ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-827 29.12.2020,09.04.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 09.04.21թ N 02/05.4/11580-2021 գրությամբ ներկայացրել էր իր դիրքորոշումը.
Այդուհանդերձ հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել հերևյալը՝
Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր պարբերություն, այն է՝ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:
Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ ներկայումս ՀՀ պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնման գործառույթ իրականացնող լիազոր մարմինը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների լույսի ներքո՝ նախագծով առաջարկվող կարգավորումների առումով որևէ իրավասությամբ օժտված չէ: Առկա չեն նաև նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառման ապահովմանն ուղղված համապատասխան կառուցակարգերը
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 09.04.21թ N 02/05.4/11580-2021 գրությամբ ներկայացված առաջարկության համատեքստում լրամշակել:
Հարգանքով՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ