«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
«Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» օրենքի նախագծի՝
- 2-րդ հոդվածում նշվում է, որ պետական աջակցության ենթակա են 50 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը։ Այս առումով գտնում ենք, որ նշված գումարի սահմանափակմամբ ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի կարգավորումներից, ինչպես նաև դրանց կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչով են պայմանավորված նշված չափորոշիչն ընտրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմները:
Հարկ է նշել նաև, որ կարող են լինել 50 մլն դրամից պակաս ներդրումային ծրագրեր, որոնք իրենց կարևորությամբ և տվյալ ոլորտում առավել հրատապ ներդրում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույնպես ունենան պետական աջակցության կարիք: Հետևաբար անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ բնագավառի միջազգային փորձը և նախատեսել կարգավորման այն մոդելը, որն առավել ընդունելի կլինի Հայաստանի Հանրապետության համար:
Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում թվարկել այն նախաձեռնությունները, որոնք միտված են ծառայելու ներդրողների կարիքներին, ինչպես նաև ապահովելու ներդրումային ծրագրերի սահուն իրականացումը․
- Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս գործում է «eRegulations Armenia» հարթակը, որտեղ թվայնացված է 8 ոլորտներում 12-ից ավելի (նախատեսված է աստիճանաբար ընդլայնել ցանկը) ընթացակարգերի մանրամասն նկարագրություն (մուտքի արտոնագիր ստանալուց մինչև շինթույլտվությունների և երկրի ծագման հավաստագրի ստացում):
- Կարևորելով ոչ միայն ընթացակարգերի մանրամասն ներկայացումը թվային հարթակում, այլև պետության կողմից տրամադրվող թույլտվությունների և արտոնագրերի առցանց տրամադրման հնարավորությունը՝ ներկայումս ՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնել է ապրանքների սահմանահատման գործընթացներում անհրաժեշտ փաստաթղթերի ստացման առցանց հարթակի մշակում։ Այս հարթակը ևս կգործի «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարարները հնարավորություն կստանան առցանց եղանակով ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը և ստանալու համապատասխան թույլտվություններն ու արտոնագրերը։
- Ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ նախկինում ներդրված էր «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցման մեխանիզմ, որն իրականացվում էր ներդրումների խրախուսման գործառույթն իրականացնող մարմիններում։ Դրանց լուծարման պայմաններում այժմ քննարկվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում վերոնշյալ մեխանիզմի տեղայնացման մոտեցումները: Այս հարցի առնչությամբ լավագույն լուծումները և առավել արդյունավետ մեխանիզմները մշակելու և ներդնելու նպատակով հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու ՀՀ ԱԺ պատգամավորների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումային ծրագրերը տարաբնույթ են և հաճախակի պահանջում են տարբերակված մոտեցում՝ գտնում ենք, որ տվյալ խնդիրների համապարփակ կարգավորումը մեկ օրենքի շրջանակում շեշտակիորեն նվազեցնում է ծրագրերին աջակցություն ցուցաբերելու ճկունությունն ու արդյունավետությունը։
- 4-րդ հոդվածով նախատեսվում է կարգավորում, համաձայն որի՝ ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթ է սույն օրենքով սահմանված չափորոշիչները բավարարող ներդրումային ծրագրերի իրականացման ողջ շղթայի ընթացքում պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում պարտականությունների կատարման համակարգման և պետական վերահսկողության իրականացումը:
Այսինքն` տվյալ կարգավորման պարագայում ստացվում է, որ լիազոր մարմինը պետք է վերահսկողական գործառույթներ իրականացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, որոնք իրականացնելու են հողի նպատակային նշանակության փոփոխությունը և այլ գործառույթներ:
Այս առումով գտնում ենք, որ նախագծի 4-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ տվյալ դեպքում խոսքը պետք է լինի ոչ թե պետական վերահսկողության, այլ պարտականությունների կատարման համակարգման մասին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթներից է ներդրումային ծրագրերի էլեկտրոնային դիտանցման միասնական համակարգի կառավարումը:
Այս առումով գտնում ենք, որ տվյալ դեպքում պարզ չէ, թե ինչ իրավական ակտով է կարգավորվելու էլեկտրոնային դիտանցման միասնական համակարգը:
- Նախագիծը խնդրահարույց է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ այդ սկզբունքի ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է նախագծով սահմանել «պետական աջակցություն» հասկացությունը, ինչպես նաև պետական աջակցության եղանակները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: