ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-426-17.12.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում է այն պաշտոնատար և այլ անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն, սակայն այս նորմը բազմաթիվ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պրակտիկայում ձերբակալված և կալանավորված անձին տեսակցելու համար այս նորմին հղում տալիս ՁՊՎ-ներում և ՔԿՀ-ներում առաջանում են խոչընդոտներ, քանի որ այստեղ բառացիորեն չի նշվում, որ ՁՊՎ և ՔԿՀ մուտքի իրավունքը ներառում է նաև ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու իրավասությունը: Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Նշված կարգավորումից զատ՝ Օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն:
Համանման կարգավորում է նախատեսված նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):
Մասնավորապես, Օրենսգրքի 22-րդ հոդվածը նախատեսում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն:
Հարկ է նշել, որ ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր, ինչպես նաև պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց կամ մարմինների ցանկում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
Վկայակոչված կարգավորումներից զատ՝ օրենսդիրը նախատեսել է, որ նշված անձանց կամ մարմինների՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում համապատասխանաբար Օրենքով կամ Օրենսգրքով սահմանված` ձերբակալված կամ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
Խնդրի առարկայի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված բացառությունները վերաբերելի են միայն փաստաբաններին, Մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ Պաշտպան), Պաշտպանի ներկայացուցչին, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողին, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողներին և փորձագետներին, որոնց Պաշտպանի գրավոր որոշմամբ սահմանված կարգով և ծավալով վերապահվում են Պաշտպանի լիազորությունները:
Այսպես, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է առ այն, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման:
Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է, որ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն իրավասու է իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավելու թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից:
Հատկանշական է, որ Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողների և փորձագետների կողմից Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով: Հետևաբար, նշված անձինք ևս իրավասու են անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավելու թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանի հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձի մուտքը հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:
Վերոգրյալից հետևում է, որ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ենթադրում է միայն առանց հատուկ թույլտվության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը: Ըստ այդմ, վերջինս չի ընդգրկում անարգել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք, եթե առկա է տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ազատազրկման վայր մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ:
Հատկանշական է, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ առկա են հստակ կառուցակարգեր, որոնք միտված են երաշխավորելու ազատությունից զրկված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների հայտնաբերումն ու հետագա կանխումը:
Այսպես, օրենքի մակարդակով առանձնացվել է սուբյեկտային այնպիսի կազմ, որի դեպքում գործնականում հնարավոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց իրավունքի ցանկացած խախտման բացահայտումն ու դրա ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Սուբյեկտային նշված կազմում ընդգրկելով Պաշտպանին և փաստաբանին՝ օրենսդիրը հիմքում կարծես թե դրել է այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն (ոչ միջնորդավորված եղանակով) կարող են ապահովել ենթադրյալ խախտման դեպքի հետագա ընթացքը: Այլ կերպ՝ մի դեպքում՝ ազատությունից զրկված անձի փաստաբանը, լինելով իր վստահորդի շահերի պաշտպանը, վստահորդի անունից լիազորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ մյուս դեպքում՝ Պաշտպանը Սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների ուժով կարող է բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում արձանագրել մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում:
Վերոգրյալից ակնհայտ է, որ սուբյեկտային նշված կազմը անհրաժեշտ և բավարար է ոչ միջնորդավորված եղանակով ապահովելու համար ազատությունից զրկված անձի իրավունքներն ու ազատությունները:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված կարգավորումը, համաձայն որի՝ առանց հատուկ թույլտվության, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի իրավունք ունեցող պաշտոնատար և այլ անձանց իրավունք է վերապահվում նաև նշված վայրում պահվող անձանց հետ անարգել տեսակցելու, բացառությամբ, եթե այդ անձինք տվյալ գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա, ընդունելի չէ, քանի որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը չի կարող կանխատեսել այն անձանց շրջանակը, որոնք նախաքննության ինչ-որ փուլում կարող են ներգրավվել դատավարության մասնակից կամ հետագայում հարցաքննվել որպես վկա, ուստի տվյալ հոդվածում թվարկված անձանց կողմից մինչ այդ առանց հատուկ թույլտվության անարգել, տեսակցությունը ձերբակալվածների և կալանավորվածների հետ կարող է հետագայում խոչընդոտներ ստեղծել գործով ճշմարտության բացահայտման համար, մասնավորապես՝ վերացնել հանցագործության հետքերը, ներկայացնել մտացածին այլուրեքություններ, թաքցնել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և այլ իրեր ու առարկաներ:
Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ թվարկված անձանց հնարավորություն է տրվում առանց հատուկ թույլտվության անարգել տեսակցելու ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրում գտնվող անձանց, բացառությամբ, եթե այդ անձինք տվյալ գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա, հետևաբար համաձայն նախագծի՝ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին պետք է նաև տեղեկություններ տրամադրի դատավարության մասնակիցների և վկաների վերաբերյալ, այսինքն՝ տեղեկություններ տրամադրի քրեական գործին առնչվող անձանց վերաբերյալ, ինչը նույնպես ընդունելի չէ:
Վերոգրյալը սակայն չի ենթադրում, որ պատգամավորը կամ ազատությունից զրկման վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող մյուս սուբյեկտները վարույթն իրականացնող մարմնի որոշման պայմաններում ընդհանրապես չեն կարող տեսակցել անձին: Տեսակցել ցանկացող անձը կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին կալանավորված անձի հետ տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Թույլտվությունը ստանալու դեպքում տեսակցությունը կազմակերպվում է օրենքով սահմանված կարգով: Վերոգրյալը չի ենթադրում նաև, որ պատգամավորը կամ ազատությունից զրկման վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող մյուս սուբյեկտները նշված վայրեր մուտք գործելու դեպքում առհասարակ չեն կարող չշփվել կալանավորված անձանց հետ: ՀՀ կառավարության դիտարկումները վերաբերում են վարույթն իրականացնող մարմնի որոշման առկայության պայմաններում տեսակցություն չտրամադրելուն. տեսակցությունը ենթադրում է այլ ռեժիմ և բովանդակություն: Տեսակցության իրավունքի իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են մի շարք պայմաններ: Օրինակ՝ տեսակցությունների համար գոյություն ունեն առանձին սենյակներ, տեսակցություն տրամադրելու նպատակով ազատությունից զրկման վայրի ղեկավարը կայացնում է համապատասխան որոշում և այլն: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները՝ որոշակիացնելով նման իրավունք ունեցող անձանց գործողությունների շրջանակը, այդ թվում՝ ձերբակալված և կալանավորված անձանց ֆիզիկապես տեսնելու և նրանց հարցեր տալու հնարավորությունը՝ այդ վայրերում պահման պայմաններին ծանոթանալու և հնարավոր վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու համատեքստում, ինչը, սակայն, Նախագծի կարգավորման առարկայից դուրս է և կարող է կարգավորվել միայն այլ նախագծի շրջանակներում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունը պնդում է իր նախկին դիրքորոշումը և առաջարկում օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:
Հարգանքով՝ էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ