ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 03.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-554-09.04.2020-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.
«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացնել նոր հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
- «Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝»
Հիմնավորում․ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Կրեդիտավորման պայմանագիրը առնվազն ներառում է՝...»: Նորմի տառացի մեկնաբանումը զերծ չէ տարընկալումներից՝ հաշվի առնելով, որ օրենսդիրը չի հստակեցնում, թե հատկապես կողմերից և ու՞մ նախաձեռնությամբ են պայմանագրում տեղ գտնում նշված նվազագույն պայմանները: Առաջարկում ենք մասը շարադրել «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի նման:
- Միաժամանակ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացնել նոր հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, և
2) սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:
Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: »։
Հիմնավորում. տարընկալումից խուսափելու համար առաջարկվում է շեշտադրել թե սպառողի որ իրավունքների մասին է խոսքը գնում։
- Ինչպես նաև Նախագծով նախատեսել անցումային դրույթ հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։»
Հարգանքով՝ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ