«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-377-18.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալ դիտարկումները:
Նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:
Հատկանշական է, որ պետության կողմից օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության ընձեռումը կրում է խրախուսական բնույթ:
Օրենքի առկայությունը և նշված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառումը պետության կողմից ցուցաբերված խրախուսանքի դրսևորում է, որը կոնկրետ ժամանակահատվածում ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հիմնավորվածություն:
Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերին, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի առկայության հետ:
Նախագիծը հիմնավորվում է սոսկ նրանով, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից: Մինչդեռ նախագծի հեղինակների կողմից անդրադարձ չի կատարվել նախագծի ընդունման հիմնավորվածությանն ու նպատակահարմարությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում: