ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-942-20.04.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ կառավարությունն առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար:

Նախագծի 1-ին հոդվածում «7-րդ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել  «7-րդ և 32-րդ կետերով» բառերով:  

Գործնականում առաջարկում ենք շրջանառության մեջ գտնվող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-933-13.04.2021-ՏՀ) միավորել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-942-20.04.2021-ԱՍ-011/0) հետ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկու նախագծերով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նույն հոդվածում:    

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով): Ներկայումս մասնավորեցման ցանկում ընդգրկված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակառուցվածքները, մասնավորապես շենքային պայմանները, բժշկական և ախտորոշիչ սարքավորումները կարիք ունեն արդիականացման: Միևնույն ժամանակ Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ: Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր:   

Ընկերության եկամուտների զգալի մասը կազմում է պետական պատվերով մատուցվող ծառայությունները, ինչը զգալի կախվածություն է առաջացնում բյուջեի փոփոխություններից և ֆինանսական անկայուն իրավիճակ է ստեղծում վերջինիս նվազման դեպքում: Վերջին տարիների ընթացքում կազմակերպության վճարովի ծառայությունների ծավալն ավելացել է շուկայի աճի համեմատ միջին ցուցանիշով: Այլ նմանատիպ կազմակերպությունների համեմատ բժիշկների միջին աշխատավարձի ցուցանիշը բավականին բարձր է, իսկ Ընկերության պահպանման ծախսերը ոչ միշտ են օպտիմալ: Ընկերության շահութաբերության ցուցանիշը նույնպես ցածր է:  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար ենք համարում օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել նաև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ:

Հարգանքով՝   ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ