«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը սահմանող նոր հոդվածով, ըստ որի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝
ա. կրկնապատիկը՝ բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար,
բ. վեցապատիկը՝ վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից տրամադրված կրեդիտների համար:
Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են:
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտավորապես 7 տոկոս, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100 տոկոսի, իսկ զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը հիմնականում հասնում է մինչև 70 տոկոսի, և միայն որոշ կազմակերպությունների կողմից տրամադրված որոշ վարկատեսակների տոկոսադրույքը գերազանցում է նույնիսկ 100 տոկոսը:
Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումներն ու նկատառումները՝
1․ Տարեկան փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով։
Նշված իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները բխում են միջազգային լավագույն փորձից և բավարարում են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Այդ իրավական ակտերի համաձայն տարեկան փաստացի տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որը ցույց է տալիս սպառողի կողմից կատարվող վարկավորման ընդհանուր ծախսը և հնարավորություն է տալիս սպառողներին մեկ թվի միջոցով համեմատելու նույն տեսակի վարկերը և կատարելու ընտրություն: Դրանում ներառվում են անվանական տոկոսադրույքը և բոլոր այն պարտադիր վճարները, որոնք սպառողը կատարում է ինչպես վարկը տրամադրող կազմակերպությանը, այնպես էլ՝ այլ կազմակերպություններին ու անձանց՝ ներառյալ պետական մարմիններին կատարված վճարները։ Մասնավորապես՝ այդ ծախսի մեջ են մտնում վարկի ձևակերպման վճարը, փաստաթղթերի պատրաստման վճարը, ապահովագրական ծախսերը, գրավի առարկայի գնահատման ծախսերը, գրավի ձևակերպման վճարը, նոտարի կողմից գործարքի վավերացման վճարները և նշված իրավական ակտերով սահմանված այլ ծախսեր։ Բացառություն են կազմում այնպիսի վճարները, որոնք հաճախորդը պետք է կատարի անկախ վարկը վերցնելու հանգամանքից: Հետևաբար՝ պետք է նշել, որ՝
1) փաստացի տոկոսադրույքի մեջ մտնող մի շարք վճարների չափերը չեն սահմանվում վարկատու կազմակերպությունների կողմից, այլ սահմանվում են այլ, գործընկեր կազմակերպությունների (ապահովագրավճարները՝ ապահովագրական ընկերությունների կողմից, գույքի գնահատման վճարները՝ գնահատողների կողմից, նոտարական վճարները՝ նոտարների կողմից և այլն) կողմից.
2) ոչ բոլոր պարտադիր վճարներն են ֆինանսական կազմակերպության համար եկամուտ ձևավորող վճարներ.
3) փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է այն ենթադրությամբ, որ պայմանագրի գործողության ընթացքում որևէ պայման չի փոխվելու, հետևաբար՝ այն չի արտացոլում ընթացիկ ցանկացած փոփոխություն (ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների), այսինքն՝ ըստ էության այն ենթադրյալ թվային մեծություն կամ կանխատեսում է և ստույգ լինել չի կարող։ Ցանկության դեպքում միշտ հնարավոր է պահել սահմանափակումը ներկայիս նույն եկամուտներն ստանալով, քանի որ վարկի տվյալ պրոդուկտի դիզայնից է կախված փաստացի տարեկան տոկոսադրույքի թվային մեծությունը.
4) այդ տոկոսադրույքը կարճաժամկետ վարկերի (մինչև մեկ տարի ժամկետով տրամադրված) և երկարաժամկետ վարկերի դեպքում նույն պայմանների առկայության պարագայում տարբեր պատկեր է ցույց տալիս։ Օրինակ, եթե հիփոթետիկ դիտարկենք այն իրավիճակը, որ վարկի գումարը 500 000 դրամ է, վարկի հետ կապված պարտադիր վճարը 3 տոկոս է (վարկի մայր գումարից) իսկ անվանական տոկոսադրույքը 15 տոկոս է, ապա մեկ ամիս ժամկետով տրամադրված վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի 66 տոկոս, մինչդեռ նույն պայմաններով, սակայն մեկ տարվանից ավելի ժամկետով տրամադրված վարկի դեպքում փաստացի տոկոսադրույքը կկազմի 23 տոկոս:
Քանի որ տարեկան փաստացի տոկոսադրույքը բոլոր դեպքերում տարեկան տոկոսադրույք է, ուստի, մինչև մեկ տարի ժամկետով տրամադրված վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքն անհամեմատ բարձր մեծություն է թվում՝ համեմատած երկարաժամկետ վարկերի հետ, ինչը զուտ մեթոդաբանական ցուցանիշ է: Դա է պատճառը, որ մեր շուկայում որոշ դեպքերում առկա են բարձր փաստացի տոկոսադրույքներ, սակայն իրականում այն կախված է վարկի ժամկետից և կարող է էականորեն ցածր լինել երկարաժամկետ վարկերի դեպքում:
2․ Նախագծով առաջարկվող կարգավորումն ինչպես իրավական, այնպես էլ՝ դրա կիրառման արդյունքում առաջացող հետևանքների առումով խնդրահարույց է։ Մասնավորապես՝
1) Գործող օրենսդրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից պայմանագրի փաստացի տոկոսադրույքի բարձրացման մասով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգավորումները վերաբերում են կա՛մ պայմանագրի տույժերին (տուժանքին), կա՛մ փոխառության պայմանագրով անվանական տոկոսադրույքին:
Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 369-րդ հոդվածի 1-ին մասի, տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում:
Համաձայն օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Համաձայն օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է[1]:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել[2]:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նշված կարգավորումներին՝ կարող ենք արձանագրել, որ գործող օրենսդրությունը չի սահմանափակում ֆինանսական կազմակերպություններին՝ փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափ սահմանելու հարցում, իսկ գործող կարգավորումներն էլ բացառապես վերաբերում են ցանկացած տեսակի պայմանագրի խախտման (այդ թվում՝ օրինակ վարկային պայմանագրով վարկի հերթական մարումն ուշացնելու) դեպքում հաշվարկվող տուժանքների (տույժերի) առավելագույն չափին, ինչը չի նույնանում փաստացի տոկոսադրույքի հետ:
Բացի դրանից, համաձայն օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասի, վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են օրենսգրքի 46-րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքի՝ վարկին վերաբերող գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
Օրենսգրքի 46-րդ գլխով կարգավորվում է փոխառության հետ կապված իրավահարաբերությունները: Ընդ որում, օրենսգրքի 879-րդ հոդվածը, ամրագրելով փոխառության գումարից տոկոսներ ստանալու՝ փոխառուի իրավունքը, միևնույն ժամանակ նախատեսում է այդ տոկոսների առավելագույն չափի սահմանափակում: Մասնավորապես, համաձայն օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի, փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ շարադրված նորմերի վերլուծությունից բխում է, որ վարկային պայմանագրի նկատմամբ փոխառության պայմանագրին վերաբերող գլխի կանոնները, այդ թվում՝ պայմանագրով սահմանվող տոկոսների առավելագույն չափի սահմանափակմանը վերաբերող դրույթը, կարող են կիրառվել այն դեպքում, եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Այսինքն՝ բանկերը կամ վարկային կազմակերպությունները վարկային պայմանագրերով նախատեսվող տոկոսների չափի սահմանման հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով որևէ կերպ սահմանափակված չեն:
Այս կապակցությամբ թիվ ԱՎԴ/4/0145/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում իր դիրքորոշումն է արտահայտել նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը[3]: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ և 47-րդ գլուխներով սահմանված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոխառությանը վերաբերող 46-րդ գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե կողմերը այլ կանոններ են սահմանել վարկային պայմանագրով, և որոնք չեն հակասում վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջներին: Ընդ որում, օրենսդիրը, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով:
Շարադրվածի հիման վրա, անդրադառնալով նախագծի կարգավորմանը, գտնում ենք, որ օրենքով տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափի ամրագրումը խնդրահարույց կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված և պայմանագրի ազատության սկզբունքից բխող այն կարգավորման առումով, որը վարկային պայմանագրի կողմերին թույլ է տալիս վարկային պայմանագրով սահմանելու օրենսգրքով սահմանվող կանոներից, այդ թվում՝ տոկոսների առավելագույն չափին վերաբերող կարգավորումներից տարբերվող այլ կարգավորումներ՝ պայմանով, որ դրանք չհակասեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված 47-րդ գլխի կանոններին:
Նշված հիմնավորումներից ելնելով է, որ տնտեսության մեջ կիրառվում են այնպիսի անուղղակի միջամտություններ, ինչպիսիք են՝ դրամավարկային քաղաքականության գործիքները, անուղղակի գործիքները, հարկաբյուջետային քաղաքականության գործիքները, ֆինանսական կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական և այլ նորմատիվները, ֆինանսական կազմակերպությունների համար կիրառվող սահմանափակումները, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմները և այլն։ Առաջարկվող կարգավորումը կասկածի տակ է դնում թվարկված գործիքների կիրառման արդյունավետությունը և հակասություն առաջացնում դրանք սահմանող մարմինների սահմանադրական կարգավիճակի և գործառույթների հետ։
2) Պարզ չէ՝ ինչու է նախագծով տարեկան փաստացի տոկսադրույքի առավելագույն չափի սահմանման հարցում բանկերի (օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի) և վարկային կազմակերպությունների ու գրավատների կողմից տրամադրված կրեդիտների դեպքում դրսևորվում տարբերակված մոտեցում՝ բանկերի կողմից տրամադրված կրեդիտների տոկոսադրույքի առավելագույն չափը սահմանելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից տրամադրվող կրեդիտների դեպքում՝ վեցապատիկը, այն դեպքում, երբ ըստ նախագծի հեղինակների՝ վիճակագրությունը փաստում է, որ հենց վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող տոկոսադրույքներն են քննադատելի անհամաչափ բարձր, որն անգամ որոշ դեպքերում գերազանցում է 100 տոկոսի սահմանաչափը: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում հեղինակները փաստում են, որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը, մինչդեռ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը հիմնականում հասնում է մինչև 70 տոկոսի: Ներկայացված չեն հիմնավորումներ, թե ինչով է պայմանավորված նման տարանջատումը։ Եթե խնդիրն օրենքի կարգավորումը պրակտիկային համապատասխանեցնելն է, ուրեմն՝ նախագիծը չի լուծում որևէ խնդիր, և դրա անհրաժեշտությունը բացակայում է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ առկա են տոկոսադրույքի սահմանափակումներ, բայց չի նշվում, որ այդ երկրներում չեն սահմանափակվում տոկոսադրույքներն ըստ վարկավորող սուբյեկտի։ Ավելին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացված միջազգային կարգավորումների ուսումնասիրության արդյունքում չի բացահայտվել նման կարգավորում։
Բանկերի (օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի) կողմից տրամադրվող կրեդիտների դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակելը կարող է հանգեցնել նրան, որ բանկերը, հաշվի առնելով վարկի տրամադրման դեպքում ակնկալվող շահույթի ոչ էական չափը, խուսափեն քաղաքացիներին վարկեր տրամադրելուց:
Բացի դրանից, նման տարբերակված մոտեցումը համահունչ չէ նաև քաղաքացիական օրենսդրության այնպիսի հիմնարար սկզբունքի էությանը, ինչպիսին է քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների իրավահավասարության սկզբունքը, որը ենթադրում է, որ քաղաքացիական իրավունքում ոչ մի սուբյեկտ այլ սուբյեկտի հանդեպ որևէ արտոնությունից չպետք է օգտվի:
3) Պրակտիկայում բարձր տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում բարձր ռիսկայնություն ունեցող հաճախորդներին, որոնք ունեն վարկային պատմության հետ խնդիրներ կամ չապահովված վարկերի կամ առանց վերլուծության, արագ տրամադրվող վարկերի դեպքում։ Նման եղանակով վարկավորողը փորձում է կոմպենսացնել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ վարկի չվերադարձման դեպքում։
Անդրադառնալով նախագծով առաջարկվող կարգավորման հետևանքներին՝ հայտնում ենք, որ՝
1) սահմանափակման արդյունքում չի վերանա նման վարկերի պահանջարկ ունեցող անձանց թիվը, և չի մեծանա վերջիններիս եկամուտների մակարդակը, ինչի արդյունքում, պահանջարկը բավարարելու նպատակով կմեծանան ստվերային դրամաշրջանառությունը կամ վաշխառության ծավալները.
2) հենց վարկատու կազմակերպությունները կշրջանցեն առկա սահմանափակումները, քանի որ առաջարկվող կարգավորումները տարակարծիք մեկնաբանությունների տեղիք են տալիս.
3) առաջարկվող կարգավորումը կդժվարացնի վերահսկողությունը և կավելացնի վարչարարությունը լիցենզավորված սուբյեկտների նկատմամբ:
3․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա հայտնում է՝
1) Միկրովարկերը սովորաբար կարճաժամկետ են և փոքր ծավալներով, լուծում են վարկառուների կարճաժամկետ և հրատապ ֆինանսական խնդիրները: Միկրովարկավորումը խթանում է նաև նորաստեղծ և բարդ բիզնես-ծրագրեր չենթադրող, փոքր բիզնեսի հիմնումը և զարգացումը: Նույնիսկ 2006 թվականին տնտեսագետ Մուհամմադ Յունուսն ստացել է Նոբելյան մրցանակ խաղաղության բնագավառում՝ հիմնելով միկրովարկային կազմակերպություն, ինչն օգնեց նվազեցնել աղքատությունը Բանգլադեշում.
2) Եվրամիության մակարդակով վարկավորման ծախսի, տոկոսադրույքի սահմանափակման միասնական կարգավորման մոտեցում առկա չէ, և տարբեր ԵՄ երկրներ տարբեր կերպ են անդրադառնում նշված հարցին.
3) Մի շարք երկրներում, այդ թվում՝ զարգացած, առկա են որոշ կարգավորումներ սպառողական կարճաժամկետ, չապահովված վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ: Նման սահմանափակումներ կան Ավստրալիայում, ԱՄՆ որոշ նահանգներում, եվրոպական երկրներում և այլն: Չնայած այն հանգամանքին, որ մի շարք երկրներում կան որոշ սահմանափակումներ՝ հենց փաստացի տոկոսադրույքների մասով, այնուամենայնիվ պետք է նշել, որ կարգավորման միտումը ոչ թե վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի սահմանափակում կիրառելն է, այլ սկզբնական տրամադրված վարկի մայր գումարի մեծության նկատմամբ տարբեր վճարների մասով որոշակի սահմանափակումներ կիրառելն է (թողնելով վարկավորման տոկոսադրույքներն ավելի ազատ), քանի որ առկա են մի շարք այլընտրանքային, կամավոր ստացվող ծառայություններ, որոնք վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ հնարավոր է ներառել, ինչն էլ չի արտացոլի իրական պատկերը.
4) Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրորեն սահմանված է միկրովարկի տոկոսադրույքի վերին սահմանաչափ՝ 365 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 100 տոկոս (որոշ դեպքերում սպառողական վարկերի համար ընդհանրապես չկա տոկոսադրույքի սահմանափակում), Իտալիայում՝ 150 տոկոս, Պորտուգալիայում՝ 133 տոկոս, Էստոնիայում՝ միջին փաստացի տոկոսադրույքի եռապատիկը, Ֆրանսիայում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույք՝ գումարած 33 տոկոս, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում (Մարոկկո, Թունիս, Լիբիա, Ալժիր, Եգիպտոս)՝ ամսական 3-5 տոկոս, ԱՄՆ-ում նահանգների մեծ մասում առավելագույն սահմանաչափ չկա, իսկ միկրովարկավորման տոկոսադրույքները տատանվում են միջինում 400 տոկոսից մինչև 1800 տոկոս (կախված վարկի տեսակից, չափից և ժամկետից):
4․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արդեն իսկ քայլեր է նախաձեռնել պատասխանատու վարկավորման մշակույթի ամրապնդման ուղղությամբ։
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության ու հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության ներդրման ուղղությամբ, որը նպատակ ունի խրախուսելու պատասխանատու վարկավորումը: Վերջինս ուղղված է վարկառուների պաշտպանությանը պարտքի գերկուտակումներից՝ սահմանափակելով վարկային միջոցների գծով ամսական մարումների չափը՝ կախված տվյալ անձի ամսական եկամուտներից: Վերջինս ուղղված է վարկառուների պաշտպանությանը պարտքի գերկուտակումներից, քանի որ սահմանափակելու է հաճախորդների եկամուտներից վարկի մարմանն ուղղվող մասը: Սա կսահմանափակի նաև ռիսկային հաճախորդներին շատ բարձր տոկոսադրույքներով տրամադրվող սպառողական վարկավորումը, քանի որ ներկայումս վարկավորման փաստացի տոկոսադրույքները բարձր են միայն ռիսկային և ոչ բավարար ազատ դրամական հոսքեր ունեցող վարկառուների համար: Ներկայումս բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի միջին փաստացի տոկոսադրույքը կազմում է 20 տոկոս, իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի միջին փաստացի տոկոսադրույքը՝ 43 տոկոս:
Հաշվի առնելով նախագծի խնդրահարույց կարգավորումները, ուսումնասիրության արդյունքում բացահայտված միտումները, միջազգային կարգավորման փորձը և ներկայիս իրավական հնարավորությունների սահմանները, միաժամանակ ընդունելով նախագծի հեղինակների մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագիծն ունի լրացուցիչ քննարկման և լրամշակման անհրաժեշտություն:
[1] Տե՛ս, օրինակ, թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը:
[2] Տե՛ս թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի հուլիսի 22-ի որոշումը:
[3] Տե՛ս թիվ ԱՎԴ/4/0145/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 24-ի որոշումը: