«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածն անընդունելի է, քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը, իսկ համաձայն 12-րդ հոդվածի 2-րդ մասի` հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
2. Նախագծի 2-րդ հոդվածն ընդունելի չէ, քանի որ լուսավորման, մաքրման, նոսրացման և անցումային հատումներն իրենցից ներկայացնում են խնամքի հատման հիմնական տեսակները և իրականացվում են' արտադրական, պաշտպանական և հատուկ նշանակության (բացառությամբ պետական արգելոցների) անտառներում:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակում։ Նախարարության կողմից մշակված նախագծում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի մի շարք հոդվածներ փոփոխվել են, մի մասն էլ ուժը կորցրած է ճանաչվել։
Նախարարության կողմից շրջանառվող նախագծում նախատեսվում է օգտագործել «խնամքի հատում» եզրույթը, չնայած նրան, որ այն հանդիսանում է միջանկյալ հատման տեսակ:
Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առա-ջարկում է նախագծով քննարկվող Անտառային օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում: