«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-249-06.08.2019-
ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 14-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունների փորձագետների թիվը չորսից դարձնել մինչև հինգ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակով և դրանից բխող մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով Ազգային ժողովի խմբակցությունների աշխատանքի արդյունավետության և նոր մասնագետների ներգրավմամբ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 5.0 մլն դրամի չափով:
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը լիարժեք գնահատելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ անհրաժեշտ է ներկայացնել նաև վիճակագրական տվյալներ՝ իրավական ակտերի նախագծերի՝ նախորդ տարիների համեմատ գրանցված աճի վերաբերյալ: