Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ |
Հարգարժա՛ն պարոն Կարապետյան,
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները խմբակցության կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ «Օրենք») փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ «Նախագիծ», կոդ՝ Խ-127-02.05.2019,17.06.2019-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ.
- Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի լրացման տեքստից հանել «, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը» բառերը։
- Առաջարկում ենք նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
Նույն` Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը։
- Առաջարկում ենք Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
Օրենքը լրացնել նոր 351–ին հոդվածով.
«Հոդված 351. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
- Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:
- Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնում համայնքապետարանի հայտարարությունների համար նախատեսված վայրում:
- Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը:
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով՝
- առնվազն 26 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ,
- ունի համապատասխան ոլորտի միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- չունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն։
Մրցութային հանձնաժողովը չի թույլատրում անձին մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն մասով սահմանված պահանջներից որևէ մեկը:
- Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
- Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաև իր աշխատանքային ծրագիրը:
- Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը, ավագանու խմբակցություններից 5-ական անդամներ, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։
Մյուս համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը և ավագանու 5 անդամ՝ վիճակահանությամբ, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։
Եթե համայնքի ավագանու անդամների թիվը 5-ից պակաս է, ապա մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ավագանու բոլոր անդամները, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։
Մրցութային հանձնաժողովի քվորումն ապահովված է համարվում հանձնաժողովի անդամներից առնվազն 2/3-ի ներկայության պարագայում։
Մրցութային հանձնաժողովի աշխատանքները համակարգում է դրա ամենաերկար մասնագիտական ստաժ ունեցող անդամը։ Մասնագիտական ստաժի հավասարության դեպքում հանձնաժողովի անդամները հարցը որոշում են քվեարկությամբ։
- Մրցույթի յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցներից առանձին հրավիրվում է մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվող հարցազրույցի։
Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5-բալանոց համակարգով: Գնահատման գործընթացը հրապարակային է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում ստացած բալերի հանրագումարն առավելագույնն է:
Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար հանրագումար, ապա հաղթողը որոշվում է ավագանու բաց քվեարկության միջոցով:
- Մրցույթի արդյունքները հրապարակվում են դրանք պարզ դառնալուց անմիջապես հետո:
- Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում մրցույթի անցկացման կարգի խախտումների վերաբերյալ մասնակցի կողմից կարող է բողոք ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունն աշխատակազմը ներկայացնում է համայնքի ղեկավարին: Եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային oրվա ընթացքում համայնքիղեկավարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում:
- Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խոչընդոտներից առնվազն մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:
Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգով ներկայացված բողոքի հիման վրա՝ մրցույթը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:»։
Շնորհակալություն համագործակցության համար։
Հարգանքով՝
ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ