«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-725-08.09.2020-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Ըստ այդմ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի ստաժը հաստատելու համար օրենքով սահմանվում է 2 հետևյալ փաստաթղթերի համաժամանակյա առկայության պայման.
1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ,
2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ սահմանելով, որ 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի ստաժը հաստատելու համար բավարար է վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի առկայությունը։
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը գնահատվում է հավաստիության կանխավարկածով։
Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված իրավակարգավորումները փոխկապակցված են օրենքի մեկ այլ՝ 29-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, որի համաձայն մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե`
1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և ստացել է աշխատավարձ.
2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և վճարել է սոցիալական վճարներ:
Օրենքի՝ վերը նշված իրավակարգավորումները սահմանվել են՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։
Նախ, հարկ է նկատի ունենալ, որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների հետ գտնվող անձանց անձնավորված հաշվառման որևէ համակարգ, ինչը հնարավորություն է աշխատանքային գրքույկներում ավելի ուշ կատարել չհիմնավորված գրառումներ նախորդ ժամանակահատվածի վերաբերյալ։
Ընդ որում, այդ ռիսկը պահպանվում է նաև այսօր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ լուծարված կազմակերպություններ իրենց արխիվային փաստաթղթերը չեն հանձնել արխիվ, և վերջիններիս կնիքները գտնվում են ֆիզիկական անձանց տնօրինության տակ։
Միաժամանակ, անկախությանը հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ անձը ֆորմալ իմաստով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ (աշխատանքային գրքույկում առկա է համապատասխան գրառում), սակայն հիմնարկը այդ ժամանակահատվածում պարզապես չի գործել (որևէ գործունեություն չի իրականացրել) և հետևաբար՝ սոցիալական վճարներ չի կատարել։
Ըստ այդմ, խնդրո առարկա իրավակարգավորումներն ունեն հստակ նպատակ. բացառել չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա աշխատանքային ստաժի հաշվառման հնարավորությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը աշխատանքային ստաժը հաշվառելու գործընթացում։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի ստաժը հաստատելու համար օրենքով սահմանված փաստաթղթերից որևէ մեկի հիման վրա հաշվառելու և այդ փաստաթղթում առկա տեղեկությունը հավաստիության կանխավարկածով գնահատելու դեպքում կավելանան չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա աշխատանքային ստաժի հաշվարկման դեպքերը, ինչը կավելացնի կոռուպցիոն ռիսկերն ու չարաշահումների հավանակությունը։
Ըստ այդմ, էապես կավելանան նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի չափը կախված է ստաժի տևողությունից)։
Ընդ որում, անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը հաշվարկել հնարավոր չէ՝ ելակետային տվյալների բացակայության պատճառով։
Միաժամանակ, համակարծիք լինելով պետական մարմնի տիրապետության (տնօրինության) տակ գտնվող տեղեկատվությունը քաղաքացուց պահանջելու անթույլատրելիության մոտեցմանը՝ տեղեկացնում եմ, որ այն իր արտացոլումն է գտել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում։
Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում (եթե դրանք դիմումին կից չեն ներկայացվում), լիազոր մարմինը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Իսկ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
Կառավարության համապատասխան որոշումներով կանոնակարգված են նաև արխիվային փաստաթուղթը պետական արխիվից ստանալու, ինչպես նաև սոցիալական վճար կատարած լինելը ճշտելու ընթացակարգերը, պայմաններն ու կարգը։
Ելնելով վերոգրյալից՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը ներկայացվող խմբագրությամբ համարում ենք ոչ նպատակահարմար։