«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է, ելնելով ընտանեկան պայմաններից, 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:
Նախագիծը ներկայացնելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ընտանիքի անդամի մահվան դեպքում խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը, և տարկետման տրամադրման նպատակն է ժամանակային առումով քաղաքացուն հնարավորություն տալ վերականգնելու այդ հավասարակշռությունը, այլ կերպ ասած՝ համակերպվել ընտանիքի անդամի կորստի փաստին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի ու հասկանալի է համարում առաջարկվող լրացումը, ուստի, սկզբունքային առարկություններ չունի նախագծի վերաբերյալ:
Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվող լրացման արդյունքում որոշակի անհավասարություն է առաջանալու պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ, ում ընտանիքի անդամի մահվան դեպքում այդ զինծառայողին տրվում է 5 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի: Բացի դրանից, առաջարկում ենք նախագիծն ամբողջացնել՝ համապատասխան լրացումներ կատարելով նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները) հոդվածում:
Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝ առաջարկում ենք նախագծի հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 24-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից վեց ամիս ժամկետով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում, և քաղաքացին գրավոր դիմել է իրեն տարկետում տրամադրելու համար:».
2) 4-րդ մասը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «24-րդ հոդվածի 1-ին,» բառից հետո լրացնել «1.1-ին,» բառով.
2) 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»: