«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 2.1-ին հոդվածով՝
«Հոդված 2.1. Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
- Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված՝ սպանված գյուղատնտեսական և/կամ մթերատու կենդանիների դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջարկում ենք դիտարկել նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ օթևանից զրկելու հետ չկապված այլ նյութական վնասի փոխհատուցման կարգավորումների շրջանակներում:
- Հաշվի առնելով, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական և ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորվածների թվում կարող են լինել նաև մինչև 18 տարեկան երեխաներ, առաջարկում եմ նախագծի 4-րդ հոդվածը «հաշմանդամության» բառից հետո լրացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» բառերով:
- Պարզ չէ, թե ինչ կարգով է տրամադրվելու նշված փոխհատուցումը: Ուստի նախագծի 1-3-րդ հոդվածների օրինակով նշված հոդվածներում ևս անհրաժեշտ է նախատեսել փոխհատուցման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ լիազորող նորմեր: Նշված հոդվածներում հատուցում բառը փոխարինել աջակցություն բառով:
- 5-րդ հոդվածում հստակեցնել զոհված քաղաքացու ընտանիքի կազմը:
- Առաջարկում ենք նաև նախատեսել դրույթ, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետներում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատելու փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ: