ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1121-16.11.2016-ՏՀ-010/0 եւ Պ-11211 -16.11.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ տրամադրվող հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը` մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը:

Օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից ի վեր տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ (շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի եւ եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում), ինչը խթանում է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը: Մասնավորապես, օրենքի կիրարկման արդյունքում մինչեւ օրս հավաստագրվել են ոլորտի 144 սկսնակ ընկերություններ, որոնք ստեղծել են 710 նոր աշխատատեղեր, մինչդեռ 2014 թվականին ՏՏ-ի ոլորտում ստեղծվել է 16 ընկերություն:

Հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների եւ այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքների վերլուծության եւ գնահատման արդյունքում եւս նկատվել է ոլորտի դրական աճ: Մասնավորապես, վերջիններիս կողմից ներկայացված հասույթի եւ արտահանման ծավալների, ինչպես նաեւ աշխատողների թվի աճից կարելի է ենթադրել, որ ընկերություններն ընդլայնել են իրենց գործունեությունն արտերկրի հետ՝ ներառելով համագործակցությունն ու իրացման շուկաները` այդպիսով նպաստելով նաեւ ոլորտի զարգացմանը:

Հաշվի առնելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացրած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առավել ընդգրկուն նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել նաեւ որոշ փոփոխություններ` օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներից եւ տարբեր տարընթերցումներից խուսափելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից եւ, եթե մինչեւ այդ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունի օրենքով հարկային արտոնություններ սահմանող նորմեր, ապա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի անցումային դրույթների 447-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն հարկային արտոնությունները կշարունակեն գործել մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող համապատասխան իրավական ակտերի համաձայն:

Ելնելով շարադրվածից՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում  ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը: Միաժամանակ նախագծի հեղինակին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի շրջանակներում:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
 

 Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

   
  
  Ե ԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

               ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
     «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին մի շարք հարկային արտոնություններ նախատեսող հավաստագրերի տրամադրման ժամկետների երկարացում:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ, մասնավորապես` օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների ազատում շահութահարկից, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից, ինչը կնպաստի ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը եւ մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ձեւավորմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Արդյունքում` կընդլայնվեն վերջիններիս հնարավորությունները կազմակերպելու իրենց սեփական գործունեությունը, ինչն էլ կարող է հանգեցնել տվյալ շուկայում տնտեսվարողների քանակի ավելացմանը:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երկարացնել ՏՏ ոլորտի համար հարկային արտոնություններ նախատեսող (հավաստագրված կազմակերպությունների ազատում շահութահարկից եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից) հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ տրամադրվող հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը` մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը:                                                                      Միաժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից արդեն իսկ մշակվել եւ շրջանառվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշված նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է.

- հարկային արտոնություններից օգտվելու համար սահմանել 5 տարի ժամկետ,

- նախատեսել դրույթ, համաձայն որի արդեն իսկ հավաստագրված ընկերություններին տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը` չնայած այն հանգամանքին, որ Նախագծով սահմանվող դրույթների ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` առաջարկում ենք այն հանել շրջանառությունից` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից մշակված եւ շրջանառված նախագծի հետ հնարավոր կրկնորդումներից խուսափելու նպատակով:
 

Եզրակացություն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագծերի փաթեթ) առաջարկվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 1-ից տեղափոխել 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ նույն օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների գործողության վերջին ժամկետը 2020 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2028 թվականի հունվարի 1-ը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա ազդեցությանը, ապա հայտնում ենք, որ այն կլինի չեզոք: