբանական անձի ղեկավարի փոխարեն: Ելնելով վերոնշյալից՝ հայտնում ենք, որ վերը նշված նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: |