ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Ավետիսյան
                   

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-870-19.02.2021,12.04.2021-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  1-ին հոդվածի 5-րդ մասում «ոչ հարազատ» բառերից հետո դրված ստորակետը փոխարինել բութով, իսկ «համամայր» բառից հետո ավելացնել ստորակետ:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «1.1-ին կետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1.1-ին մաս» բառերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

3. Հաշվի առնելով, որ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված «գերեզման շահագործող» նոր հասկացությունը և նշված հոդվածի 6-րդ ու Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված բովանդակությունները ունեն վերանայման կարիք՝ կապված այն հանգամանքով, որ գերեզման շահագործողը ոչ միշտ է հանդիսանում մահացածի ընտանիքի անդամ, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «գերեզման շահագործող՝ այն անձը, ով հանդիսանում է մահացածի ընտանիքի անդամ, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստնանձնած անձ, ում անվամբ գրանցված է գերեզմանատեղը և դրա հիման վրա տրվել է գերեզմանի վկայական»:

4.  Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առաջարկում ենք հանել «կամ ծննդավայրի» բառերը, քանի որ քաղաքացու անձնագրում նշվում է որպես ծննդավայր Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե հստակ բնակավայր: Ուստի տվյալ դրույթի գործնականում ապահովումը դառնում է անորոշ:

Ինչպես նաև «հաշվառման բնակավայր» ձևակերպումը փոխարինել «հաշվառման վայր» ձևակերպմամբ՝ համաձայն տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ    ասը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը (Նոտարի վավերացրած) հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:»:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Մահացածի կամքի գրավոր արտահայտության՝ հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ անհնարինության կամ մահացածի կենդանության օրոք բնակության վայրի կամ նրա հաշվառման վայրի, կամ ընտանիքի անդամի բնակության վայրի բացակայության դեպքում մահացածի մարմինը սահմանված կարգով հուղարկավորվում է նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի համար նախատեսված վայրում:»: 

  


                    Հարգանքով՝             ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ