ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-046-22.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ՝
հաշվի առնելով, որ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին թույլատրել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետում «վայրից» բառից հետո լրացնել «, բացառությամբ Օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսված դեպքերի» բառերը։
2. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ՝
օրենքի 2-րդ հոդվածի «հրապարակման» բառից առաջ լրացնել «պաշտոնական» բառը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ