«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-115-23.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտարկումները:
Ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման, արժեթղթերով գործարքների բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների, ինչպես նաև արժեթղթերի իրացվելիության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ից ազատելու առաջարկության վերաբերյալ․
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում է բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների կողմից հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման, արժեթղթերով գործարքների բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների, ինչպես նաև արժեթղթերի իրացվելիության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումը:
Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ վերոնշյալ ծառայություններից ֆինանսական շուկայում բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել ԱԱՀ-ից, սակայն ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ 2018 թվականի հունվարի 1-ից այս արտոնությունը վերացել է՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական նկատառումները՝
- Օրենսգրքի ընդունմամբ խնդիր էր դրվել որոշակիորեն կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակը.
- եթե տնտեսության այլ ոլորտներում մատուցվող բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ապա հարկման արդարության ու հավասարության սկզբունքը պահանջում է, որպեսզի ֆինանսական ոլորտում նույնպես այս ծառայությունների մատուցումը ենթակա լինի ԱԱՀ-ով հարկման.
- ի տարբերություն ֆինանսական շուկայում մատուցվող ծառայությունների հիմնական տեսակների, բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցման դիմաց սովորաբար վճարվում է ոչ տոկոսային եկամուտ, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված է հարկել ԱԱՀ-ով: Մասնավորապես, Եվրախորհրդի կողմից 2006 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» դիրեկտիվի 135-րդ հոդվածով սահմանվում է ԱԱՀ-ից ազատված ֆինանսական ծառայությունների շրջանակը, որտեղ ընդգրկված են միայն հիմնական ֆինանսական ծառայությունները՝ ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, ապահովագրություն, լիզինգի տրամադրում, ներդրումային ծառայություններ և այլն, իսկ խնդրո առարկա ծառայություններն ընդգրկված չեն: Ընդ որում, քաղաքականության այս ուղղությունն իրականացվում է ինչպես ԵՏՄ անդամ պետություններում (ՌԴ, Ղրղզստան), այնպես էլ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններում (Ուկրաինա, Ալբանիա, Լիտվա, Խորվաթիա և այլն):
Քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է սակայն ոչ միայն վերականգնել ֆինանսական շուկայում բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը, այլ նաև ընդլայնել ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակը՝ ընդգրկելով ֆինանսական շուկայում մատուցվող այնպիսի ծառայություններ, որոնց մատուցման դիմաց նույնպես վճարվում է ոչ տոկոսային եկամուտ: Ավելին, նախագծով առաջարկվող արտոնությունների շրջանակն անհասկանալի է ու անվերահսկելի, այն իմաստով, որ պարզ չէ, թե ով և ինչպես է որոշելու՝ այս կամ այն ծառայության մատուցումն ապահովում է արդյոք արժեթղթերի իրացվելիություն, թե ոչ, հետևաբար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի է, թե ոչ:
Անդրադառնալով նախագծի ընդունման հիմնավորումներին՝ հայտնում ենք հետևյալը.
- Առաջին հիմնավորման համաձայն՝ կապիտալի շուկայի մասնակիցները որոշ դեպքերում փաստացի ավելի քիչ ԱԱՀ են վճարել բյուջե, քան կվճարեին, եթե խնդրո առարկա ծառայություններն ԱԱՀ-ով չհարկվեին, քանի որ ԱԱՀ-ն ավելի մեծ համամասնությամբ է հաշվանցվել:
Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ եթե ներկայացված դիտարկման տրամաբանությունը կայանում է նրանում, որ խնդրո առարկա ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու արդյունքում այդ ծառայությունները մատուցող ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն են ստացել իրենց կողմից կատարվող այլ ձեռքբերումներում ներառված ԱԱՀ‑ի գումարների գծով հաշվանցումներ կատարել և, ըստ էության, նվազեցնել պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարները, ապա հարկ է նկատել, որ նկարագրված իրավիճակում, այլ հավասար պայմաններում, զուգահեռաբար նվազել են այլ՝ ԱԱՀ-ով չհարկվող ծառայությունների ինքնարժեքները, հետևաբար նաև՝ նախադրյալներ են ստեղծվել այդ ծառայությունների գների նվազման համար, քանի որ եթե նախկինում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների մասով կատարվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի հաշվանցումներ չէին կատարվում, որովհետև ֆինանսական կազմակերպությունները մատուցում են միայն ԱԱՀ-ից ազատված ծառայություններ, ապա ներկայումս ԱԱՀ-ով չհարկվող գործարքների մասով կատարվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի որոշակի գումարներ հաշվանցվում են՝ հիմք ընդունելով մատուցվող ընդհանուր ծառայությունների կառուցվածքում ԱԱՀ-ով հարկվող ծառայությունների տեսակարար կշիռը: Այս առումով, օբյեկտիվորեն հարց է ծագում, թե ինչ հիմնավորումներով է խնդրո առարկա ծառայությունների գների հնարավոր նվազեցումը գերադասվում ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող և ԱԱՀ-ից ազատված հիմնական ծառայությունների գների հնարավոր նվազման համեմատությամբ:
- Երկրորդ հիմնավորման համաձայն` ֆինանսական շուկայում բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ով հարկելու արդյունքում ստեղծվել է անարդյունավետ խթան շուկայում կնքվող գործարքների բնույթը խեղաթյուրելու ուղղությամբ, երբ բրոքերային ծառայություն մատուցելու փոխարեն նախընտրելի է առք ու վաճառք ձևակերպել՝ արդյունքում խուսափելով ԱԱՀ-ից:
Վերոգրյալի կապակցությամբ գտնում ենք, որ եթե ԱԱՀ-ով հարկումից խուսափելու համար արհեստականորեն քողարկվում է գործարքի իրական բնույթը, ապա անհրաժեշտ է այդ երևույթի դեմ պայքարել հարկային վարչարարության արդյունավետ գործիքակազմ կիրառելով և ոչ թե հարկային քաղաքականության ու տնտեսագիտական բովանդակության տեսանկյունից չհիմնավորված արտոնություններ տրամադրելով: Այլ կերպ ասած, եթե գործ ունենք ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող այնպիսի տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք իրենց կողմից մատուցվող ծառայությունները համարում են հաճախորդ կազմակերպությունների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության հիմնական երաշխիքները, սակայն հենց իրենք են խուսափում հարկերի վճարումից, ապա այս շրջանակի հարկ վճարողներին հարկային արտոնությունների տրամադրումը խնդրի լուծման լավագույն ճանապարհը չէ:
- Երրորդ հիմնավորման համաձայն՝ ֆինանսական շուկայում բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ով հարկելու արդյունքում այդ ծառայություններն էականորեն թանկացել են ներդրողների համար:
Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ խնդրո առարկա ծառայությունները ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները հիմնականում ԱԱՀ վճարողներ են, ինչը նշանակում է, որ վերջիններս իրավունք ունեն հաշվանցել ձեռք բերվող ծառայությունների գնի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարները կամ Օրենսգրքով սահմանված դեպքերում, որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, հետ ստանալ այդ գումարները: Հետևաբար, գործնականում այստեղ խոսք չի կարող լինել ներդրումային նշանակություն ունեցող ծառայությունների թանկացման մասին:
Բացի այդ, ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառության՝ նախորդ տարիների փորձը բազմիցս ցույց է տվել, որ ԱԱՀ-ից ազատման արտոնության տրամադրումը գործնականում չի հանգեցնում ապրանքների կամ ծառայությունների գների նվազեցման և փոխարենը այդ ապրանքները մատակարարող կամ ծառայությունները մատուցող տնտեսավարող սուբյեկտներին գերշահույթներ ստանալու հնարավորություն է տալիս, քանի որ ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարվեր պետական բյուջե, լրացուցիչ շահույթի ձևով տնօրինվում է նշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից:
- Չորրորդ հիմնավորման համաձայն՝ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման պարագայում կբարձրանա ֆինանսական շուկայի մրցունակությունը:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նման եզրահանգում հնարավոր է կատարել, եթե կատարված ուսումնասիրություններով ու վերլուծություններով հիմնավորված լիներ այն ենթադրությունը, որ ֆինանսական շուկայի մրցունակությունը ցածր է, և դրա պատճառը հենց հարկային արտոնությունների բացակայությունն է: Այս առումով, հայտնում ենք, որ տնտեսության այս կամ այն հատվածում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մրցունակության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և առանց գործոնային վերլուծության, պարզապես հնարավոր չէ մրցունակության աստիճանն ուղղակի կախվածության մեջ դնել հարկային միջավայրից:
Վերոգրյալից ելնելով՝ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումների կատարումը նպատակահարմար չենք համարում:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները շահութահարկից կամ եկամտային հարկից ազատելու առաջարկության վերաբերյալ.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք ազատվում են կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով շահութահարկի կամ եկամտային հարկի վճարումից:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ թափանցիկության, հաշվետվողականության և կորպորատիվ կառավարման ստանդարտների ներդրման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար խստացվում են հրապարակային ընկերությունների նկատմամբ սահմանվող օրենսդրական պահանջները: Հետևաբար, անհրաժեշտ է հրապարակային ընկերությունների համար սահմանել հարկային խթաններ՝ ըստ էության, փորձ կատարելով դրանով փոխհատուցել կարգավորման խիստ կանոններով տնտեսավարող սուբյեկտներին պարտադրված խիստ ռեժիմը:
Վերոգրյալի կապակցությամբ, գտնում ենք, որ առաջարկության ընդունումն ինքնին չի կարող խթանել կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսեր թողարկող ընկերություններում ներդրումների կատարումը, սակայն փոխարենը կհանգեցնի պետական բյուջեի հարկային եկամուտների չհիմնավորված կորուստների: Մասնավորապես՝
- միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պոտենցիալ ներդրողների համար ներդրում կատարելու որոշումների կայացման վրա ազդեցության տեսանկյունից շահաբաժինների՝ հարկման ենթակա լինելու հանգամանքը վճռորոշ չէ: Փոխարենը, սակայն, ներդրումների կատարման որոշումներ կայացնելու վրա էական ազդեցություն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրում հավասար մրցակցային միջավայրի առկայությունը, կայունությունը, կանխատեսելիությունը, կայացած դատական համակարգը, վարկային ռեսուրսների հասանելիությունը, ենթակառուցվածքները, հումքի և պատրաստի արտադրանքի շուկաների հասանելիությունը և այլն.
- եթե անգամ որոշ պոտենցիալ ներդրողների (տվյալ դեպքում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք) համար ներդրում կատարելու որոշումների կայացման վրա ազդեցության տեսանկյունից շահաբաժինների՝ հարկման ենթակա լինելու հանգամանքը վճռորոշ լինի, ապա, միևնույն է, ներդրողին հետաքրքրում է շահաբաժնի մասով վճարվելիք հարկերի ընդհանուր մեծությունը՝ անկախ այն հանգամանքից, թե հարկերի որ մասն է վճարվելու շահաբաժնի վճարման աղբյուր համարվող երկրում, և որ մասը՝ ռեզիդենտության երկրում: Մասնավորապես, հարցի էությունը կայանում է նրանում, որ ռեզիդենտության սկզբունքի վրա կառուցված հարկման մոդելի պայմաններում ռեզիդենտներն իրենց ռեզիդենտության երկրում հարկերը վճարում են համաշխարհային եկամուտներից՝ նախապես նվազեցնելով այլ երկրներում վճարված հարկերը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահաբաժնի հարկման դրույքաչափի նվազեցումը նշանակում է, որ այդ չափով պակաս հարկ է վճարվելու Հայաստանի Հանրապետությունում, սակայն նույն չափով ավել հարկ է վճարվելու տվյալ ներդրողի ռեզիդենտության երկրում (բացառությամբ միայն այն դեպքերի, երբ տվյալ ներդրողի ռեզիդենտության երկրում հարկի դրույքաչափն ավելի ցածր է): Արդյունքում շահաբաժնից վճարվող հարկերի ընդհանուր մեծությունը չի կրճատվելու, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու գրավչության աստիճանը չի ավելանալու.
- միաժամանակ հայտնում ենք, որ Օրենսգրքով շահաբաժինների հարկման առումով ամրագրված կարգավորումները ոչ միայն չեն խոչընդոտում ներդրումների կատարմանը, այլ նաև որոշակիորեն խթանում են ներդրումների կատարումը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմանը, որի համաձայն՝ շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով: Այսինքն, եթե ընկերության բաժնետերերն այնուամենայնիվ որոշում են ընդունել շահաբաժինները բաշխելու վերաբերյալ, և դրանք բաշխվել են բաժնետերերին, ապա ընկերության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում վերաներդնելու դեպքում շահաբաժիններն ըստ էության ազատվում են եկամտային հարկով հարկումից.
- մյուս կողմից, հարկ է նկատել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերով: Ընդ որում, հաճախ համաձայնագրերով նախատեսված են շահաբաժինների հարկման՝ ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր կամ շահութահարկից առհասարակ ազատում: Այս համատեքստում, սակայն, շատ կարևոր է այն, որ համաձայնագրերով շահաբաժինների հարկման արտոնյալ հնարավորությունները հաճախ կապվում են Հայաստանի Հանրապետությունում ներդրումների կատարման որոշակի նվազագույն գումարների կամ ժամկետների հետ, ինչն ուղղակիորեն խթանում է, որպեսզի մեր երկրում կատարվեն այդ նվազագույն գումարները գերազանցող և երկարաժամկետ ներդրումներ: Այս կապակցությամբ, ներկայացված առաջարկությունների ընդունումը կնշանակի հրաժարվել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի հիմքում դրված խթանիչ կարգավորումներից, ինչը բացասաբար կանդրադառնա մեր երկրում կատարվող ներդրումների վրա.
- բացի այդ, անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ շահաբաժինների հարկումից ազատումը ոչ թե ծառայում է ներդրումների ներհոսքին կամ տնտեսական աճին, այլ հիմնականում ծառայում է որպես գործիք՝ հարկումից խուսափելու տարբեր մեխանիզմներ կիրառելու և ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտները չհարկելու համար: Օրինակ, նախկինում շատ տարածված էր այն մեխանիզմը, որի շրջանակներում գործատուի հետ իրականում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք ձևակերպվում էին որպես գործատուների բաժնետերեր (կամ պարզապես թերհայտարարագրվում էր աշխատավարձերի իրական մեծությունը), ինչի արդյունքում վերջիններիս կողմից կատարված աշխատանքի դիմաց վարձատրությունը վճարվում էր ոչ թե աշխատավարձի, այլ շահաբաժնի տեսքով (քանի որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չէին)՝ դրանով իսկ խուսափելով աշխատավարձի համար սահմանված եկամտային հարկի վճարումից: Այս առումով, ֆիզիկական անձանց կողմից ստացվող շահաբաժինները չհարկելու առաջարկության ընդունումը նշանակում է վերոնշյալ ռիսկերի վերականգնում.
- ի վերջո, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները հարկումից ազատելը այն դեպքում, երբ այլ բաժնետոմսերից ստացված շահաբաժինները շարունակելու են հարկման ենթակա լինել, կնշանակի խտրական մոտեցումներ կիրառել միևնույն տեսակի եկամտի հարկման հարցերում, ինչն ակնհայտորեն հակադրվում է հարկման արդարության և հավասարության սկզբունքներին.
- բացի վերոնշյալը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծով (Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0) արդեն իսկ առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն՝ 5 տոկոս դրույքաչափով, իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ 5 տոկոս դրույքաչափով: Ընդ որում, շահաբաժինների համար սահմանված հարկային բեռի իջեցման՝ վերոնշյալ բացասական կողմերի առկայության պարագայում, ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների համար հարկման հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար սահմանված՝ շահաբաժինների հարկման ընդգծված անհավասարությունը մեղմելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացած շահաբաժինները հարկումից ազատելու առաջարկությունն ընդունելի չենք համարում:
Պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից (այդ թվում՝ դրանց օտարումից, փոխանակումից կամ նման այլ գործարքներից) ստացվող եկամուտները եկամտային հարկից ազատելու առաջարկության վերաբերյալ.
Նախագծով, ըստ էության, առաջարկվում է պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից ստացվող տոկոսային եկամուտները, ինչպես նաև դրանց օտարումից, փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկով հարկումից:
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների՝ եկամտային հարկով հարկումը խնդիրներ է ստեղծում ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ հատկապես փոքր գումարով ներդրողների սպասարկելիս: Մասնավորապես, նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ խնդիրը կայանում է նրանում, որ ներդրողը պարտատոմսը գնելիս վաճառողին է վճարում նաև մինչև վաճառքի օրը հաշվեգրված, սակայն դեռևս չվճարված տոկոսները, և եթե պարտատոմսը գնում է արժեկտրոնի վճարման օրերի միջև ընկած ժամանակահատվածում, ապա, միևնույն է, արժեկտրոնի վճարման օրը հարկվում է ամբողջությամբ և հնարավորություն չի ստանում նվազեցնելու արժեկտրոնի այն մասը, որը վճարվել է պարտատոմսը գնելիս։
Բացի այդ, որպես ներկայացված առաջարկության հիմնավորում, նշվում է այն մասին, որ պետական պարտատոմսերի գծով ստացվող տոկոսային եկամուտներն ազատված են եկամտային հարկով հարկումից։
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը։ Այսինքն, գործող օրենսդրության համաձայն՝ ներդրում վկայող արժեթղթերի (մասնավորապես՝ պարտատոմսերի) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն արդեն իսկ եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ՝ անկախ այն հանգամանքից խոսքը վերաբերում է կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերին, թե ոչ։ Հետևաբար, ճիշտ կլիներ, որ քննարկման առարկա դառնար միայն կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերից (մասնավորապես՝ պարտատոմսերից) ստացվող տոկոսները եկամտային հարկից ազատելու հարցը:
Վերջինիս կապակցությամբ գտնում ենք, որ նախագծով ներկայացված հիմնավորումները բավարար չեն նման հարկային արտոնություն տրամադրելու համար: Մասնավորապես՝
- նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված խնդիրը՝ կապված մինչև պարտատոմսի վաճառքի օրը հաշվեգրված, սակայն դեռևս չվճարված տոկոսների հարկման անհնարինության հետ, պետք է դիտարկել շուկայական գնագայոցման մեխանիզմի շրջանակներում՝ հաշվի առնելով այն, որ եթե շուկայում առաջարկվում է հաշվեգրված տոկոսներով և այդ տոկոսներին համապատասխանող եկամտային հարկով «ծանրաբեռնված» պարտատոմս, ապա ինչպես հաշվեգրված տոկոսը, այնպես էլ դրան համապատասխանող եկամտային հարկի գումարը պետք է որոշակի ազդեցություն ունենան պարտատոմսի շուկայական գնի ձևավորման վրա (ճշգրտեն շուկայական գինը): Այս առումով, գտնում ենք, որ եկամտային հարկի շրջանակներում գործող՝ հարկային գործակալի ինստիտուտի կիրառությունը խնդրո առարկա իրավիճակներում չի ստեղծում այնպիսի անհաղթահարելի խոչընդոտ, որը կարող է պատճառ դառնալ որոշակի կոնկրետ տեսակի պարտատոմսերից ստացվող տոկոսները հարկումից ազատելու համար.
- ներկայացված առաջարկության ընդունումը չի բխում հարկման հավասարության և արդարության սկզբունքներից, քանի որ եթե մնացած բոլոր պասիվ եկամուտները և հատկապես կորպորատիվ պարտատոմսերից ստացվող տոկոսները ենթակա են եկամտային հարկով հարկման, ապա ինչու պետք է կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսերից ստացվող տոկոսներն ազատվեն եկամտային հարկով հարկումից.
- գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը կամ մարման ժամանակ ստացվող զեղչը եկամտային հարկից ազատված լինելու կապակցությամբ հայտնում ենք, որ գանձապետական պարտատոմսերի մասով արտոնությունը սահմանվել է՝ նպատակ ունենալով նպաստավոր միջավայր ձևավորել պետական պարտքը ներքին ռեսուրսներով ֆինանսավորելու համար՝ զուգահեռաբար չավելացնելով պետական պարտքի սպասարկման ուղղությամբ կատարվող բյուջետային ծախսերը: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով սահմանված արտոնությունը վերացնելուն դեմ չենք.
- ինչ վերաբերում է նախագծի հիմնավորմամբ նշված այն մտքին, որ առաջարկության ընդունման դեպքում ՀՀ ֆինանսական շուկան առավել հավասար մրցակցային պայմաններում կհայտնվի հարևան Վրաստանի հետ համեմատությամբ, քանի որ Վրաստանում կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկով հարկումից, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վրաստանում կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարները, ինչպես նաև ներդրում վկայող արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտները եկամտային հարկից ազատվել են 2018 թվականի հունվարի 1-ից: Փոխարենը, ներդրում վկայող արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտները Հայաստանի Հանրապետությունում արդեն տարիներ շարունակ ազատված են եկամտային հարկից, և եթե այս եկամուտների հարկման հանգամանքը իրականում որոշիչ դեր ունի կապիտալի շուկայի ձևավորման և կայացման համար, ապա անցած տարիների ընթացքում ՀՀ հարկային համակարգը այդ առումով ունեցել է ակնհայտ մրցակցային առավելություններ, մինչդեռ կապիտալի շուկան այդ տարիների ընթացքում այդպես էլ չի զարգացել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ կորպորատիվ պարտատոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի գծով ստացվող տոկոսային եկամուտները եկամտային հարկով հարկելու հանգամանքը չէ, որ էական ազդեցություն է թողնում կապիտալի շուկայի զարգացման վրա, և հետևաբար, առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:
Ֆիզիկական անձանց կողմից ստացվող շահաբաժինները եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափով հարկելու առաջարկության վերաբերյալ․
Ինչպես արդեն նշվել է, ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը միասնականացնելու և այն 5 տոկոս սահմանելու առաջարկությունն արդեն իսկ ներառված է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծում, հետևաբար քննարկման ներկայացված նախագծի շրջանակներում այս հարցին կրկին անգամ անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Բացի այդ, հայտնում ենք, որ նախագծով առաջարկվում են հակասական կարգավորումներ: Մասնավորապես, նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, ինչի արդյունքում կստացվի, որ շահաբաժիններից ստացվող եկամուտն առհասարակ ենթակա չէ եկամտային հարկով հարկման:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամփոփելով վերոնշյալը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային արտոնությունների շրջանակի ընդլայնումը չի բխում ներկա փուլում իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, յուրաքանչյուր նոր հարկային արտոնության տրամադրում ենթադրում է հարկային եկամուտների կորուստ, հետևաբար նաև՝ ազգային անվտանգության, գիտության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, բնապահպանության և այլ հանրօգուտ ոլորտներում չկատարված բյուջետային ծախսեր՝ ներկայացված նախագծի ընդունումը նպատակահարմար չի համարում և առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ:
Միևնույն ժամանակ, կարևորելով կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման և ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման տեսանկյունից, գտնում ենք, որ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղվող քայլերը պետք է համակարգված բնույթ ունենան: Ենթադրաբար, նախ պետք է բացահայտել կապիտալի շուկայի զարգացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները, դրանցից յուրաքանչյուրի նշանակալիության աստիճանը և միայն դրանից հետո՝ հնարավոր համապարփակ ազդեցությունները հաշվի առնելով, մշակել գործողությունների ծրագիր ու ըստ առաջնահերթությունների իրականացնել անհրաժեշտ միջոցառումները: