«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-256-13.08.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, համաձայն որի նշված մասով նախատեսված լիազորագրերը հաստատվում են անվճար:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, հեղինակների ու գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների՝ բանկային ավանդներ ու փոստային առաքումներ, այդ թվում՝ դրամական և ծանրոցային, ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում կամ սովորում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ: Նույն հոդվածի 3-րդ մասում թվարկված են նոտարի վավերացված լիազորագրերին հավասարեցված՝ համապատասխան անձանց կողմից վավերացված լիազորագրերը:

Ընդհանուր առմամբ ընդունելի ենք համարում նախագծով առաջարկվող կարգավորումը, սակայն հարկ ենք համարում նշել, որ համապատասխան սուբյեկտների կողմից հաստատված և նոտարի կողմից վավերացված լիազորագրերին հավասարեցված լիազորագրերն անվճար հաստատվելու վերաբերյալ դրույթը հավասարապես վերաբերում է նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորագրերին, ուստի առաջարկում ենք նույն կարգավորումը նախատեսել նաև օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում: