«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանվում է 200 000 դրամ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկ է համարում  նշել, որ օրենքում առկա են պատվովճարի սահմանման իրավական կարգավորումները, մասնավորապես՝ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված է, որ «Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», իսկ 8-րդ հոդվածի համաձայն «Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այսինքն՝ օրենսդիրը, Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանելու իրավասությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որն էլ, ելնելով իր բյուջետային հնարավորություններից, պարբերաբար վերանայել և վերանայում է այն:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական խնդիրները մշտապես գտնվել են կառավարության ուշադրության ներքո. պարբերաբար իրականացվում են սոցիալական նոր ծրագրեր, որոնք միտված են ապահովելու մեր վետերանների արժանապատիվ և անհոգ ծերությունը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները ստանում են  պարգևավճար, պատվովճար (որոնք պարբերաբար բարձրացվում են, վերջինը 50 հազար դրամից դարձել է 100 հազար դրամ 2019 թվականին), օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության վերականգնման և հանգստի կազմակերպման համար առողջարանային բուժման ուղեգրեր ստանալուց, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով` 50 տոկոս զեղչով) արտոնյալ պայմաններով երթևեկելուց:

Տեղեկացնում ենք, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանվել է, որ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 444-Ն որոշմամբ սահմանված պատվովճարի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1089-Ն որոշմամբ սահմանվել է 25000 դրամ, 2015 թվականի մարտի 26-ի N 357-Ն որոշմամբ կատարվել է փոփոխություն, և պատվովճարի չափը սահմանվել է 50000 դրամ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ կրկին կատարվել է փոփոխություն, և պատվովճարի չափը սահմանվել է 100000 դրամ:

Անհրաժեշտ է նշել, որ որևէ դրույթ օրենքով սահմանելը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է լինի բավարար չափով հիմնավորված: Վետերանների ամենամսյա պատվովճարի չափն օրենքով ամրագրելը հիմնավորված կլիներ այն պարագայում, եթե կառավարությունը որոշման ընդունումից ի վեր երբևէ չանդրադառնար պատվովճարների չափին և չկատարեր որևէ փոփոխություն: Սակայն կատարված փոփոխություններից պարզ է դառնում, որ հարցը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջեի հնարավարության շրջանակներում պարբերաբար բարձրացրել է պատվովճարի չափը՝ 20000-ից դարձնելով 100000 դրամ:

Միաժամամանակ կարծում ենք, որ օրենսդրի կողմից կառավարությանը վերապահված՝ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կառավարության որոշմամբ սահմանելը լուծման առավել ճկուն և ողջամիտ լուծում է:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակը, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 484-Ա որոշմամբ կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին անդամակցում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները, և որի նիստերի ժամանակ ներկայացվում և քննարկվում են հոբելյանական միջոցառումների շրջանակներում իրականացվելիք տարբեր, այդ թվում` նաև վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ և նախաձեռնություններ, ինչպես նաև նմանօրինակ առաջարկներ:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ ենք համարում նշել, որ միջգերատեսչական հանձնաժողովում միջոցառումների քննարկման և իրականացման շրջանակներում հնարավոր է առաջանա անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով մշակել և շրջանառության  մեջ դնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 444-Ն որոշման մեջ (որով սահմանվում է ՀՄՊ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը) փոփոխություն կատարելու մասին կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

Միաժամանակ նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների  (01.03.2020 թ. դրությամբ 287 անձ) ամենամսյա պատվովճարի չափը 100 000 դրամով ավելացնելու դեպքում` մեկ տարվա հաշվարկով պետական բյուջեից անհրաժեշտ կլինի 344 400.0 հազ դրամ լրացուցիչ գումար, որը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Այդուհանդերձ, նախագծի հեղինակը կարող է պատվովճարի չափի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով` քննարկելու նպատակով: