ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-260-20.08.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու նպատակով եղել են առաջարկություններ տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում նաև աշխատանքային կոլեկտիվի կողմից, ներդրումներ ներգրավելու և բժշկական հաստատության պրոֆիլը պահպանելու նպատակով առաջարկվում է ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման` մրցութային եղանակով։ Ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 749 157 087 դրամ:
Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից սահմանվել են մրցույթի հաղթողի որոշման պայմանները՝ գին, որը չի կարող ցածր լինել բաժնետոմսերի գնահատված արժեքի 75 տոկոսից, վճարման ժամկետներ, ներդրումների չափ, ինչպես նաև ներկայացվող առաջարկությունները գնահատելու կշռային գործակիցներ։
Սահմանվել է նաև, որ գնորդը մասնավորեցումից և պայմանագրի կնքումից հետո՝ վեց ամիս պետք է պահպանի ընկերության աշխատակիցների թիվը և աշխատավարձերի չափը, պայմանագրի կնքումից հետո ապահովի ընկերության պրոֆիլի պահպանումը և ընդլայնումը` պոլիկլինիկական գործառույթներով, ինչպես նաև առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովի ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության ծառայության ծավալները, որը չի կարող պակաս լինել 2018 թվականի ընթացքում ընկերության կողմից բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներից՝ 12 000 հիվանդ, որից 3000-ը` ստացիոնար։ Նշված նախագիծը համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ։
Հարկ է նշել, որ ներկայումս մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն իրականացվում են ամբուլատոր պայմաններում, իսկ բարդացված կամ այլ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում պացենտները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են բազմապրոֆիլ հիվանդանոցներում:
Ինչ վերաբերում է ներկայացված նախագծի հիմքում ընկած ազգաբնակչությանը որակյալ մասնագիտական ծառայություններ մատուցելու մտահոգությանը, ապա գտնում ենք, որ ընկերության պետական բաժնետոմսերի նշված պայմաններով մասնավորեցումը ներդրումների ներգրավման միջոցով ավելի կնպաստի մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, քան ընկերության` որպես պետական հաստատություն մնալը։ Ավելին, Առողջապահության նախարարությունը նախապես հայտնել է նաև պետական պատվերի ծավալների նվազեցման մասին:
Միաժամանակ, հստակեցման կարիք ունի նախագծի հիմնավորման մեջ նշված այն պնդումը, որ ընկերության գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, սակայն չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը կամ պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը։
Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենքի N 1 հավելվածը թողնել անփոփոխ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ