ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

                                                           
          Ի լրումն մեր 2021 թվականի մարտի 11-ի N 01/05.7/7395-2021 գրության, Ձեզ ենք ներկայացնում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-897-12.03.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                   
          1. Նախագծի 1-ին՝ 
          1) հոդվածի 3-րդ մասի «ա» կետը «տոկոսին» բառից հետո լրացնել «կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի քսան և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի  կանոնադրական կապիտալում» բառերով:    
          Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի «ա» կետի փոփոխությունը կատարվել է՝ հիմք ընդունելով Նախագծի վերաբերյալ Գլոբալ ֆորումի փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունը: Այդ նպատակով ուսումնասիրվել են մի շարք երկրների, այդ թվում՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսլանդիայի փորձը: Փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ, որը կկատարվի նաև «իրական շահառու» հասկացությունը սահմանող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում՝ մեկ միասնական հասկացությունը ունենալու նպատակով: Նշենք, որ առաջարկվող ձևակերպմամբ «իրական շահառու» հասկացությունը ամբողջությամբ համապատասխանեցվում է ՖԱԹՖ-ի 10-րդ հանձնարարականի պահանջներին:   
          2) հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.      
          «5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.      
          «16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որում տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի:»: 
          Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասի 25.3-րդ կետով նախատեսված «տրաստ» հասկացության հերթական համարը փոփոխվել է՝ դառնալով 16.1՝ միաժամանակ հասկացության մեջ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:    
          Ըստ այդմ վերանայվել են նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումները:    
          3) հոդվածի 7-րդ մասում «25.1-րդ, 25.2-րդ եւ 25.3-րդ» բառերը փոխարինել «25.1-ին և 25.2-րդ» բառերով, իսկ «25.3) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ ի շահ տրաստի շահառուի:» կետը հանել: 
          2. Նախագծի 5-րդ հոդվածը հանել: Ըստ այդմ վերանայվել են նախագծի հոդվածների համարակալումները:      
          Նախագծից 5-րդ հոդվածի հանումը պայմանավորված է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առկայությամբ, որի հարակից փաթեթով կապահովվի երկու իրավական ակտերի միջև համապատասխանությունը՝ կապված ուժի մեջ մտնելու ժամկետների հետ: Նշվածը համաձայնեցվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ:   
          3. Նախագծի 7-րդ հոդվածում «9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:» բառերը փոխարինել «13-րդ կետում «՝ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի» բառերը փոխարինել «գործառույթները հաշվետվություն տրամադրող անձի» բառերով» բառերով:
          Նախագծի  7-րդ  հոդվածով առաջարկվող փոփոխության հանումը պայմանավորված է նախորդ կետով նախատեսված առաջարկով։         
          Նախագծի 7-րդ հոդվածի լրացումը պայմանավորված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետերի միջև համապատասխանությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը նախատեսում  է, որ լիազոր մարմինը սահմանում է հաշվետվություն տրամադրող անձի՝ ներքին դիտարկումների մարմին գործառությներ իրականացնող ստորաբաժանումների կամ աշխատակիցների բացառությունները, մինչդեռ 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում հղում է կատարվում միայն ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց ներքին դիտարկումների մարմնի գործառույթ իրականացնող անձանց կամ ստորաբաժանումների բացառությունների սահմանման իրավասությանը:  
          4. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասը «ստուգելու նպատակով,» բառերից հետո լրացնել «՝ արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա,» բառերով:       
          Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված փոփոխությունը պայմանավորված է ՖԱԹՖ 10-րդ հանձնարարականին համապատասխանության ապահովման նպատակով: Այսպես, իրական շահառուի նույնականացումը ու ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ ինքնության ստուգումը պետք է իրականացվի հիմնվելով արժանահավատ աղբյուրներից ձեռքբերված տեղեկությունների վրա: Այդպիսի պահանջի չնախատեսումը քննադատվել է մի շարք երկրների, այդ թվում՝ Սլովակիայի, Մոլդովայի, Չեխիայի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի գնահատման հաշվետվություններում: Նման պահանջի չսահմանումը կհանգեցնի նաև այդ հանձնարարականի 5-րդ չափորոշիչի «համապատասխանում է» գնահատականի իջեցմանը:      
                  
                  
          Հարգանքով`      ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ