«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-543-01.04.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընդունելի համարելով առաջարկվող կարգավորումները, այնուամենայնիվ, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները:
1․ Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ արդյունքում նախատեսելով այնպիսի կարգավորում, համաձայն որի՝ կարգապահական գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կիրառվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ, 375-րդ և 376-րդ հոդվածները, որոնք նվիրված են վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացակարգերը սահմանելուն՝ անմիջականորեն պայմանավորված են վերաքննիչ դատարանում բողոքի քննության առանձնահատկություններով:
Այս առումով հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում նշել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի:
Բացի այդ, հարկ է նաև նկատել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես, ամրագրել է, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:
Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք հնարավոր տարըմբռնումներից և տարընթերցումներից խուսափելու նպատակով նախագծով հստակ սահմանել նաև Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական գործը գրավոր ընթացակարգով քննելուն ուղղված վերաբերելի, մատչելի, հստակ և կանխատեսելի իրավական կարգավորումներ:
Միևնույն ժամանակ, առաջարկում ենք նաև օրենքի 39.7-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված կարգավորման շրջանակներում, այն է՝ Պալատի խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո, կատարել համապատասխան լրացում նաև՝ հարցման ձևով քվեարկության արդյունքում խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումների և քվեարկության արդյունքների հրապարակման ենթակա չլինելու մասով:
2․ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները շարադրել հերթական համար ունեցող հոդվածների տեսքով:
3․ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներում նախատեսված «շարադրել» բառը փոխարինել «լրացնել» բառով:
4․ Առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածում «8-րդ մասը» բառերից առաջ նշված «շարադրել» բառը հանել: