ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-612-13.05.2020,12.06.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:
         Հայաստանի Հանրապետության կառավարությունը 02/05.1/28732-2020 2020-06-12 գրությամբ առաջարկել էր «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խմբագրել և նրանով նախատեսված դրույթները կոնկրետացնել ու տարածել միայն առողջապահության ոլորտի լիցենզավորված սուբյեկտների վրա:       
         Ի սկզբանե նախագծերի փաթեթի ընդունման ներկայացված հիմնավորման առչությամբ հարկ է նշել, որ դեղատան «կանաչ խաչ» գովազդային նշանը լուսացույցի կանաչ ազդանշանի հետ շփոթելու ռիսկի պատճառը ոչ թե լիցենզիայի պայմանների վերահսկման խիստ մեխանիզմների բացակայությունն է, այլ այն, որ լիցենզիայի սահմանված պայմանի կատարումն է առաջացնում այդպիսի ռիսկ:     
         Այսպես, Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 38-րդ կետի համաձայն՝ դեղատունը (...) արտաքին հատվածից պետք է ձևավորված լինի «Դեղատուն» վերտառությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանող կանաչ խաչի նշանով (...), որը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան (...) արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում՝ պետք է լինի չթարթող և լուսավորվի միայն դեղատան (...) աշխատանքային ժամերին:      
         Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից դեղատնային գործունեության առանձնացումը և այդ գործունեության ցանկացած խախտման կրկնակիության պարագայում լիցենզիայի կասեցման դեպքերը պետք է համաչափ լինեն կատարված իրավախախտմանը՝ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացմանը պետք է նախորդի այդ պահանջների և պայմանների խորքային վերանայումը՝ քննության առնելով վերջիններիս արդիականության և անհրաժեշտության հարցերը, որոնք պարբերաբար բարձրաձայնվում են համապատասխան գործունեություն ծավալող տնտեսավարողների և մասնագետների կողմից: Բացի այդ, լիցենզիայի որևէ պահանջ կարող է համարվել տվյալ գործունեության համար անհրաժեշտ, սակայն այդ պահանջը չկատարելը կարող է բնութագրվել որպես ոչ էական (նվազ ռիսկային) խախտում, որի պարագայում կասեցման կիրառումը կարող է համարվել անհամաչափ:
         Ամփոփելով վերոշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ լիցենզավորման ոլորտի վերահսկողական մեխանիզմների փոփոխությունը պահանջում է համակարգային մոտեցում, իսկ միայն դեղատնային գործունեության ոլորտի առանձնացումը ոչ միայն խախտում է օրենքի առաջ հավասարության և համաչափության սահմանադրական սկզբունքները, այլ նաև հակասում է «Լիցենզավորման մասին» օրենքի տրամաբանությանը, ուստի առաջարկում ենք ձեռնպահ մնալ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններից և լիցենզիայի պարտադիր պահանջների վերահսկողության խստացման նպատակով վերոնշյալ օրենքներում սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակների համար միատեսակ կարգավորումներ: