ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծերի (Պ-831-29.12.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները և, առաջարկությունների ընդունման դեպքում, նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը։
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթով առաջարկվող մոտեցումը, ինչպես նաև առանձին կարգավորումներ հստակեցման կարիք ունեն։
Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը կարգավորել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
Հարկ է նկատի ունենալ, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից (Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մաս): Եվ այն դեպքերում, երբ այս կամ այն հարցի կարգավորումը վերապահվում է Դատական օրենսգրքին, Սահմանադրությունը հստակ նշում է համապատասխան հարցի կարգավորումը Դատական օրենսգրքով նախատեսելու մասին (ի թիվս այլնի Սահմանադրության 164-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասեր, 11-րդ մաս, 165-րդ հոդվածի 5-րդ մաս):
Ուստի, առաջարկում ենք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել դատավորների կենսաթոշակի իրավունքին ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ կոնկրետ կարգավորումները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով:
Բացի այդ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորման պարագայում նշված օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակից հանվում է դատավորի պաշտոն զբաղեցրած անձը, մինչդեռ կարծում ենք, որ դատավորի կենսաթոշակի վճարմանը վերաբերող կարգավորումները պետական պաշտոն զբաղեցրած այլ անձանց օրինակով պետք է նախատեսվի հենց նշված օրենքով:
Խտրական մոտեցումը բացառելու համար նպատակահարմար է խնդրո առարկա նախագծերի փաթեթով անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի դատավորների և առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց կենսաթոշակի իրավունքին՝ նրանց համար սահմանելով դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքները։
Միաժամանակ առաջարկում ենք նույնականացնել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետն ավարտված և պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները։ Այդ փոփոխություններով կդադարի 6 դատավորի լիազորություն (երեքինն արդեն դադարել է): Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նրանցից 5-ի կենսաթոշակի իրավունքը կիրացվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով և միայն մեկինը՝ այլ հիմքով («Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով)։
Նպատակահարմար է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կարգավորել նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված անձանց կենսաթոշակի իրավունքը (ներկայումս կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով)։
Հարկ է նշել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով (հիմնական մասով և անցումային դրույթներով) կարգավորված են պետական առանձին պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, բացառությամբ քննչական ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց, որոնց մի մասի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով (հիմնական մասով), իսկ մյուս մասինը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով (անցումային դրույթներով):
Ելնելով վերոգրյալից՝ ներկայացնում ենք առաջին ընթերցամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծերի, մեր կողմից ներկայացված մոտեցումների և առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակները՝ փաթեթում ներառելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Ընդ որում, կենսաթոշակները վերահաշվարկելու ժամկետները հստակեցնելու նպատակով նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկում ենք սահմանել 2021 թվականի մայիսի 1-ը։
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ