ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 18.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-575-17.04.2020,15.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.
Կառավարությունը մնում է իր նախկին դիրքորոշմանը, մասնավորապես այն որ՝
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն անհարկի ընդլայնում են ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի կիրառման տիրույթը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներից բխում է, որ փաստաբանի կողմից իրականացվող ցանկացած գործունեությանը ցանկացած սուբյեկտի կողմից խոչընդոտելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության, ինչն ընդունելի չենք համարում:
Գտնում ենք, որ քրեորեն պատժելի պետք է լինի միայն կոնկրետ գործով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ կոնկրետ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք՝
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «Փաստաբանի կամ նոտարի գործունեության իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա գործունեության իրականացման հետ, սպառնալը» բառերը փոխարինել «Փաստաբանի կամ նոտարի գործունեությանը միջամտելը» բառերով,
Նախագծի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. 1-ին մասում «Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» բառերը փոխարինել «Գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը» բառերով:»:
Առաջարկում ենք նաև նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքը, որը կատարվել է փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի միջոցով:»:
2. Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում նաև փոփոխել ՀՀ քրեական օրենսգրքի 332.5 հոդվածը:
Մասնավորապես, առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 332.5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 332.5. Նոտարի գործունեությանը միջամտելը
1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի միջոցով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատա-վարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հարգանքով՝ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ