ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-346-07.11.2019-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
1. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում:»
Սույն լրացումը պայմանավորված է տօրենի ընտրության գործընթացին մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներին մասնակից դարձնելու օրենսդրական կարգավորումը ամրագրելու և կարգով բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանելու նպատակով:
2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է. 1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:»:
Լրացումը պայմանավորված է 1-ին դասարան ընդունելու համար դիմում ներկայացնելու էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, որի արդյունքում տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող կամ դպրոցի աշխատակիցների երեխաները չեն կարողացել ընդունվել դպրոց, քանի որ դիմողները քանակը շատ է եղել և արագ լրացել են դպրոցին տրված լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերը:
Լրացմամբ վերը նշված երեխաները կունենան առավելություն, ինչը բխում է նրանց լավագույն շահերից և դրական ազդեցություն կունենա նրաց կրթության որակի վրա:
3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և կրթության ձևը» բառերը.».
Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենսդրությամբ նախատեսված և սահմանված չեն կրթության ձևեր, հետևաբար ծնողին վերապահված հիշյալ իրավունքը փաստացի չի իրացվում:
4. Նախագծի 3-րդ հոդվածը հանել:
Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ դրույթով նախատեսված կարգավորումը առավել նպատակահարմար է նախատեսել տվյալ ոլորտը կարգավորելուն ուղղված ընդունվելիք ենթաօրենսդրական ակտում:
5. Նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1-ին կետով.
«18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.»:
Նպատակը պետական կառավարման լիազորված մարմնին համապատասխան ենթաօրենսդրական ակտ ընդունելու լիազորություն սահմանելն է:
6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ կետ.
«6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով.»
Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածով մարզպետի (Երևան քաղաքում` քաղաքապետի) համար սահմանված է հիշյալ իրավասությունը, իսկ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համար՝ ոչ: Նշված լրացմամբ առավել կհստակեցվեն վերջինիս իրավասությունները:
7. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետում 26.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները, դրանց իրականացման և ֆինանսավորման կարգերը.»:
Առաջարկությունը խմբագրական է և պայմանավորված է գործողությունների տրամաբանական հաջորդականությամբ:
8. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետում 26.14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.14) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.»:
Ներկայումս գործում են ուսումնական հաստատություններ, որոնք իրենց կանոնադրությանը համապատասխան կազմակերպում են երկարօրյա ուսուցում: Առաջարկվող փոփոխությամբ պետական կառավարման լիազորված մարմնին կտրվի համապատասխան ենթաօրենսդրական ակտ ընդունելու լիազորություն, որով կկանոնակարգվի նշված գործընթացը:
9. Նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներն անհրաժեշտ է միավորել ու նախատեսել մեկ հոդվածի տեսքով, քանի որ նշված հոդվածները վերաբերում են օրենքի միևնույն` 29-րդ հոդվածին:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ