«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-225-15.07.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքով սահմանված շահառուների ցանկում ներառել նաև 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ նախատեսելով համապատասխան կազմերի հատուցման չափերը: Համաձայն նախագծի հիմնավորման՝ առաջարկությունը պայմանավորված է հատուցման հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների առկա չափով, ինչպես նաև հաշվի առնելով մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարևորությունը:        
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների կազմի՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներ, սահմանման հիմքում դրվել է հասցված վնասի բովանդակությունը:         
Դրամաշնորհների վճարի և տրամադրվող հատուցումների չափերը որոշելու համար կատարված հաշվարկներում հաշվի են առնվել միայն գործող օրենքով սահմանված դեպ-քերը, ինչը նշանակում է, որ դրամաշնորհային վճարի սահմանված չափն այսօր կարող է սպասարկել միայն տվյալ հատուցման դեպքերը: Այն դեպքում, երբ ընդլայնվի հատուցման տրամադրման շրջանակը՝ անհրաժեշտություն կառաջանա կատարելու նոր հաշվարկներ:   
Գործող օրենքով սահմանված հատուցման չափերը որոշելու համար հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպեսիք են տվյալ կարգի համար հաշմանդամություն ունեցող զինծառայողին տրամադրվող թոշակի, պայմանագրային զինծառայողներին տրամադրվող աշխատավարձի չափերը, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը: Կարծում ենք, որ, առանց համապատասխան հաշվարկների, հատուցման գումարի չափ սահմանելն ընդունելի չէ:
Ներկայումս հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, ինչը տրամաբանական է, քանի որ հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարվա համար: Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ ներկայումս հավաքագրված միջոցները հիմնադրամի «ազատ» միջոցները չեն, այլ հիմնադրամի «ապագա խոստումն» արդեն իսկ ստանձնած պարտավորությունների համար են: Հավաքագրված միջոցների մոտավորապես 75 տոկոսը (16,949,147,289 դրամից 12,300,000,000 դրամը) հիմնադրամի պարտավորությունն է՝ տրամադրվող հատուցման դեպքերի մասով: Ապահովագրական ընկերության մոդելով գործող ցանկացած կազմա-կերպության միջոցները մշտապես գերազանցում են առկա պարտավորությունները, քանի որ առկա են մի շարք ռիսկեր, որոնք առաջանալու դեպքում կառույցը պետք է ունակ լինի ապահովելու իր գործունեության շարունակականնությունը: Հնարավոր ռիսկերը մեծածավալ են նաև հիմնադրամի դեպքում և հաշվի են առնվել՝ ինչպես հիմնադրամի ստեղծման փուլում, այնպես էլ՝ գործունեության ընթացքում մշտապես կատարվող հաշվարկներում: Դրանք կարող են լինել ինդեքսավորման, աշխատաշուկայում հնարավոր ցնցումների, շփման գծում լարվածության ուժգնացման կամ լայնածավալ գործողությունների ռիսկեր:       
Հիմնադրամի առաջնային նպատակներից է եղել գործող օրենքի շրջանակներում ընդլայնել հատուցումների տրամադրումը՝ ժամանակագրական առումով հետ գնալու միջոցով: Ներկայումս, հաշվի առնելով հիմնադրամի ֆինանսական դրությունը, հատուցումներ են տրամադրվում ոչ միայն 2017 թվականից հետո, այլև 2008-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով, և կատարվում են հաշվարկներ 2008 թվականից հետ գնալու մասով՝ նույնպես: Շարադրվածն իր հերթին մեծացրել է հիմնադրամի պարտավորությունների ծավալը և ծանրաբեռնվածությունը: Տրամադրված հատուցումների 75 տոկոսից ավելին (314 դեպքից՝ 240-ը) 2017 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերն են: Նախատեսվում է հաջորդ 2-3 տարվա ընթացքում հատուցում տրամադրել 1990-ականների սկզբից օրենքով սահմանված դեպքերում կյանքին կամ առողջությանը վնաս հասցված զինծառայողներին:  
Կարծում ենք, որ առաջիկա տարիներին հիմնադրամը պետք է առաջնորդվի իր որդեգրած քաղաքականությամբ և հատուցումների տրամադրման ծավալն աճեցնի նախ-կինում տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումներ տրամադրելու միջոցով:   
Միայն այս գործընթացների վերջնական արդյունքներով կարող է քննարկվել օրենքով սահմանված շահառուների կազմը կամ դեպքերի շրջանակն ընդլայնելու հարցը, ընդ որում, գտնում ենք, որ օրենքում նպատակահարմար է լինելու ներառել միայն 3-րդ խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող զինվորական կենսաթոշակառուներին: 
Հարկ է նկատել նաև, որ անձանց առողջական վիճակի այն աստիճանը, որի հիման վրա տրվում է հաշմանդամության 3-րդ խումբ, շատ հաճախ փոփոխական է, և վերափորձաքննության արդյունքներով հավանականությունը մեծ է, որ անձը հետագա բուժումների իրականացման հիման վրա չի ճանաչվի հաշմանդամություն ունեցող: Այս առումով հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց օրենքով սահմանված շահառուների ցանկում ընդգրկելը կարող է արդյունքում հանգեցնել հատուցման նշանակման և դադարեցման անընդհատ գործընթացի, ինչը բարդացնելու է հիմնադրամի գործունեությունը:       
Հաշվի առնելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:               
Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի դրույթների ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել նաև օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում և 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում:            
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում օրենքի կիրարկումն ապահովելու համար անհհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ: