«Բարձրագույն ԵՎ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-024-20.06.2017-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Առաջարկում ենք «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.1-ին հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի և Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի «բ» պարբերություններով նախատեսված է. «բ. սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրական թեզի պաշտպանության կարգերի համապատասխանությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին»: Իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.1-ին հոդվածում նախատեսված են ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող նախազգուշացում, տուգանք, տուգանքի չափեր և լիցենզիայի գործունեության դադարեցում: Մասնավորապես, 3-րդ մասի 1-ին կետի «գ» պարբերությամբ նախատեսվում է նախազգուշացում՝ ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում, այդ թվում՝ դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման և ամփոփիչ ատեստավորման (քննությունների) մասերով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում ներառված են բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ խստացումներ նախատեսող այլ դրույթներ, իսկ բուհի նկատմամբ կիրառվող նախազգուշացման, տուգանքի, տուգանքի չափերի և լիցենզիայի գործունեության դադարեցման վերաբերյալ դրույթները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան եզրակացության հիման վրա նշված օրենքի նախագծից հանվել են: Վերջինիս համար հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5-րդ բաժնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ, որը, համաձայն նշված ծրագրի, համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները և բացառում այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքերի նախատեսումը: Այդ առումով նշվել է նաև, որ օրենսգրքի հետ շրջանառության մեջ են դրվել այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծեր, այդ թվում՝ նաև Բարձրագույն և հետբուհական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: