ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1061-19.09.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. 2-րդ հոդվածով նախատեսված՝ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված չեն։

2. 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նորաստեղծ ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնության, որի նվազագույն չափը չի կարող 300.000 դրամից պակաս լինել: Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն դրանում հստակ նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը: Եթե այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա հարկ է նշել, որ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

3. 7-րդ հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ընտանիքներին վերաբերող հարցերը ենթական են քննարկման ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի քննարկումների շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հնարավորությունները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու կարգն ու չափը հաստատելու մասին» որոշումը կընդունվի օրենքի ընդունումից 8 ամսվա ընթացքում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է օրենքով սահմանված կարգով ամուսնությունը գրանցելուց հետո նորաստեղծ ընտանիքներին տրամադրել 300 000 ՀՀ դրամից ոչ պակաս միանվագ դրամական օգնություն:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նորաստեղծ ընտանիք է համարվում ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ մեկ տարի ժամկետը ստեղծված ընտանիքը:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է նորաստեղծ ընտանիքներին երեք հարյուր հազար ՀՀ դրամից ոչ պակաս միանվագ դրամական օգնություն տրամադրել:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: 


Եզրակացություն

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

 Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:  


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության տրամադրում, որի նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.0 հազ. դրամը:

Նախագծի ընդունումը (եթե վերը նշված գումարի ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է) կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհարժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Վերը նշված միանվագ դրամական օգնության գումարները դրանց ստացողների համար կհանդիսանան եկամտային հարկով հարկվող եկամուտներ եւ այդ առումով Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ Նախագծի ընդունմամբ պայմանավորված ՀՀ  պետական բյուջեից կատարվելիք լրացուցիչ ծախսերի ծավալը էականորեն կգերազանցի ՀՀ պետական բյուջեի ստացվելիք լրացուցիչ եկամուտների ծավալին:

Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: