«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱ­ԲԵՐՅԱԼ (Պ-613-13.05.2020-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ՝ նախագիծ) ներկայացնում ենք ՀՀ կառավարության առաջարկությունները, մասնավորապես՝

  - միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը` բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների,

- պետական տուրքի հաշվարկման նպատակով՝ ավտոբուսների կամ միկրոավ­տո­բուս­­ների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրա­ժեշտ ավտո­բուս­ների կամ միկրոավտոբուսների քանակից` բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների:

            Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին կարգավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ  օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահա­գործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտո­բուս­ների կամ միկրոավտոբուսների քանակը: Նշված դրույթը կանոնակարգում է երթու­ղում շահագործվող տրանսպորտային միջոցների փաստացի քանակի համար (անհրաժեշտության դեպքում՝ նաև պահուստային տրանսպորտային միջոցների) պետական տուրքի վճարման գործընթացը: Նույն մասի երկրորդ նախադասությունը սահմանում է, որ պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուս­տա­յին տրանսպորտային միջոցների) քանակից, ինչը  խնդրահարույց է այն առումով, որ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը հաշվարկվում է առանց պահուստային տրանսպորտային միջոցների, որոնք նախատես­վում են շահագործել հիմնական տրանսպորտային միջոցների շահագործման անհնա­րինության դեպքում դրանց փոխարինելու համար, իսկ պետական տուրքը վճարվում է նաև պահուստային տրանսպորտային միջոցների համար:

Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուսով և (կամ) միկրո­ավտո­բուսով ուղևորափոխադ­րումը համարվում էր արտոնագրային հարկի հարկման օբյեկտ: Այդ գործունեության մասով արտոնագրային հարկի հաշվարկման հետ կապ­ված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված էր, որ արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք է ընդունվում ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար, համապատաս­խա­նաբար, ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում՝ եթե միկրո­ավ­տո­բուսների կամ ավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ սահմանված կարգով նախապես ներկայացվել էր արտոնա­գրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարա­րու­թյուն, պակաս էր կանոնավոր ուղևորափո­խա­դրում­ներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ելակետային տվյալը որոշվում էր տվյալ երթուղու սպա­սարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուս­ների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով:

2020 թվականի հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործ­ման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավ­տոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում՝ պետական տուրքի հաշ­վարկ­ման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանա­կից:

Հաշվի առնելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից կանո­նա­վոր ուղևո­րափո­խադ­րում­ների կազ­մա­կերպ­ման գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից պետական տուրքի համակարգ տեղափոխելը պարզապես պայ­մա­նա­վոր­ված է եղել արտոնագրային հարկի համակարգի վերացմամբ և հարկային բեռի վերա­նայ­ման նպատակ չի հետապնդել, ուստի 2020 թվականի հունվարի 1-ից հետո պետական տուրքի մասով գործող կարգա­վո­րում­ները վերանայման կարիք ունեն: Կանոնավոր երթու­ղի­ներում նախատեսվող պահուստային տրանսպորտային միջոցները երթուղիներում շահագործվում են միայն հիմնական տրանս­պոր­­տային միջոցների շահագործման ան­հնարինության դեպքում՝ դրանց փոխարինման նպատակով, ուստի երթուղիների սպա­սարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակից բացի, չշահա­գործվող և շահույթ չապահովող պահուստային տրանսպորտային միջոցների համար արտոնագիր տրամադրելու պետական տուրքի գանձումը լրացուցիչ ֆինանսական բեռ է փոխադրողների համար:

Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գծով արտոնություն տրամադրել կազմա­կեր­պություններին և անհատ ձեռնարկատերերին այն առումով, որ նրանք ազատ­վում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավ­տոբուս­ներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման ար­տո­նագիր տրամադ­րելու համար վճարվող պետական տուրքի վճարումից չշահա­գործվող պահուստային տրանս­պոր­տային միջոցների մասով: Երբ շահագործվող տրանսպոր­տային միջոցները լրացնելու կամ փոխարինելու անհրաժեշտություն առաջանա, ապա դրանց համար՝ որպես շահագործ­վող տրանսպորտային միջոցների, պետական տուրքի վճարման գործընթացը կիրականաց­վի օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին նախա­դասությամբ սահմանված կարգավորմամբ:

Կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված պահուստային տրանսպոր­տային միջոցների մասով մինչև 2020 թվականի հունվարի 1-ը գործող «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները պետական տուրքի հաշվարկման մասով կիրառելու նպատակով՝ նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները.

1) օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դրույթները վերաբերում են հարկ վճարողների կողմից տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուս­ների կամ միկրոավտոբուսների քանակին, որի մասով հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել հայտարարություն: Իսկ նույն մասի 2-րդ նախադասությունը վերաբերում է տրանսպորտային միջոցների նվազագույն քանակին` այն է տվյալ երթու­ղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը: Միաժա­մանակ, նախագծով առաջարկվող փոփոխության պարագայում ստացվում է՝ այն դեպ­քերում, երբ երթուղին սպասարկելու համար հարկ վճարողը լրացուցիչ շահագործում է պահուս­տային տրանսպոր­տային միջոցը, որը չի օգտագործվում երթուղի (երթուղիներ) դուրս չեկած ավտոբուսի փոխարեն, պետական տուրք չի հաշվարկվելու ու չի վճարվելու: Հետևաբար, օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին նախադասությունում փոփո­խություն կատարելու անհրաժեշտու­թյունը բացակայում է և օրենքի նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 1. «Պետա­կան տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ նախադասությունում «(ներառյալ` պահուստային տրանսպորտային մի­ջոցների)» բառերը փոխարինել «(առանց` պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերով.

2) նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող խմբագրությամբ օրենքի 19.7-րդ հոդ­վածի 11-րդ մասի 2-րդ նախադասությունում կատարվող փոփոխությամբ պահուստային տրանս­պոր­տային միջոցների քանակը չի ներառվում պետական տուրքի հաշվարկման համար երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քա­նակում և այդ մասով պետական տուրք չի հաշվարկվում, հետևաբար նախագծի 2-րդ հոդվածի անհրաժեշ­տությունը բացակայում է, և առաջարկում ենք հանել նախագծի 2-րդ հոդվածը։

Նախագծում առկա են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների առումով խմբա­գրման կարիք ունեցող դրույթներ, մասնավորապես՝

1) նախագծի վերևի աջ անկյունում անհրաժեշտ է լրացնել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ նկա­տի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը.

2) նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքով սահմանված բոլոր վավերապայմանները, մասնավորապես՝ անհրաժեշտ է նշել օրենքի հերթական համարը, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համա­ձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը:

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար ենք համարում ներկայացված օրենս­դրական առաջարկի ընդունումը՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջար­կու­թյունների հիման վրա լրամշակված տարբերակով: