ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1040-19.07.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից` հետեւյալ հիմնավորմամբ՝

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից եւ սեփականության ձեւից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ»: Նույն օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Նշվածից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են իրականացնել այն անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են համապատասխան լիցենզիա:
 
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, հանդիսանալով պետական կառավարչական հիմնարկ, չունի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունք: Ավելին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանդիսանում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության հանրապետական մարմին, որի աշխատողները հանդիսանում են ոչ թե բուժաշխատողներ, այլ հանրային (քաղաքացիական) ծառայողներ, ինչից հետեւում է, որ նրանք իրավունք չունեն եռամսյակը մեկ այցելելու ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց, արձանագրելու նրանց առողջական վիճակը, տալու անհրաժեշտ բժշկական ցուցումներ: Ավելին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված է վայրի պահանջ:

Բացի դրանից, ներկայացված կարգավորումը չի բխում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից` նկատի ունենալով, որ անձին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կարող են տրամադրվել վերջինիս համաձայնության առկայության դեպքում:

2. Վիրավորում ստացած եւ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների եւ առհասարակ քաղաքացիների արտահիվանդանոցային շարունակական բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման եւ դրա հաճախականության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչների (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրաման, 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 68-Ն հրաման, 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 73-Ն հրաման եւ այլն) համաձայն: Ընդ որում, այցերի հաճախականությունը պայմանավորված է ինչպես կոնկրետ հիվանդությունով, այնպես էլ օրգանիզմի ընդհանուր վիճակով եւ այլ հանգամանքներով: Հարկ է նշել, որ շարունակական հսկողությունը, որպես այդպիսին, իր մեջ ներառում է ինչպես կանչի դեպքում բուժաշխատողի այցը պացիենտին (անհրաժեշտության դեպքում նաեւ` բուժաշխատողի նախաձեռնությամբ հետագա այցերը), այնպես էլ պացիենտի այցերը բուժհաստատություն, որտեղ շարունակական հսկողության շրջանակներում իրականացվում է խորհրդատվություն, բուժում, անհրաժեշտ հետազոտությունների ծավալ, որոնք չեն կարող իրականացվել տնային պայմաններում:

Վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների բուժման գործընթացը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում, նախարարության համակարգմամբ իրականացվում են բժշկական խորհրդակցություններ, որոնց արդյունքներով որոշվում է պացիենտների բուժման հետագա տակտիկան:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը նախատեսված չէ ինչպես 2016 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 723-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համագործակցության հետ կապված հարաբերությունները: Համաձայն նշված օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 25-րդ ու 26-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» N 1044-Ն եւ «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1061-Ն որոշումները, որոնցով սահմանվում են սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում համագործակցության կողմերը, միջգերատեսչական համագործակցության ձեւերն ու կարգը, խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունները եւ այլն:

Նշված իրավական ակտերով սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռեւս ներառված չեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, մարտական հերթապահություն եւ հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, մարտական հերթապահություն եւ հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի կարգավիճակ ստանալու դեպքերը: Բացի դրանից, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները) անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելիս առնչվում են մի շարք դեպքերի հետ, երբ անհրաժեշտ է պահպանել անձի (ընտանիքի) տվյալների գաղտնիությունը, ինչն այս ոլորտում գործող իրավական ակտերով դեռեւս կարգավորված չէ:
Նշված հարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն եւ սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով պարտադիր պահանջ է սահմանվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, մարտական հերթապահություն եւ հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, մարտական հերթապահություն եւ հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի կարգավիճակ ստանալու խնդրահարույց դեպքերում համապատասխան տեղեկությունները բուժհաստատությունից եւ զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացնելը: Ինչը նշանակում է, որ  սոցիալական աջակցության  տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձեւավորում բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների եւ կարողությունների շրջանակներում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակներում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ: Նշված նախագծով կարգավորվում են նաեւ սոցիալական կարիքները գնահատելիս անձի (ընտանիքի) տվյալները գաղտնի պահելու  հետ կապված հարաբերությունները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով, գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի ընդունման դեպքում եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ:
Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) ամրագրվում է, որ ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունների եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական աշխատողները պարտավոր են` ժամկետային զինծառայողների զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` եռամսյակը մեկ այցելություններ իրականացնել ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց, ինչպես նաեւ տալ բժշկական եւ օրենդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ ցուցումներ` արձանագրելով նրանց առողջական եւ սոցիալական վիճակը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:    Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի` ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական ծառայողները պարտավոր են ժամկետային զինծառայողների` զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` եռամսյակը մեկ այցելել ծառայության ընթացքում վիրավորված անձանց, արձանագրել նրանց առողջական եւ սոցիալական վիճակը, տալ օրենսդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ ցուցումներ:
 
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
 
Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
     
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
     
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական ծառայողները ժամկետային զինծառայողների զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո նրանց առողջական եւ սոցիալական վիճակը արձանագրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ ցուցումներ տալու նպատակով պարտավոր են եռամսյակը մեկ անգամ այցելել ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց:

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք, իսկ ծախսերի մասով կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, որի գնահատականը հնարավոր չէ տալ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա Նախագիծը կունենա չեզոք ազդեցություն: